Պուտինը, Էրդողանը և Ալիևը ցանկանում են, որ Փաշինյանը մնա, քանի որ նա այլ փաստաթղթեր ևս պետք է ստորագրի. Տարասով

«Փաշինյանը ստորին լիգայից հայտնվեց և միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «зубр»-եր են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ապագա զարգացումներին:

Նախ՝ խոսելով հարցից, թե ինչու չհաջողվեց պայմնավորվածություններ ձեռք բերել ռազմագերիների հարցի շուրջ, Տարասովն ասաց, որ Փաշինյանին կանչել էին բանակցությունների Մոսկվա, որպեսզի շարունակեն զարգացնել նոյեմբերի 10-ի համաձայնությունների մասնավորապես 9-րդ կետը, որում ոչինչ չկա ռազմագերիների մասին:

«Բայց ռազմագերիների, անհետ կորածների հարցը, չեմ ուզում ցինիկ երևալ, բայց տեխնիկական և երկրորդական հարց է, որը կախված է երկրների համագործակցելու պատրաստակամությունից, քաղաքական վստահության էլեմենտներ ձևավորելու կամքից, դրանց առկայության դեպքում հետագայում նման հարցերի լուծումը հնարավոր կլինի: Դա նախագահական մակարդակ չէ: Կա ԿԽՄԿ, միջազգային կազմակերպություններ, նախագահական մակարդակով այլ հարցեր են հստակեցվում: Այդ հարցով Նախիջևանում են հանդիպումներ եղել, դատախազները հանդիպում են, նրանց իրավասությունն է՝ քննարկել այդ հարցերը»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ հայերին միայն մեկ ու վերջին կռիվ է մնացել՝ պայքարն Արցախի կարգավիճակի հարցում:

«Ռուսաստանը պահում է Մինսկի ձևաչափը, իսկ դա նշանակում է, որ պետք է հստակեցվի խաղաղապահների կարգավիճակը և միջանկյալ կարգավիճակը, դա միակ կռիվն է, որը կարող է վարել Հայաստանը: Եթե Հայաստանն իրեն դրսևորի այնպես, ինչպես ներկայումս, մտավախություններ ունեմ, որ դա ևս կպարտվի: Փաշինյանը պարտվել է ռուսական պարտիան, իսկ ՌԴ նախագահի հետ, ասում է, որ մեր հարաբերությունները հատուկ են, բայց կան հարցեր: Նրա ճակատագիրն է այսօր որոշվում, դու քո երկրով զբաղվիր: Ինչ կարող էիր անել Ռուսաստանին՝ արդեն արել ես, պարտվել ես Ռուսաստանի հարցում․․․ ինչո՞ւ է պարտվել, հայերը պետք է հասկանան, իսկ նա ինչ-որ պայմաններ է առաջ քաշում»,- ասաց Տարասովը:

Նրա որակմամբ, ստեղծված իրավիճակի պարադոքսն այն է, որ Հայաստանի ներսում Փաշինյանին չեն ցանկանում, իսկ արտաքին խաղացողները՝ Պուտինը, Էրդողանը և Ալիևը, նրան ցանկանում են, քանի որ նա ստորագրել է փաստաթուղթ և հետո ևս ստորագրելու է:

Հարցին, թե ի՞նչ է ստորագրելու, Տարասովը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերը՝ կապված հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման հետ:

Նա ակնարկեց, որ ՀՀ-ում արտաքին խաղացողներն իշխանափոխություն չեն ցանկանում, քանի որ ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկման մտավախություն ունեն:

«Իսկ ո՞ւմ տա իշխանությունը, գուցե գա ինչ-որ մեկն ու ասի, որ համաձայն չեն այս ամենին, պատրաստվում են պատերազմի ու ի՞նչ: Իսկ դա աղետ կլինի: Ռուսաստանին ինչո՞ւ է պետք Երևանը, եթե բոլոր հարցերը կարող է առանց Երևանի կարգավորել: Պետք է հասկանալ, թե ուր է մղվել հայ ժողովուրդը: Ռուսաստանը կրկին փրկում է Հայաստանին՝ համաձայնելով աշխատել Մինսկի խմբի հետ: Իրավիճակը կարգավիճակի հարցի քննարկման շուրջ ևս ուշագրավ է, քանի որ Ռուսաստանը և Ադրբեջանը հետաքրքրված չեն այսօր այս հարցի քննարկմամբ: Մոսկվան անտարբեր է այդ հարցի վերաբերյալ, Մոսկվան զբաղված է ամրապնդմամբ և փորձում է լինել Ղարաբաղի հայերի կայուն անվտանգության երաշխավորը: Մոսկվան խնդիր ունի՝ կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները, Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղ չկա, Դուք մեր տարածքում եք, մենք հայերի հետ բոլոր հարցերը լուծել ենք, հակամարտություն չկա, իսկ Մոսկվան ասում է՝ ոչ, մենք չենք ցանկանում դուրս գալ երկկողմ ձևաչափ, քանի որ կա Մինսկի խումբ, իսկ մինչ ակտիվ աշխատելը Մինսկի խմբից ժամանակ կպահանջվի՝ մինչև գործի դրվի մաքոքային դիվանագիտությունը:

Իսկ չորս տարի կպահանջվի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի բոլոր խնդիրները լուծելու համար: Եթե Երևանը կառուցողական տրամադրված լինի, հավանական է, որ կլինի վստահություն, պետք է վստահություն ձևավորվի, որպեսզի բոլոր հաղորդակցություններն անվտանգ գործեն:

Պետք է պայմանավորվել նաև ռազմագերիների և սահմանների բարդ հարցերում, կայուն սահմաններ չկան, պետք է պայմանավորվել, իսկ փոխադարձ ցանկություն և կամք չկա: Այս հարցում շատ մեծ բան է կախված Բաքվից: Եթե շարունակի տեղեկատվական պատերազմը, շարունակի թելադրողի դիրքերից խոսել հայերի հետ, ապա հայերը դա չեն ընդունի, և իրավիճակը կսառեցվի: Մոսկվան ցանկանում է ստեղծել այդ միջավայրը տնտեսության միջոցով, կտեսնենք, թե դա որքան ժամանակ կպահանջի: Կարգավիճակի հարցը, այնուամենայնիվ, այսօր ակտուալ չէ: Մնացել է վերջին մարտը, ամեն ինչ կորսվել է՝ Շուշին ու Հադրութը, ինչո՞ւ, այդքան զոհ: Դժվար է պատկերացնել»,- ասաց վերլուծաբանը:

Նա կարճ նկարագրեց, որ առաջիկայում աշխատանքները լինելու են կենտրոնացած տնտեսական և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման հարցի վրա, զուգահեռաբար՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման համար համապատասխան մթնոլորտ ստեղծելով, որի ֆոնին կարող են լուծվել բոլոր խնդրահարույց հարցերը, իսկ կարգավիճակի հարցը կքննարկվի Մինսկի խմբում, սակայն ոչ մոտ ապագայում, քանի որ դա ակտուալ չէ մեծամասնության համար:

Ռուս քաղաքագետն ասաց, որ հեղափոխության արդյունքում Փաշինյանը հայտնվեց ստորին լիգայից և միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «зубр»-եր են նստած՝ Պուտինը՝ ռուսական հատուկ ծառայությունների սպա, Ալիևը՝ ևս փորձառու քաղաքական գործիչ, խելացի, խորամանկ, կիրթ, մյուս կողմում՝ գավառային մտածելակերպ և անկիրթություն:

«Ալիևը փայլուն կերպով օգտագործեց թուրքական ռեսուրսը, Ալիևը օգտագործեց նաև ռուսական ռեսուրսը, նա այնպիսի հարաբերություններ կառուցեց Պուտինի հետ, այնպիսի մակարդակ՝ չլինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների անդամ: Իսկ Դուք՝ լինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկրի անդամ, սկսեցիք հարաբերություններ պարզել Պուտինի հետ: Դա գավառային մակարդակ է, գավառամտություն»,- ասաց նա՝ նշելով, որ հիասթափությունը մեծ է:

Տեսանյութեր

Լրահոս