«Մեր ղեկավարությունն անզոր է, իրանք ոչինչ չեն կարողանում անել». Անհետ կորածի մայր

Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը, պատմեց, որ իր տղան հոկտեմբերի 8-ին մեկնել է Մեղրի, իսկ հոկտեմբերի 21-ին գնացել են Զանգելան:

«Իրենց տեղեկացրել են, որ ընդամենը 20 հոգի են, գնում եք պոստ կապեք: Ոչ ունեցել են բրոնեժիլետ, ոչ կարգին զենք-զինամթերք, ունեցել են մի ավտոմատ, մի հատ մագազին՝ իր պատրոններով, ու հակագազի տոպրակի մեջ՝ 120 հատ պատրոն, ուրիշ ոչինչ չեն ունեցել: Իջել են ու միանգամից մարտ է տեղի ունեցել: Թշնամին աշխատել է մեծ տեխնիկայով, մեր երեխեքը չեն ունեցել ոչինչ»,- պատմեց զինվորի մայրը:

Անահիտ Ադոյանն ասաց, որ հոկտեմբերի 25-ից դիմում են հնարավոր բոլոր կառույցներին, բայց ապարդյուն: Մի քանի օր առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Վարչապետն ասաց, որ ամեն դեպքում կան 5 շրջաններ, որոնք անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքում է: Մենք էլ հարցրինք՝ բա ե՞րբ կլինի, ասացին՝ դե պիտի բանակցություններ լինեն: Երեկ էլ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ամեն դեպքում Ադրբեջանը թույլ չի տալիս, պետք է դիմենք 3-րդ պետությանը՝ ռուսին, եթե չօգնեց, ապա՝ պատերազմ, ուժով պետք է անենք»,- ասաց Ադոյանը:

Անհետ կորած զինծառայողի մայրը պատմեց նաև, որ որդին վերջին անգամ կապի մեջ է եղել հոկտեմբերի 19-ին:

«Մեր ղեկավարությունն անզոր է, իրանք ոչինչ չեն կարողանում անել»,- ասաց կինը:

Տեսանյութեր

Լրահոս