«Հուսով եմ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը երկու կողմն էլ քաղել են»

«Երեկ Հայաստանը և ԵՄ-ն վերսկսեցին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական բանակցային գործընթացը: Հուսով եմ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը երկու կողմն էլ քաղել են և այս անգամ իսկապես կցուցաբերեն այն վերջնական բանակցելու և ստորագրելու կամքը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ կորսված վստահությունը, ինչպիսի քայլեր էլ արվեն, չի վերականգնվում վերջնականորեն: Ամեն դեպքում, Թ.Պողոսյանի կարծիքով, երկկողմ շահեր կան. «Հայաստանը պետք է ամեն ինչ անի, բանակցային գործընթացին զուգահեռ քայլեր պետք է ձեռնարկի վստահության ամրապնդման համար: Ըստ իս, լավագույն մարտավարությունը կլինի բանակցային գործընթացի փուլային ամրապնդումները և թափանցիկ ներկայացումը հանրությանը»:

Թ.Պողոսյանը նշեց, որ քաղաքական բաղադրիչը բանակցված է, և ցանկության դեպքում կարելի է հենց մի փուլ բանակցություններում ավարտել և միանգամից հարց բարձրացնել նախաստորագրելու մասին: Նա նշեց, որ ոլորտային ծրագրերի վերջնականացման համար նույնպես շատ բանակցային հանդիպումներ պետք չեն, և դա կարելի է նույնպես նախաստորագրել՝ դրանց տեքստերի համաձայնեցմանը համընթաց:

Տեսանյութեր

Լրահոս