Գյումրիում հացադուլ հայտարարած Հովհաննես Պետրոսյանին միացել է նաև առաջնագծից վերադարձած Տիգրան Ջավադյանը

Նոյեմբերի 30-ի կեսօրին Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց, որ սկսում է հացադուլ՝ իր արժանապատվությունն իրեն վերադարձնելու պահանջով, այլ խոսքով՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի ստորագրությամբ Արցախի մեծ մասը հանձնվեց թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Հովհաննես Պետրոսյանն ասաց, որ ի սկզբանե ասել է, որ հացադուլն անում է ոչ թե՝ որպես դպրոցի տնօրենի, այլ` որպես ՀՀ քաղաքացի, որից խլել են իր պատիվն ու արժանապատվությունը։

«Իմ հացադուլը հայտարարել եմ երկուշաբթի օրը, Շիրակի մարզպետարանի դիմացի Գարեգին Նժդեհ փողոցում, այստեղ ենք գիշերում։ Ինձ միացել է նաև Ջավադյան Տիգրանը, ով պատերազմի ամբողջ ընթացքում եղել է առաջնագծում։ Այսօր Շիրակի մարզպետն է մեզ այցելել, մոտավորապես 20 րոպե խոսել ենք, մեր առողջությամբ է  հետաքրքրվել, իհարկե, նաև ասաց, որ հացադուլը դադարեցնենք, նա մտահոգված էր մեր առողջության համար, բայց մենք մեր սկսած հացադուլը չենք դադարեցնելու։ Մարզպետարանի այլ աշխատակիցներ ևս այցելել են մեզ»,- շեշտեց Հովհաննես Պետրոսյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ արժանապատվության խնդիր կա, և իր քայլով պահանջում է, որպեսզի վերականգնեն՝ ինչպես իր, այնպես էլ՝ ամբողջ ազգի ու պետության արժանապատվությունը։

«Եթե այս խայտառակության ամբողջ պատասխանատվությունը վարչապետը վերցրել է իր վրա, ուրեմն՝ որպես պատասխանատու, պետք է հրաժարական տա։ Եթե հրաժարական չտա, ապա հաջորդիվ ես չեմ որոշել, թե ինչ պետք է անեմ, որովհետև մեր վաղվա օրն անորոշ է, չգիտենք, թե մեզ էլ ինչեր են սպասվում։ Ամեն ինչ անկախատեսելի է, ընթացքը ցույց կտա, էլի»,- հավելեց նա։

Հովհաննես Պետրոսյանը նաև հավելեց, որ իր որոշման մասին չի հայտնել՝ ինչպես գործընկերներին, այնպես էլ՝ ընտանիքի անդամներին. «Չեմ ուզում իմ այս քայլը շաղկապեն իմ դպրոցի տնօրեն լինելու հետ։ Ես վստահ եմ, որ այս քայլից դպրոցում աշխատանքները չեն տուժում, պարտականություններն այնտեղ կատարող կա, խնդիրներ վստահաբար չեն լինի, հիմա կրթությունը հեռավար է, դասապրոցեսն իմ քայլից չի տուժում»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս