Արա Բաբլոյանի փաստաբանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ կայացած ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստում Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց դատարանին՝ դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Փաստաբանը նշեց, որ ի սկզբանե Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման հատկանիշներով, որը, սակայն, դատախազությունը չէր հաստատել, ինչից հետո Բաբլոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր: Ա. Վարդևանյանի խոսքով՝ մեղադրանքն ամբողջությամբ եղել է ՔԴՕ 17 և 18-րդ հոդվածների խախտումներով:

Արամ Վարդևանյանը դատարանում իր միջնորդությունը ներկայացնելիս ասաց, թե մեղադրանքի հիմքում այն փաստն է, որ Արա Բաբլոյանն ունեցել է հնարավորություն լինելու ԱԺ նախագահ, պատգամավորի կարգավիճակ ունենալով՝ ընտրվել է ԱԺ նախագահ  և չի եղել արհեստավարժ իրավաբան, ուստի չէր կարող իմանալ, որ 2018 թվականի մարտին ԱԺ կանոնակարգ նոր օրե՞նքն էր գործում, թե՞ նախկինը: Փաստաբանը նաև մեջբերեց ՀՀ Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝  ԱԺ պատգամավոր կարող է լինել ՀՀ քաղաքացիություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ցանկացած քաղաքացի, ապա հավելեց, թե հենց այս հիմքով Արա Բաբլոյանից չէր պահանջվում լինել իրավաբան:

Գործով  ամբաստանյալ Արսեն Բաբայանի փաստաբանները միացան ներկայացված միջնորդությանը:

Մեղադրող դատախազները հայտնեցին, թե միջնորդությունն այս պահին քննարկման ենթակա չէ, և պետք է հետաձգել միջնորդության քննությունը:  Մեղադրող դատախազը, անդրադառնալով պաշտպանի հիմնավորմանը, թե Արա Բաբլոյանն արհեստավարժ իրավաբան չէր, հետևաբար՝ չէր կարող իմանալ՝ ո՞ր օրենքն էր գործող, որը՝ ոչ, ասաց, թե մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ ԱԺ նախագահը դիտավորությամբ շրջանցել է օրենքը, որպեսզի Հրայր Թովմասյանին հնարավորություն տա, որ մինչև 65 տարեկանը պաշտոնավարի՝ որպես ՍԴ նախագահ,

Դատավարության կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:30-ին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 38-380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։

Տեսանյութեր

Լրահոս