Բաժիններ՝

Տապալված հերոսը։ Մի հուշարձանի պատմություն

Երևան, ցուրտ ու խավար 1997 թվականը։ Քանդակագործ  Արա Հարությունյանի տանը  հնչեց հեռախոսի զանգ․․․ անծանոթ ձայն, մեկ-երկու ֆրազ։ Հարությունյանը ծանր հոգոց հանեց և հազիվ լսելի ձայնով ասաց․

– Բանվորի արձանը ջարդեցին․․․

Հետո գնաց իր աշխատասենյակ և պառկեց բազմոցին։ Տանը տագնապալի լռություն էր։ Մեկ տարի անց նա մահացավ։

Մեր երկրի խորհրդանիշը դարձած «Մայր Հայաստան» հոյակերտ հուշակոթողի  հեղինակ քանդակագործ Արա Հարությունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հաճախ է սթրեսներ տարել, շատ անգամներ է ստիպված եղել հաղթահարել սովետական ժամանակաշրջանի արգելքները և  ծանրաշարժ չինովնիկների բյուրոկրատիզմը։

Կարդացեք նաև

Ծանր է ստեղծագործական մտահղացումից մինչև դրա իրագործումն ընկած ճանապարհը։ Իսկ երբ քանդակագործն  առաջիններից  է, ով ստեղծում է մոնումենտալ  խոշոր գործ  կամ քանդակային համալիր, ապա դա ի ցույց է դնում նաև նրա տաղանդն ու կազմակերպչական ունակությունները։

Ա․ Հարությունյանն իր աշխատանքներում  ակնադիտական էր դարձնում հին Հայաստանի կերպարներն ու հերոսներին, ինչպես նաև մեր պատմության հերոսական դրվագները։ Դրանց թվում են Խորհրդային Հայաստանի առաջին անսամբլներից՝  Էրեբունի թանգարանի քանդակազարդումը, Սարդարապատի ու Մուսա լեռան հուշահամալիրները,  և այլն։ Էրեբունի թանգարանի ճակատամուտքին քանդակագործը պատկերել է Արգիշտի թագավորին, զինվորների և Երևան քաղաքի հիմնադիրներին։

Նախագծերն իրականացնելիս պատահում էին նաև արտառոց դեպքեր։ Գ․Սունդուկյանի անվան ակադեմիական  թատրոնի հուշարձանների վրա աշխատելիս ՝ Հարությունյանը թատրոնի մուտքը ձևավորեց հայ թատրոնի ավելի քան 2000-ամյա պատմությունը ներկայացնող հարթաքանդակներով։ Մուտքի աջ կողմում նա պատկերեց մ․թ․ա․ 1-ին դարի թագավոր Արտավազդ 2-րդին, ով հայտնի էր՝  որպես Արտաշատի հելլենիստական թատրոնում բեմադրված ողբերգությունների հեղինակ։

Հուշահամալիրի  աշխատանքների ավարտից հետո  ընդունող հանձնաժողովը կտրականապես արգելեց  հայ թագավորի պատկերի առկայությունը թատրոնի մուտքին։  Կոմունիզմի դարաշրջանում դա դիտվում էր՝ որպես հանդուգն ոտնձգություն սովետական  իշխանության հեղինակության դեմ․․․ ի՞նչ հայ թագավոր, ինչո՞ւ։   Մեր օրերում նման արգելքը շատերին կարող է անհասկանալի թվալ, բայց այն ժամանակվա  գաղափարական դրվածքը ճեղքելու համար  անհրաժեշտ էր  ունենալ քանդակագործ  Հարությունյանի համառությունն ու համարձակությունը։

Հանձնաժողովի պահանջով պատկերը ծածկեցին մետաղյա վահանակով։ Սակայն  որքա՜ն մեծ եղավ  ներկաների զարմանքը, երբ բացման ժամանակ Հարությունյանը մի կողմ քաշեց մետաղյա ծածկիչը,  և  երևաց Արտավազդ թագավորի գլուխը։ Նմանատիպ շատ դեպքեր են եղել Հարությունյանի ստեղծագործական կյանքում։

Բայց ինչո՞ւ Անկախ Հայաստանում ջարդել հայի Հերոսական կերպարը։  «Փառք աշխատանքին» արձանը, որը  ժողովուրդը կոչել էր Բանվորի արձան,  տեղադրվել էր Երևանի մետրոպոլիտենի  Գործարանային կայարանի մոտակա հրապարակում։ Հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել  1982թ.-ին։  Հարությունյանի մտահղացմամբ՝  հայի հերոսականությունը մարմնավորող 11 մետր բարձրությամբ չուգունե արձանը «քայլում էր դեպի Արևմտյան Հայաստան»։  Այն իր ծավալային ու գեղարվեստական լուծումներով նմանը չուներ  ողջ տարածաշրջանում։ Արձանի տեղադրմամբ Շենգավիթի շրջանի այդ անհրապույր տարածքն ավարտուն տեսք ստացավ՝  անվանակոչվելով  Աշխատանքի  հրապարակ։

Ո՞ւմ կամ ինչի՞ն էր խանգարում արձանը, ի՞նչ ուժեր էին ներգրավված կոթողի տապալման բարբարոսական գործողությունում։ Հարությունյանի բոլոր գործերի նման՝ հիմնավոր ու հզոր արձանին  ամրություն էր հաղորդում կառույցի ներսում զետեղված երկաթե ռելսը։ Հարությունյանը երբեք թերի  գործ չէր անում, հաճախ սկսած նախագիծն ավարտին էր հասցնում՝ ծախսելով անգամ սեփական միջոցները։

Իսկ  այս դեպքում նա Ռուսաստանից և Ուկրաինայից հրավիրեց մասնագետների՝ չուգունե ֆրագմենտների եռակցման համար, ինչը  բավականին բարդ տեխնոլոգիա  էր։  Այն տարիներին քանդակային այդպիսի համարձակ լուծումներ  գրեթե չէին կիրառվում Հայաստանում։ Կարելի է ասել, որ քանդակագործը շատ հարցերում նախանշեց ժամանակակից արվեստի միտումները։  Թվում էր, թե նա առաջ էր անցել իր ժամանակից։ Հավատարիմ մնալով իր ստեղծագործությունների  վրա ստորագրություն թողնելու սովորությանը՝ Հարությունյանը Հսկայի կոշիկին   փորագրել էր իր ազգանունը։

Իր առաջքայլի մեջ  հզոր ու շեշտակի պատկերաքանդակը մարմնավորում էր մարդկային ոգու  ուժը։ Շատ արվեստաբաններ, ինչպես նաև սոցցանցերի շատ օգտատերեր այս գործն անվանում են՝  չարի դեմ պայքարող Միքելանջելոյի Դավիթի  ժամանակակից կերպարավորում։

Ականավոր արվեստաբան  Վ. Ցելտները գրել է. «Քանդակագործը մարմնավորել է իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը, ընդ որում, պահպանելով  կյանքի  ընթացքում  որդեգրած հավատարմությունը կենսական ճշմարտացիությունների նկատմամբ: Նրան հաջողվել է  ի մի բերել ներկա ժամանակների բազմաթիվ  իրողությունները, որոնք ժամանակակից աշխատավորի  կերպարը դարձրել են  առանձնապես հավաստի: Արձանում, անշուշտ, ամենից գլխավորը դարաշրջանի արտաքին նշանների հավաքակազմն է:  Ինչպես և Ա. Հարությունյանի   լավագույն այլ գործերում, ամենաէականն այստեղ արտահայտված է պլաստիկայի լեզվով՝ ձևի, ծավալի, զանգվածի լեզվով: Դա ասես հենց ինքը՝ մեր ժամանակն է, նրա շարժումը»:

Գաղտնիք չէ,  որ արարման սկզբնական շրջանում  ստեղծագործություններն  արժանանում են  հակասական    գնահատականների։  Անգամ հանճարեղ ստեղծագործության  արժեքը միանգամից  ակներև չէ։ Վերջնական գնահատականի  համար դադար  է պետք․ ժամանակն է հնարավորություն տալիս օբյեկտիվ գնահատել արվեստի այս կամ այն  երևույթը։

Անցել է ավելի քան քսան տարի, բայց   երևանցիները չեն մոռացել  գլուխգործոցը, և այսօր էլ    հասցե նշելիս՝ ասում են ՝ «Բանվորի արձանի մոտ»․․․ արձան, որն անհետացավ  հանելուկային պայմաններում։  Իր բացակայությամբ անգամ արձանը չէր մոռացվել․ նույնիսկ նրա  մակետը ստեղծելու  փորձ արվեց «Արտ  Լաբորատորիայի»  նկարիչ Արթուր Պետրոսյանի կողմից։

Որոնումները շարունակվեցին քսան տարի, բայց արձանի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց՝ ո՞ւր են տարել, գուցե հալեցրե՞լ են, իսկ գուցե վաճառե՞լ են՝ որպես արժեքավոր մետաղ։

Եվ ահա Հայաստանում կատարվեցին  անհավանական իրադարձություններ,  ժողովրդին ալեկոծեց  հեղափոխությունը։ Տապալված  Հերոսի  որոնումները   սկսվեցին  նոր եռանդով։  Երևանում կազմավորվեց  առաջադեմ երիտասարդների խումբ՝  բաղկացած կինեմատոգրաֆիստներից, նկարիչներից, մշակույթի գործիչներից, որոնց թվում էին Վահե Բուդումյանը, Մելիք Կարապետյանը և Շենգավիթ համայնքի վարչակազմը։  Եվ   անսպասելի լուր՝  ջանքերը վերջապես արդյունք  տվեցին։  Շենգավիթի համայնքի փողոցներից մեկում, մի փակ տարածքում գտնվեցին արձանի ֆրագմենտները։    Բավականին խորհրդանշական էր տապալված Հերոսի դիրքը՝ գլխի  ֆրագմենտը հենած էր ձեռքին, պահպանված էին ոտքերը և իրանի մի հատվածը։  Այնպիսի տպավորություն էր, ասես պառկել է հանգստանալու համար։  Ընդ որում, դրանք հսկում էր  հանցավոր ապամոնտաժման մասնակիցներից մեկը, ով, ավաղ, սոսկ  հրաման կատարող էր։

Անսպասելի գտածոն ոգևորեց  հանրությանը, մարդիկ շնորհավորում էին իրար, ուրախանում էին՝  մատնանշելով  պահի խորհրդանշական լինել։ Չէ՞ որ բարու ուժը խորհրդանշող  արձանը գտնվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի լավ ապագայի, ժողովրդավարական փոփոխությունների հույսեր  ծնվեցին․․․

Այդ օրերին կատարվեցին նկարահանումներ, տեսաձայնագրվեցին  մեծ քանդակագործի ժառանգների հուշերը։ Իշխանության տարբեր կառույցներ  նամակներ ուղարկվեցին՝ ստեղծագործության հետագա ճակատագիրը  որոշելու համար։

Լուծումներ դեռևս չկան։  Անհրաժեշտ է ֆրագմենտները  պահպանելի տարածք տեղափոխել,  և անպայման կրկին տեղադրել այն Երևանում։ Չենք կարող  մեկ անգամ ևս կորցնել հավատն արդարության և կատարած աշխատանքի կարևորման  հանդեպ։

Մի խումբ կրեատիվ երիտասարդ քանդակագործներ և նկարիչներ առաջարկում են հերոսական խորհրդանիշին նոր կյանք տալու համար՝ պահպանված ֆրագմենտների  ինստալյացիայի  մրցույթ հայտարարել։

Սուսաննա Հարությունյան

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս