Բաժիններ՝

«Պարտադիր, անպայման, 100 տոկոս հետ կգամ…». 21-ամյա Մառլենին երեկ վերջին հրաժեշտը տվեցին

Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտական գործողությունների ժամանակ զոհված Մառլեն Արտուշի Հարությունյանը 21 տարեկան էր, որպես պայմանագրային զինծառայող՝ մի քանի օր առաջ էր աշխատանքի անցել ՀՀ Զինված ուժերում:

Մառլենն ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի և իրենից փոքր 2 քույրերի հետ, տան միակ տղան էր: 168.am-ի հետ զրույցում նրա մտերիմ ընկերը՝ Աշոտ Գասպարյանը, պատմեց, որ Մառլենի հետ 10 տարուց ավելի ընկերություն էին անում, գաղտնիքներն էլ միայն իրար էին վստահում:

«Ոչ մեկին նեղություն չէր տալիս, լավությունից բացի, ոչ մի բան չէր անում, այդպիսի տղա էր Մառլենը: Փոքր ժամանակից իրար հետ ենք եղել, ինչ արել ենք՝ իրար հետ ենք արել, այն կիսվելն էլ՝ իրար հետ ենք կիսվել: 8 ընկեր էինք, բայց ինքը միայն իմ հետ էր կարողանում լրիվ կիսվել, ես էլ՝ իր հետ: Մի քիչ բռնկվող բնավորություն ուներ, կարող է՝ ձայն չհաներ-չհաներ, մեկ էլ պահի տակ այնպես պոռթկար, որ ոչ մեկս չկարողանայինք դեմն առնել, դուխը տեղն էր՝ ամենակարևորը, ու ահավոր թասիբով էր: Կլինի 10 տարուց ավելի՝ իրար հետ ընկերություն էինք անում, մինչև հիմա… Անցած տարի ամռանն էր զորացրվել, այդ մի տարվա ընթացքում, Մալիշկայի հացի փռում էր աշխատում՝ հաց էր առաքում խանութներին: Վերջերս էր գրանցվել, որ անցներ  պայմանագրային ծառայության, հենց հրամանը եկավ՝ կռիվը սկսվեց, ու ինքն էլ գնաց…»,- պատմեց Աշոտը:

Մառլենը մի քանի նպատակ ուներ՝ պետք է  տունը վերանորոգեր, մեքենա գներ: Հավանած աղջիկ էլ ուներ, ընկերներին ասել էր, որ լավ նայեն, նեղացնող չլինի.

«Սիրած աղջիկ ուներ, որ մի 2 անգամ էր հետը խոսել, ու այդպես էլ մնաց: Ուզում էր՝ տունը ռեմոնտ աներ, մի հատ «դորդ-ջար» առներ, մեկ էլ՝ «սև 07», գնալուց առաջ էլ ասաց՝ հոպարը պիտի «դորջհար» քշի, մեկ էլ ասաց՝ սիրածս աղջկան լավ կնայեք: Ընկերներով ենք տարել, ճանապարհել: Մեկ էլ ասաց՝ պարտադիր, անպայման, 100 տոկոս հետ կգամ…»:

Մառլենը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր տուն զանգել, հաջորդ օրն էլ ինչ-մեկի միջոցով փոխանցել էր, որ լավ է: Հոկտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 10-ի սահմանում, Մառլենը զոհվել է:

Մառլեն Արտուշի Հարությունյանին երեկ են հուղարկավորել՝ Մալիշկա գյուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս