Բաժիններ՝

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչը օրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծառայի միայն որպես կորոնովիրուսի դեմ պայքարի կենտրոններից մեկը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ունեն  կորոնավիրուսով վարակվածների մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք, որոնց գերակշիռ մասն ի սկզբանե գտնվել է կասկածելի գոտում՝ կարանտինում կամ շփման զոնայում:

«Իհարկե, կան նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով, նրանց շփման բոլորի շրջանակն այժմ պարզվում է, որպեսզի շարունակենք այն գործողությունը, ինչը մինչև այսօր արել ենք, այսինքն՝ հայտնի դեպքերի կոնտակների մեկուսացում»,- ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, Հայաստանում արդեն կա 9 բժշկական կազմակերպություն, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ:

«Հաշվի առնելով թվերի մեծացումը մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոնը՝  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, պետք է նույնպես զբաղվի այս խնդրով: Այն օրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծառայի միայն որպես կորոնովիրուսի դեմ պայքարի կենտրոններից մեկը»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ երեկ կրկնակի բացասական թեստի արդյունքում երկու քաղաքացի հիվանդանոցից դուրս է գրվել:

Արձագանքելով նախարարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած պետք չէ դատել մեկ օրվա տվյալների հիման վրա, այդուհանդերձ կորոնովիրուսով դեպքերի  տեմպի աճի որոշակի վտանգների առջև ենք կանգնած, չնայած նախորդ օրը եղել էր տեմպի նվազում:

«Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք մեծացնում ենք թեստավորվողների թիվը և սա ճիշտ որոշում է, քանի որ մենք չենք ցանկանում հնարավորինս քիչ դեպքեր ախտորոշել: Այստեղ կարող ենք ասել, որ մեզ մոտ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է, բայց այստեղ էլ մենք ամեն օր քննարկում ենք և մեր ասելիքի հետ կապված ուզում եմ ասել, որ ունենք հետևյալ խնդիրը՝ կա երկու ծայրահեղություն, մեկը՝ խուճապն է այս գործընթացի հետ կապված, մյուսը՝ հանգստությունը:

Սկզբնական շրջանում կարողացանք խուճապային երևույթը կանխել, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից շատ ենք կանխել, քանի որ հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ հավասարակշռված վիճակի: Երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն, իհարկե, սա սոցիալ-հոգեբանական տեսակետից լավ է, սակայն համաճարակային տեսանկյունից խնդիր է, հենց այս հանգստությունն է մեզ համար մտավախություններ առաջացնում, որ վարակի տեմպը կավելանա:

Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այսքան հանգիստ այս խնդրին մի վերաբերեք, մի կողմից ես հասկանում եմ, քանի որ մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի, այսինքն՝ եթե սա մեզ հայտնի վարակ լիներ, օրինակ, գրիպ, մենք այսօրվա մեր հիվանդներին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք և վերջ»,- շեշտեց վարչապետը:

Նա նաև անդրադարձավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունմանը, որը նախատեսում է ֆիքսել քաղաքացիների հեռախոսազանգերը և դրանք հավաքել միասնական հարթակում՝ կորոնավիրուսով վարակվածի շփման շարջանակն արագ պարզելու համար՝ նշելով, որ տարբեր կարծիքներ են հնչում, թե այդ ամենն արվել է քաղաքացիներին գաղտանլսելու համար, սակայն դա այդպես չէ:

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է սահմանված դեպքերում առանց կորոնավիրուսի գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ կատարել, երբ օրենքով սահմանած դրա անհրաժեշտությունը կա, այդ պատճառով է պետությունը գաղտնալսելու կարիք չունի, բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են»,- հավելեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս