Բաժիններ՝

Գոռ Կարապետյանը՝ հաջողության թաքնված կողմի մասին

«Գնա մինչև վերջ, կամ գնա տուն», «Քո կապերը քո կապիտալն են», «Մեր միջավայրի և մեր աճի մեջ ուղիղ կապ կա». այս խորհուրդ-մեջբերումները Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, թվային մարքետոլոգ Գոռ Կարապետյանի հեղինակած՝ «Հաջողության թաքնված կողմը» գրքից են:

Գիրքը սեպտեմբեր ամսից «ճամփորդում է» Հայաստանով մեկ, ներկայացվում ընթերցողին. օրերս գրքի շնորհանդես է նախատեսված նաև Արցախում:

168.am-ի հետ զրույցում գրքի հեղինակը պատմեց՝ վերջին տարիներին տարբեր սոցիալական ծրագրերով եղել է մարզերում, ու մարզային այցերի ժամանակ երիտասարդների հետ հանդիպումներն ու զրույցներն են ներշնչել նրան խոսել «Հաջողության թաքնված կողմ»-ի մասին:

«Այդ մարզային այցերն ինչ-որ մի պահից ինձ համար նույնիսկ դարձան պահանջի նման. ես մեծ պարտքի զգացումով էի հաճախ գնում մարզեր, և քանի որ հանդիպումներում իմ զրույցների բովանդակության հետ կապված շատ դրական արձագանքներ էին լինում, կամ նույնիսկ կրկնակի այցերի առաջարկներ էին լինում, որոշեցի այդ նյութս ավելի խորացնել և ավելի գործնական, ամենօրյա ուղեցույցի վերածել գրքի տեսքով: Մայիս ամսից սկսեցի աշխատել, և սեպտեմբերին արդեն գիրքը պատրաստ էր»,- ասաց նա:

Գոռ Կարապետյանը նշեց նաև՝  գրքի հիմնարար ուղերձները ամփոփվում են երեք հիմնական թեմաներում՝ անձնային աճ, մասնագիտական կողմնորոշում, առաջնորդություն:

«Յուրաքանչյուրս ներկա փոփոխվող աշխարհում անընդհատ պետք է աշխատենք մեր ինքնակատարելագործման վրա, ու առաջին ուղերձս դա է՝ դրա հետ կապված գործիքակազմ,  խորհուրդներ: Երկրորդ ուղերձս՝ մասնագիտական կողմնորոշումը, թեև հաճախ ասոցիացվում է  երիտասարդների հետ, բայց իրականում  արագացող աշխարհում այսօր և ապագայում կրիտիկական թեմա է դառնալու շատերի համար. ինչպես նոր մասնագիտություն ընտրել կամ անցում կատարել մի մասնագիտությունից մյուսը, երրորդը՝ դրական ազդեցությունն է այն միջավայրի կամ հասարակության վրա, որտեղ ապրում ես»,- մանրամասնեց հեղինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս