«Առաջիկայում քաղաքական լուրջ օրակարգ է սպասվում». Ռուբեն Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, Սահմանադրության նոր քննարկվող տարբերակով՝ ԱԺ անցնելու համար, եթե մեծամասնություն չկա, առաջին 2 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերն անցնում են երկրորդ փուլ և կարող են դաշինքներ ստեղծել այլ ուժերի հետ: Ստացվում է, որ երկկուսակցական համակարգի հիմք է դրվում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Քանի դեռ նախագիծը հրապարակված չէ, չեմ ցանկանում գնահատականներ տալ, նախագծի հրապարակումից հետո կարելի է անդրադառնալ դրան: Երկկուսակցական համակարգն էվոլյուցիոն պրոցեսի արդյունքում է ձևավորվում, երբ ժողովրդավարական պետությունները կարողանում են զարգացման այնպիսի մակարդակ ապահովել, որ ինքնանպատակ կուսակցություններ չլինեն: Ի՞նչ ասել է` կուսակցություն: Դա նշանակում է` գաղափարախոսություն, հստակ քաղաքական, պետական, ազգային, սոցիալական և այլ ծրագրային դրույթներում ամրագրված շեշտադրումներ, որոնցով նա պետք է առանձնանա մյուսներից: Այսօր, եթե ընդհանուր նայենք, կուսակցությունների մեծ մասը կրկնում է մեկը մյուսին: Բայց դա ինչ-որ առումով օրինաչափ գործընթաց է: Համոզված եմ, որ էվոլյուցիոն զարգացման ընթացքում մենք էլ հանգելու ենք դրան: Սակայն գործող պետաիրավական և քաղաքական համակարգում առայժմ դրա համար անհրաժեշտ նախապայմաններ չկան:

– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Հանրապետականը փորձում է իր քաղաքական մենիշխանության համար հիմքեր ապահովել:

– Ընդհանրապես, յուրաքանչյուր իշխանություն փորձում է վերարտադրվել, այնպես, ինչպես յուրաքանչյուր ընդդիմություն ուզում է գալ իշխանության, և դա բնական է: Այլ հարց է, թե ով ինչպես է հասնում իր նպատակներին: Ցավոք, մեր նորագույն պատմության այս 25 տարիների ընթացքում բոլոր իշխանություններն էլ փորձել են ամեն գնով պահել իշխանությունը և հիմնականում՝ ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով, ինչն ակնհայտորեն խոչընդոտել և խոչընդոտում է մեր պետության բնականոն զարգացմանը:

– «Ժառանգությունը» հնարավորություն տեսնո՞ւմ է հետագայում մասնակցելու սահմանադրական բարեփոխումների բուն քննարկումներին:

– Այս պահին ես չեմ կարող ընդհանուր դիրքորոշում ասել: Իմ տեսակետն այն է, որ, ի վերջո, ցանկացած «այո» կամ «ոչ», կամ՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, պետք է համոզիչ լինի ոչ միայն` տվյալ կուսակցության, այլ նաև` համակիրների ու հասարակության համար: Կարծում եմ, քննարկումների ընթացքում որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ իր առաջարկություններով, փաստարկներով ու հակափաստարկներով պետք է հասարակությանը համոզիչ լինի, թե ինչ հիմնավորումներով է «կողմ» կամ «դեմ» սահմանադրական բարեփոխումներին: Ի վերջո, ցանկացած պահի քննարկումների ընթացքում կարելի է «ոչ» ասել այդ բարեփոխումներին, եթե պարզվի, որ այն ընդամենը քաղաքական իմիտացիա է և բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Նախորդ տարի մենք կազմակերպեցինք բավականին լայն ձևաչափով խորհրդաժողով, որին, խորհրդարանական բոլոր ուժերի հետ միասին, մասնակցում էին նաև Սահմանադրական բարեփոխումների համապատասխան հանձնաժողովի անդամներ:

Ինձ համար կարևոր է, թե մեր ներկայացրած առաջարկությունները, մասնավորապես՝ 100 տոկոս համամասնական համակարգին անցնելը և խորհրդարանական ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տալը, կամրագրվե՞ն բարեփոխումների նախագծում, թե՞ ոչ: Պետական կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում մեր այս առաջարկությունները կարող են և պետք է ամրագրվեն` որպես սահմանադրական նորմեր:

– Վերջին իրադարձությունների հետ կապված` ակտիվիստներից մեկն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել վայր դնել մանդատը: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

– Ես ինչքան հիշում եմ, նախկինում էլ, գրեթե բոլոր գումարումների ժամանակ միշտ այդ առաջարկությունն արվել է ընդդիմադիր խմբակցություններին: Չեմ կարծում, որ դա ռեալ է, հատկապես, որ չի առաջարկվում այլընտրանք: Այսինքն՝ դուրս գալ, իսկ հետո՞, հետոն ի՞նչ էգ Եթե ամբողջական փաթեթ ներկայացվի, թերևս, կարելի է քննարկել, բայց չեմ կարծում, որ գործնականում դա հնարավոր կլինի:

– Ընդհանուր շարժման ընթացքը, Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ շարժումը ես կբաժանեի 2 մասի՝ մինչև հունիսի 28-ը և դրանից հետո: Մինչև 28-ը շարժումը համախմբեց գրեթե ամբողջ հասարակությանը, որովհետև բոլորին էր հուզում նախաձեռնության օրակարգը: Դա իսկապես համահայաստանյան դժգոհության ալիք էր: Կփորձեմ առանձնացնել մի քանի դրական շեշտադրումներ` որպես այդ նախաձեռնության գործունեության արդյունք: Առաջին. այն ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր իրավունքների համար պայքարել: Ասել է թե՝ Հայաստանով մեկ քաղաքացին դուրս եկավ հրապարակ, փողոց՝ իր կեցվածքով ապացուցելով, որ ինքը պատրաստ է և կարող է պայքարել իր իրավունքների համար, ինչին իշխանությունը տեղի տվեց, չնայած շարժման ղեկավարներն այն համեստորեն գնահատեցին` որպես իշխանությունների կողմից կես քայլ նահանջ:

Եթե մինչ այդ քաղաքացիական հասարակության պայքարի լոկալ դրսևորումներ կային, այս անգամ քաղաքացիական հասարակությունը հավաքական լուրջ կերպարով ներկայացավ: Դա, կարծում եմ, դրական կարևորագույն արդյունքներից մեկն էր: Երկրորդ. իշխանությունը հասկացավ, որ բացի քաղաքական ուժերից, կա կազմակերպված քաղաքացիական հասարակություն, որ առանց քաղաքական ուժերի, առանց որևէ մեկի ուղղորդության, կարող է ինքը գործոն դառնալ: Ճիշտ է, այս դեպքում քաղաքացիական նախաձեռնությունը սոցիալական հարցի շուրջ էր, բայց նա միշտ կարող է փոխել իր օրակարգը՝ դարձնելով այն քաղաքական:

Երրորդը. ներքաղաքական և ներազգային հարթությունից դուրս, աշխարհը տեղեկացավ, որ Հայաստանում արդեն կա ձևավորված քաղաքացիական հասարակություն, որի հետ պետք է հաշվի նստել ինչպես` ներսում, այնպես էլ` դրսում:

Սա դրականորեն կընկալվի միջազգային հասարակության կողմից: Եվ չորրորդ. որն առանձնապես ոգևորեց ինձ. նախաձեռնության ներկայացուցիչները ճիշտ ժամանակին կարողացան հրաշալի պատասխանել թե՛ արևմտյան և թե՛, մասնավորապես, ռուսական լրատվամիջոցներին, որ` մի՛ փորձեք այս շարժումը շահարկել, արևելումներ ու քաղաքական կողմնորոշումներ փնտրել նրանում, որ՝ մենք ենք մեր երկրի տերը, և մի փորձեք օգտագործել այն ձեր շահերի տիրույթում: Այն, ինչ պետք է աներ պաշտոնական քարոզչությունը, ինչը չարվեց, արեցին նախաձեռնության ղեկավարները: Ինձ շատ է ոգևորում այս փաստը: Պետք է առանձնացնել նաև ելույթ ունեցողների կոռեկտ հռետորիկան, առանց ավելորդ ռադիկալիզմի ու հայհոյանքների, որը, կարծում եմ, դրական էր ընկալվում հասարակության մեծամասնության կողմից:

– Պե՞տք է քաղաքականացնել շարժումը, թե՞ ոչ:

– Քաղաքագիտությունում կա հստակ տարբերակում` քաղաքացիական նախաձեռնության և քաղաքականի միջև: Քաղաքացիական նախաձեռնության օրակարգում կարող են լինել հարցեր, որոնք ոչ միշտ կարող են լինել պետության տվյալ պահի ամենաառաջնային հարցերը, բայց այդ հարցերը կարող են համախմբել հասարակության կրիտիկական հատվածին, ինչպես այս դեպքում:

Եվ նախաձեռնության ղեկավարները, գնահատելով իրենց ռեսուրսները ու նպատակները, իրենք են որոշում, անշուշտ, մասնակիցների տրամադրություններն ու իրենց նպատակները համադրելով, թե որտեղ կանգ առնել, կամ ինչպես շարունակել: Ի վերջո, լրջագույն հարց է պատասխանատվության պահը, որն ընկած է նախաձեռնողների վրա: Իհարկե, ցանկացած քաղաքացիական շարժման հիմքում կան քաղաքական դրդապատճառներ, ինչը կարող է այն ինչ-որ պահի վերածել քաղաքական շարժման:

Բայց այս շարժումը, նկատի ունենալով այն զարգացումները, որոնք տեղի ունեցան մինչև հունիսի 28-ը, դասական քաղաքացիական շարժում էր: Իմ կարծիքով՝ այն հանգրվանային լուծում ունեցավ, ինչը, ինչպես հայտարարում են շարժման ղեկավարները, կունենա իր շարունակությունը: Այնպես որ, կարծում եմ, առաջիկայում մեզանում քաղաքական հագեցված օրակարգ է սպասում:

Տեսանյութեր

Լրահոս