Բաժիններ՝

«Մարդու սեփականությունն է, ուզել է ՀԷԿ կառուցել՝ չի ստացվել, խողովակները տեղափոխում է». Կարճաղբյուր համայնքի ղեկավարը պարզաբանում է տարածված տեսանյութը

Երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ օգտատերերից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչպես են մի քանի բեռնատար մեքենայով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից տեղափոխում մեծ խողովակներ, որոնք ըստ օգտատիրոջ՝ թալանում են, և թալանի հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

168.amի զրույցում Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանն ասաց, որ որևէ թալան չի եղել։ Խողովակները եղել են համայնքի վարչական տարածքում, հավանաբար նախկին գազի գիծ է եղել, ժամանակին աճուրդ է եղել, և Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը՝ Հայկ Միքայելյանը, այն գնել է։

«Այդ մարդն է գնել խողովակները, հետո ցանկանում էր մեր գյուղում ՀԷԿ կառուցել, եկավ խոսեց, բայց հետո չիրականացրեց, թե՛ թույլ չտվեցին, թե՛ ինչ արեցին՝ չիմացանք։ Երեկ էլ իմացանք, որ երեք բեռնատարով խողովակները տեղափոխել է գյուղից, այդ մարդը գնել է, իր սեփականությունն է, ես այստեղ որևէ թալան չեմ տեսնում։ Այդ մարդու սեփականությունն է, ուզել է ՀԷԿ կառուցել, չի ստացվել, հիմա էլ խողովակները տեղափոխում է, դա  համայնքային սեփականություն չէ»,- ասաց Տարոն Քոչարյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքում ուրախացել էին, որ խողովակների գնորդը ՀԷԿ կկառուցի, քանի որ համայնքում որոշ տարածքներ առանց խնդրի կոռոգվեին։

«Մենք շահագրգռված էինք, որ կառուցվեր, բայց հետո չեղավ, բնական է, որ դա մեր որոշելիքը չի եղել, դա իրականացվում է Կառավարության հատուկ որոշումներով։ Մի խոսքով՝ թույլ չտվեցին, հիմա էլ այդ մարդու սեփականությունն է, քանդել-տարել է։ Դե, դա 80-ականաններից մնացած գազի գիծ էր, որը չէր օգտագործվում»,- եզրափակեց Տարոն Քոչարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս