Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ես թաքցնելու բան չունեմ, ինչ ունեմ՝ հայտարարագրել եմ»

«Գաղտնիք չէ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն, կարուսելի, սենդվիչնոցի և ռեալիթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ լուրերը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին, ով 1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, չարաշահել է դրանք՝ դառնալով ՀՀ ամենախոշոր սեփականատերերից մեկը: Նա թվարկեց Հ.Աբրահամյանին պատկանող անշարժ գույքի ցանկը ու նշեց, որ դրանք ձեռք  են բերվել ապօրինի ճանապարհով: Ն.Փաշինյանը հորդորեց ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունն ու ներկայացնել հանրությանը և հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ժամանակ է հարկավոր դրա համար:

«Մի կախված մարդ ուզում է մեր այսօրվա լավ տրամադրությունը փչացնի, բայց ես ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ-որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Օդից կախված մնա՞, թե՞ արձագանքեք»,- հեգնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Էդ հլը հարց ա՝ ով օդից կախված կմնա, ժամանակը ցույց կտա»,- հակադարձեց Ն. Փաշինյանն ու դիմելով վարչապետին հայտարարեց, որ նա նույիսկ իր հայտարարագրիրն է հերքում, որովհետև 2007-ին հայտարարագրել էր գյուղմթերքի իրացումից ստացված 1 մլն 200 հազար դոլար շահույթ, բայց 2014 թ. մայիսին Ռ-էվոլյուցիա հաղորդաշարի ընթացքում հերքել է, որ այդպիսի հայտարարագիր է ներկայացրել:

Հ.Աբրահամյանը հայտարարեց, որ թաքցնելու բան չունի, իսկ եթե Փաշինյանը մտածում է, թե չստուգված լուրեր հրապարակելով իր հեղինակությունը կբարձրացնի, սխալվում է: Ըստ վարչապետի՝ ճիշտ կլինի ընդհանրապես, որ բոլորը զբաղվեն մի գործով, որ մեր երկիրը կտանի առաջ: Թե որքանո՞վ է ճիշտ, կոռեկտ ու բարոյական չստուգված լուրեր հրապարակելը, վարչապետի խոսքով, թող հանրությունը որոշի:

«Ինչ ունեմ` հայտարարագրել եմ, և ընդհանրապես, որևէ մեկ կոռուպցիոն, սկանդալի, որևէ պետական դիրքերը չարաշահելու միջոցով որևէ հարստություն չեմ դիզել՝ ի գիտություն հատուկ Ձեզ համար»,- հավելեց Հ.Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս