Վերջին օրերին իրադրությունը ՀՀ և Արցախի սահմանին հասել է գագաթնակետին. Սեյրան Օհանյան
«Իրականության մեջ իրադրությունը ՀՀ և Արցախի սահմանին մնում է լարված, դեռ ավելին՝ վերջին օրերին՝ մեր սահմանադրական հանրաքվեի նախօրյակին, ընթացքում և հիմա, հասել է գագաթնակետին ոչ միայն հրաձգային զենքերից, այլև խոշոր տրամաչափի, 60, 82 և 120 մմ-անոց ականանետերից են կրակում:
Ընդ որում՝ օրվա ընթացքում դա բավականին մեծ քանակության է հասել, և Արցախի ՊԲ հարավ-արևելյան հատվածում երեկ նույնիսկ տանկից են կրակել մեր դրիրքերի ուղղությամբ»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օահանյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, որ շփման գծում լարումն ավելանում է և Ադրբեջանը նույնիսկ տանկից է կրակել:
Ըստ Ս.Օհանյանի՝ սա Ադրբեջանի մարտավարության տրամաբանական շարունակությունն է, որը տանում է ապակայունացման՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացում միայն ու միայն խաղաղ պայմանների և առաջին գծում վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը կարող է տանել երկխոսության և հարցին վերջնական լուծում տալ. «Նրանց ղեկավարությունն այս ամենը չի հասկանում 2 պարզ տրամաբանությամբ՝ առաջին հերթին տանում է դեպի լարում բանակցային գործընթացի կամ տարբեր քաղաքական իրադարձությունների շրջանակներում՝ փորձելով ՀՀ և Արցախի հետ խոսել ուժի տեսնակյունից»:
Նախարարի կարծիքով՝ լարման ավելացմանը նպաստում է այն աշխատանքը, որ այսօր տարվում է բանակցային գործընթացում հանդիպումներ կազմակերպելու համար, ինչպես եղել է նաև անցած տարիների ընթացքում: Ս.Օհանյանը նաև չբացառեց, որ տարածաշրջանային, Մերձավոր Արևելքի իրավիճակից ելնելով Հայաստանի շուրջ կարող են տարբեր հաշվարկներ ունենալ: Նա վստահեցրեց, որ ՀՀ ԶՈՒ-ն և ԼՂՀ ՊԲ-ն վերահսկում են իրավիճակը, համադրված աշխատանքի արդյունքում լուրջ պաշտպանողական և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում և հայ զինվորների անցձնուրաց ծառայության շնորհիվ է, որ կարողանում են այս իրավիճակը պահպանել. «Փառք ու պատիվ մեր այն զինվորիներին, հրամանատարներին, որոնց հերոսության շնորհիվ կարողանում ենք այսօր այս վիճակը պահպանել»:
Նախարարը նշեց, որ խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Սակայն Ս.Օհանյանն անպատասխան թողեց Թևան Պողոսյանի հարցը, թե ինչո՞ւ չենք պահաջում ՀԱՊԿ գործըկերներից, որ առնվազն հայտարարության մակարդակով հանդես գան:
Ս.Օհանյանը նշեց, որ երկխոսության համար հրադադար է պետք, իսկ թե ով է այն խախտողը, պետք է հետազոտություն կատարել, և եկել է պահը, որ միջազգային կառույցները լուրջ մտածեն միջազգային հետաքննության անցկացման մասին: Նա կրկին վստահեցրեց, որ հայկական բանակն իր տեղում է և իր առջև դրված խնդիրները պատշաճ ձևով իրականացնելու է, նաև նոր զսպման միջոցներ կձեռնարկեն, որպեսզի հակառակորդին ստիպեն զերծ մնալ այսպիսի ոտնձգություններից: