Թվերով խաղալու գայթակղությունը

«Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես շուրջը պտտվել, պտտվել…»։ Անգիր արած այս տեքստն ասում էր «Երջանկության մեխանիկա» ֆիլմի կնամոլ հերոսը, երբ փորձում էր տպավորություն գործել հերթական կնոջ վրա։

Սակայն այս բանաձևը միայն կին-տղամարդ հարաբերությունների մեջ չէ, որ դրսևորվում է։ Օրինակ, քաղաքական, սոցիալական կամ տնտեսական բնույթի իրադարձությունների մասին ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները սիրում են վիճակագրությունից ծաղկաքաղ անել ամենապլպլան ցուցանիշները և դրանց շուրջը պտտվել՝ ուշադրությունը կենտրոնացնելով այդ ցուցանիշների վրա և մոռացության տալով մյուս ցուցանիշները։

Ասենք, կառավարությունը ինֆոգրաֆիկաներ է հրապարակում Հայաստան ներկրված որոշ ապրանքների բազմապատիկ աճի մասին՝ դրանով ցույց տալով, որ և՛ բնակչության գնողունակությունն է աճել, և՛ Մաքսայինում ստվերն է կրճատվել։ Կամ, ասենք, հեռուստատեսությամբ ռեպորտաժներ են պատրաստվում 2007-2017 թվականների աճ գրանցած ցուցանիշների մասին (արտաքին առևտուր, վարկեր, ավանդներ և այլն), իսկ մի խումբ այլ ցուցանիշների մասին մոռանում են (գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, ներդրումներ և այլն)։

Սակայն այս գործելաոճը միայն իշխանությանը չէ, որ բնորոշ է։ Ընդդիմությունն էլ, հակառակը՝ քննարկման առարկա է դարձնում միայն բացասական ցուցանիշներն ու երևույթները։ Այսինքն՝ գորշության մեջ գտնում են ամենամութ կետերն ու պտտվում դրանց շուրջ։

Սա ինչ-որ առումով բնական է և հասկանալի. իշխանությունը պետք է խոսի ձեռքբերումների մասին, ընդդիմությունը՝ ձախողումների։ Սակայն անթույլատրելին երևույթների ու ցուցանիշների միտումնավոր կամ ոչ գիտակցված աղավաղումն է։ Պարզ ասած՝ մանիպուլյացիան, որն արվում է ամեն ինչ սևացնելու կամ ամեն ինչ վարդագույն ներկայացնելու համար։

Ընդ որում, այս հարցում ընդդիմությունը ոչնչով չի զիջում իշխանությանը՝ չճշտված ինֆորմացիա, սխալ հաշվարկներ, «թիվ կռվեցնել», երևույթների միակողմանի ներկայացում և այլն։ Օրինակ, վերջերս Ֆեյսբուքում աչքովս ընկավ ընդդիմադիր մի էջ, որտեղ ներկայացված էին Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ամենավատ ցուցանիշները։ Դրանց թվում նշվում էր, որ արտաքին պարտքը հասել է 7 մլրդ դոլարի։ Իրականում 7 մլրդ դոլարն ընդհանուր պետական պարտքն է, որի մեջ արտաքին պարտքը 5,5 մլրդ դոլար է։ 5,5 մլրդ դոլարն էլ քիչ չէ, սակայն ճիշտը մնում է ճիշտ։

Կամ, ասենք, ընդդիմադիր գործիչներից մեկն ասում է, որ 2017 թվականի 7,5% տնտեսական աճը նկարվել է գյուղատնտեսության հաշվին՝ առանց հաշվի առնելու, որ «թարսի նման», գյուղոլորտն անցյալ տարի պաշտոնապես անկում է ապրել։

Կան տնտեսագետներ, որոնք թվերի հետ մանիպուլյացիաներ անելու մեծ վարպետներ են։ Նրանք կարող են, պատկերավոր ասած, 500 գրամը համեմատել 100 մետրի հետ՝ առանց հաշվի առնելու, որ դրանք համեմատելի մեծություններ չեն։ Լսարանի մի մեծ մասը չի էլ հասկանում, որ ասվածն աբսուրդ է։ Մի մասը հասկանում է, սակայն ձայն չի հանում՝ ավելորդ աղմուկից խուսափելով։ Մի փոքր մասն էլ հակադարձում է, բայց նրանց քչերն են լսում։ Միակ «օգուտն» «իշխանամետ» կոչումն է։

Կամ, ոմանք ասում են՝ պաշտոնական վիճակագրության տվյալներին չենք հավատում։ Սակայն մեծ հաճույքով հիմնվում են նույն պաշտոնական վիճակագրության վրա, երբ ցուցանիշներն անկումային են։

Հիշում եմ նաև մի դեպք, երբ լրագրողներից մեկը սխալ էր կարդացել հայտնի պաշտոնյաներից մեկի կնոջ գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալը և գրել էր, որ նա մեկ տարում 345 մլն դրամի եկամուտ է ունեցել (իրականում՝ 345 հազար էր)։ Հետո այդ լուրն առանց ստուգելու վերահրապարակեցին մյուս ԶԼՄ-ները, դրա հիման վրա քաղաքական ու հասարակական գործիչները սկսեցին հարցազրույցներ տալ ու Ֆեյսբուքում ստատուսներ գրել։ Իսկ երբ որոշ զլմ-ներ հարկ համարեցին նայել հայտարարագիրն ու ուղղել սխալը՝ դա այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում. արդեն այլ թեմաներ էին ակտուալ դարձել։

Սա հայաստանյան ցավոտ իրականությունն է. ոմանք թվերի հետ խաղում են միտումնավոր, ոմանք՝ չիմանալով, սակայն տեղեկատվությունը կորցնում է արժանահավատությունը։

Այս խնդրի մասին բոլորը գիտեն։ Եվ երեկ իր ամփոփիչ ելույթում դրան անդրադարձավ նաև ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Հակիրճ՝ խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադատությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։ Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել՝ դրված նպատակի համատեքստում»,- ասաց նա։

Ինչ խոսք, սա ճիշտ է։ Սակայն հենց իր՝ Սերժ Սարգսյանի խոսքում կային պնդումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին։ Օրինակ, այն պնդումը, որ Հայաստանում բանկերի ավանդատուների թիվն աճել է և այսօր հասնում է մեկ միլիոնի։ Ասել է թե՝ եթե մարդկանց սոցիալական վիճակը չափազանց ծանր լիներ, մեկ միլիոն մարդ խնայողություն չէր անի՝ ավանդի տեսքով։ Իրականում, սակայն, Հայաստանում այդքան ավանդատու չկա. կա այդքան ավանդային հաշիվ։

Ավանդատուների թիվը դրանից մի քանի անգամ փոքր է, որովհետև նույն մարդը կարող է մի քանի ավանդ ունենալ՝ տարբեր բանկերում։ Բացի այդ, կոնկրետ ժամկետային ավանդային հաշիվների քանակն է՛լ ավելի փոքր է՝ մոտ 200 հազար։ Մնացածը ցպահանջ ավանդներն են՝ հաշիվները, որոնք խնայողություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ։

Կամ, օրինակ, վարչապետն իր խոսքում՝ որպես դրական զարգացում, նշում է, որ վերջին 10 տարիների ընթացքում ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ։ Սակայն խոսքը վերաբերում է անվանական ՀՆԱ-ին, որի աճի մի զգալի մասը պայմանավորված է գների աճով։

Սերժ Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ չէ և կարող է չիմանալ տվյալների ներկայացման մեթոդաբանությունը (օրինակ՝ ավանդատուների և ավանդային հաշիվների մասին)։ Նա հնչեցնում է այն, ինչ նրան ներկայացնում են համապատասխան խորհրդականներն ու օգնականները։ Իսկ վերջիններս այս բոլոր նրբությունների մասին չափազանց լավ գիտեն, սակայն գերադասում են ներկայացնել մեդալի ձեռնտու կողմը՝ ձեռնտու մեկնաբանությամբ։ Այս ամենը, իհարկե, չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հակառակը՝ երկու կողմերը փորձում են է՛լ ավելի համոզիչ գտնվել՝ իրավիճակը սև կամ սպիտակ ներկայացնելու համար։

Իդեալական տարբերակը, իհարկե, կլիներ հետևյալը. վարչապետը ներկայացներ՝ ինչպես դրական զարգացումները (իսկ այդպիսին իրոք կան՝ զբոսաշրջություն, ՏՏ և այլն), այնպես էլ՝ ձախողումներն ու թերացումները։ Ընդդիմությունն էլ, մյուս կողմից, պետք է խուսափեր մանիպուլյացիաներից և դիմանար գայթակղությանը՝ չստուգված կամ սխալ մեկնաբանվող ցուցանիշներ օգտագործել կառավարությանը քննադատելու համար։

Նշենք նաև, որ այս հարցում ամենակարևոր դերը կարող են խաղալ տնտեսական լրագրողները՝ ներկայացնելով մանիպուլյացիաները՝ թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության կողմից։ Սակայն դրա համար նախ պետք է համապատասխան հմտություններ և գիտելիքներ ունենալ, և երկրորդ՝ վերանալ նախատրամադրվածությունից և համակրություններից և փորձել երևույթները դիտարկել սեփական պրիզմայով, ոչ թե՝ կողմերից մեկի։

Տեսանյութեր

Լրահոս