Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դահլիճում կայացել է «Հովեր»-ի համերգը
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգով, որը տեղի է ունեցել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, եզրափակվել է Սբ. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող փարիզյան միջոցառումների շարքը:
Ծրագրում ընդգրկված են եղել հայկական և բյուզանդական շարականներ, կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ մշակումներ, ինչպես նաև ժամանակակից հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր (մենակատարներ՝ Արամո Մամիկոնյան, Շահանե Աղաքարյան, Արամ Ավետիսյան)։
Համերգը ղեկավարել են Սոնա Հովհաննիսյանն ու Նարինե Ոսկանյանը։
«Ներսես Շնորհալու մահվանից 850 տարի հետո էլ, գիտակցաբար կամ ենթագիտակցորեն, հայոց «Առավոտ լուսոները» կրկին բացվում են Շնորհալու շարականով, «հողմոց հնչմամբ ոչ տատանիմ, այլ՝ կամ»-ով ենք դիմակայում, և «զի չեմ ես միշտ ի նոյն, այլ շրջական եմ»-ով՝ մշտապես նորոգվում, «Անդունդք ի խոր բարձունք ի վեր»-ով՝ խորհրդածում։
Այս անգամ ևս, ի դեմս «Հովեր» պետական կամերային երգչախմբի, հայկական խմբերգային երաժշտությունը արժանավայել ներկայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր հարթակում, իր անցյալով և ներկայով։ Ծրագիրը կազմված էր ժամանակագրական ընթացքով և բացառապես հոգևոր խմբերգային տրամաբանությամբ»,-նշում է Սոնա Հովհաննիսյանը։
Համերգին ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, մշակութային գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, հրավիրյալ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքի փոխանցմամբ հանդես է եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Սբ. հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն իրականացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված նշանակալի տարելիցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում ընդգրկելու արդյունքում (2022-2023թթ. երկամյակի համար)։