Բավրայում բացվեց սահմանային նոր անցակետ
Հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ին բացվեց Բավրայի նորակառույց սահմանային անցման կետը: Այն երկրորդ ժամանակակից կառույցն է Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:
Սահմանային անցակետի բացումը կարևոր նշանակություն ունի Վրաստանի, նաև այլ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության, ուղևորափոխադրության ծավալների աճի տեսանկյունից: Կստեղծվեն նոր հնարավորություններ Վրաստան, Իրան, այնտեղից եվրոպական ու ԵՏՄ երկրներ փոխադրումների համար:
Անցակետի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ներկա էին նաև Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ, մաքսային դեպարտամենտի ղեկավար Վախթանգ Լաշկարաձեն, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Իրակլի Շարթավան:
Բացման արարողությանը մասնակցել են նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է ԵՄ և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի բյուջեն կազմում է 54.43 մլն եվրո:
Բավրայի անցակետրի շինաշխատանքները մեկնարկել են 2013 թվականին: Ունենալով ուղղաթիռային հարթակ, անցակետը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով:
11 հեկտար տարածքում կառուցվել են զննման «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոնը: Սահմանահատումն արագ կազմակերպելու համար գործում է մուտքի և ելքի համար նախատեսված 7-ական ուղի, յուրաքանչյուր ուղղությամբ երկու բեռնատար, 4 մարդատար ավտոմեքենաների և մեկ առանձնացված ուղի՝ ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: Տեղադրված են հակաճառագայթային սարքավորումներ: Կառույցը հագեցած է բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքներով, ջերմաստիճանային տարբեր ռեժիմներով աշխատող սառնարանային պահեստներով, անվտանգության, տեսահսկման, հակահրդեհային ահազանգման, ջեռուցման ու օդափոխության համակարգերով: Հսկողությունը սահմանին նվազագույնի հասցնելու համար առաջիկայում կներդրվի «Կապույտ ուղի» ընթացակարգը:
Ընդլայնվել է նաև մաքսային արժեքի որոշման ժամանակ գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68 տոկոսի:
Նոր կառուցված մաքսակետի գազաֆիկացմանը զուգընթաց գազաֆիկացվել է նաև Շիրակի մարզի 6 համայնք:
Լուսանկարները՝ president.am-ի
Անահիտ Սիմոնյան