Բաժիններ՝

«Հիմա մարդիկ կմտածեն, որ բոլորին սմարթֆոններ եք նվիրելու»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

«Միշտ էլ լսել են մեր հեռախոսները, լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ` իմունիտետ ունեմ։ Ինչո՞ւ եմ ձեզ այդքան հետաքրքիր, ես չգիտեմ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում հիմա 2 մլն և ավելի էլեկտրոնային կապի միջոցներ օգտագործող կա, և հարց ուղղեց՝ ինչպե՞ս են բոլորին վերահսկելու․

«Հիմա մարդիկ կմտածեն, որ բոլորին սմարթֆոններ եք նվիրելու։ Ո՞վ է տիրապետելու այդ ամբողջ տեղեկատվությանը»։

Ի պատասխան՝ արդարադատության նախարարն ասաց, որ խոսքը հեռախոսները լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այն մարմիններն են լինելու, որոնք կարող են վերահսկում իրականացնել»։

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ  է վերահսկողություն իրականացնելու Ոստիկանության և ԱԱԾ-ի նկատմամբ, որ ինչ-որ մի պահի նրանց մտքով չանցնի ապաանձնավորած կոդը անձնավորել և նաև բովանդակությանը ծանոթանալ։

«Իսկ հիմա ո՞վ է իրականացնում վերահսկողություն ԱԱԾ և Ոստիկանության իրականացրած գաղտնալսումների մասով։ Եվս մեկ անգամ շեշտեմ այս դեպքում գաղտնալսման մասին չի խոսվում։ Վերահսկողությունն այն է, որ  դա հնարավոր է իրականացնել բացառապես դատական սանկցիայով, ցանկացած այլ գաղտնալսում հանցագործություն է և ենթակա է տվյալ անձը քրեական պատասխանատվության։ Կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի կանխարգելման նպատակով գեներացված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործել և դրա մասին որևէ խոսելն ավելորդ է»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս