Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 104-ամյակը
Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց, գրքասերների ամենասիրելի վայր. Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) նշում է հիմնադրման 104-ամյակը:
Գրադարանի հիմնադրման 104-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց «Որոգայթ փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին և Շահամիրյաններին նվիրված ցուցահանդեսով:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, շնորհավորելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին՝ տարիների անձնվեր նվիրումով աշխատանքի համար:
«Արդեն երրորդ տարին է՝ ես հուլիսի 4-ին հնարավորություն ունեմ այս բեմից շնորհավորելու Ազգային գրադարանի աշխատակիցներին՝ գրադարանի ծննդյան օրվա առթիվ: ՀԱԳ-ի պատմության սկիզբն ընդունված է համարել 1832 թվականը, երբ հիմնադրվեց Երևանի արական գիմնազիան, որի հավաքածուի (18․000 միավոր) հիման վրա ձևավորվեց Հայաստանի Ազգային գրադարանը։ 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով պետական-մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավասության տակ։ Որոշում ընդունվեց հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր»,- ասաց նա:
Թանգարանի տնօրենն ընդգծեց, որ 10 տարի առաջ Ազգային գրադարանը մեկնարկել է թվայնացման գործընթացը՝ ազգային ժառանգությունը պահպանելու նպատակով:
«Այսօր մոտ 13 միլիոն թվայնացված էջերն ամբողջ աշխարհում ծառայում են մեր հայրենակիցներին: Գրադարանի գործունեությունն էլ ավելի ակտիվ դարձնելու և ընթերցողների համար ավելի հասանելի դարձնելու համար իրականացվող այս բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,-նշեց թանգարանի տնօրենը:
ՀԱԳ-ում 2022 թվականի հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ գրքեր պատվիրած՝ «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվեց Կարեն Բադալյանը: Ամենից շատ շրջանառված գրքի հրատարակիչ՝ «Տացքի արքա» ճանաչվեց «Անտարես» հրատարակչությունը՝ Ֆրիդրիխ Նիցշեի երկերի 6 հատորյակի տպագրության համար:
Պարգևատրվեցին նաև գրադարանի 20-45 տարվա աշխատանքային վաստակ ունեցող աշխատակիցները։ Իսկ «Սնխչյան» ճարտարապետական արվեստանոցը հյուրերին ներկայացրեց գրադարանի բակի վերակազմության համակարգչային եռաչափ նախագիծը։