Բաքվի կողմից ուժի կիրառումը զիջումներ կորզելու նպատակ ունի․ Հարությունով
Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը կարծում է, որ Ադրբեջանի կողմից սահմանին ռազմական գործողությունների դիմելու հիմնական պատճառ կարող է լինել բանակցային գործընթացով պայմանավորված քաղաքական իրավիճակն ու Արցախում առկա դրությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունովը նշեց, որ Ադրբեջանի գործողություններում սկզբունքորեն նոր բան չկա։ Նախկինում էլ, երբ բանակցությունները մտել են փակուղի կամ Բաքվի նախանշված սցենարով առաջ չեն գնացել, ադրբեջանցիները դիմել են սադրանքների, տարբեր ինտենսիվության ռազմական գործողությունների՝ առաջացնելով լարվածություն սահմանի երկայնքով կամ առանձին տեղամասերում։
«Հիմա էլ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի համար կան խնդիրներ՝ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվի միջազգային փաստահավաք խումբ և այնտեղ պետք է գործեն անվտանգության միջազգային մեխանիզմներ։ Մյուս կողմից առաջին պլան են մղվել կոմունիկացիոն խնդիրները և հիմա սրությամբ դրված է այն հարցը, թե որ ճանապարհն է բացվելու՝ Լաչինի՞, թե՞ Աղդամի։ Բաքվում հստակ տեսնում են, որ այն ճնշումը, որ կիրառում են Արցախի նկատմամբ, չի ապահովում արագ և սպասելի արդյունքներ։ Այս ամբողջ համատեքստում տրամաբանական է դառնում հերթական անգամ ռազմական գործողությունների դիմելու՝ ադրբեջանական կողմի մղումը»,- ասաց վերլուծաբանը։
Նա նշեց նաև, որ տեղեկատվական դաշտում արդեն մի քանի ամիս շարունակ Ադրբեջանն իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ, ինչն էլ հերթական սադրանքը դարձնում էր միանգամայն կանխատեսելի։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նյարդերը կարող են տեղի տալ նաև վերջին շրջանում միջազգային տարբեր հարթակներում տեղի ունեցած քննարկումների ֆոնին, երբ նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, եվրոպական և ամերիկյան հարթակներում կրկին դիտարկման թեմա դարձավ իրավիճակը Լաչինի միջանցքում և շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։
Հարությունովի կարծիքով՝ թեև միջազգային ճնշումներից ադրբեջանական կողմի դիրքերը չեն ամրապնդվում, բայցևայնպես, Բաքուն սովորականի պես անտեսում է միջազգային հանրության կոչերն ու պահանջները։ Հայաստանն իր հերթին չափից շատ դերակատարություն է վերապահում Արևմուտքին, որը դեռ հայտարարություններից այն կողմ չի գնացել, մինչդեռ Ադրբեջանն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար կարող է ուշադրություն չդարձնել այդ հայտարարություններին՝ տեսնելով, որ դրանց դեռ պատժամիջոցներ չեն հաջորդում։
Վերադառնալով Սոթքում և Նորաբակում տեղի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսի՝ հրահրելով ավելի մեծ էսկալացիա, առավել ևս, որ հրաձգային զենքերի հետ մեկտեղ օգտագործել է ԱԹՍ ու ականանետեր, Հարությունովը ընդգծեց, որ այս պահին դեռ վաղ է ստույգ խոսել հետագա զարգացումների մասին։
«Նախկինում սահմանին նման լարվածության դեպքեր շատ են եղել, դրանց տեմպը հետզհետե թուլացել է, գործողությունների ինտենսիվությունն ընթացքում նվազել, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանն իրականացրել է գործողություններ, ինչպես, օրինակ, անցյալ տարվա սեպտեմբերին, երբ հրահրեց լայնամասշտաբ բախում։ Ցավոք, երկու տարբերակներն էլ հնարավոր են, և հայկական կողմը պետք է հետևի զարգացումներին ու պատրաստ լինի ցանկացած սցենարի, առավել ևս, որ տեսանելի ապագայում ադրբեջանական նմանօրինակ սադրանքներն ու գործողությունները կրկնվելու են, որովհետև Բաքվի համար ուժի կիրառումը զիջումներ կորզելու նպատակ ունի»,- եզրափակեց ռազմաքաղաքական վերլուծաբանը։
Մանվել Մարգարյան