Բնական է, որ կան խախտումներ, բայց այդ ահազանգերը գոնե այս պահին չեն կարող ստվերել հանրաքվեի ընթացքը. Արծվիկ Մինասյան. panorama.am
panorama.am-ը գրում է. «Արձանագրենք, որ հանրաքվեն կայացավ թե ցուցանիշների տեսակետից, թե հանրաքվեին մասնակցության առումով»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ ակնկալել, որ ամեն ինչ իդեալական կամ գերհարթ կլիներ, առնվազն միամիտ պետք է լինել:
«Բնական է, որ կան խախտումներ, եղել են նաև տարբեր ահազանգեր, բայց չեմ կարծում, որ այդ ահազանգերը գոնե այս պահին կարող են ստվերել ընդհանուր հանրաքվեի ընթացքը և կոպիտ ձևով անդրադառնան հանրաքվեի օրինականության վրա»,-նշել է Ա.Մինասյանը:
Պատգամավորը խորհուրդ է տվել, որպեսզի թե Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով, թե «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բոլոր խախտումները, որոնք արձանագրել են մասնակիցները, վստահված անձինք, հանձնաժողովների անդամները, դիտորդները, օրենքով նախատեսված կարգով ընթացք տան:
«Ամեն դեպքում, չեմ ստացել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է կասկածի տակ դնել որևէ տեղամասում հանրաքվեի արդյունքները, ավելին՝ այս պահի դրությամբ ունեմ փոքր բնակավայրերի որոշակի արդյունքներ»,- ասել է Ա. Մինասյանը և ներկայացնելով իր ունեցած տվյալներն՝ ասաց, որ օրինակ՝ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում հանրաքվեին մասնակցությունը եղել է մոտ 65 տոկոս: Ըստ նրա՝ 690 ընտրողից մասնակցել են 438-ը , որից 419-ը «Այո» են քվեարկել, 16-ը՝ «Ոչ», անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Նշվել է նաև, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքում մասնակցությունը եղել է 86 տոկոս:
Ա.Մինասյանը նաև նշել է, որ չի եղել որևէ համապետական ընտրություն, որի մասնակցության ցուցանիշը ցածր լինի: