«Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ՝ չկայացավ, նրա դիրքերը ոչնչացված են». Վոլոդյա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը վարչապետի քաղաքական պարտությունն է: Այս կարծիքն ունի պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հենվում իր կուսակցության օժանդակության վրա և փնտրում է նոր հենարաններ:

«Երբ Գարեգին Չուգասզյանին ընդունում է Նիկոլ Փաշինյանը, դա նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է, որովհետև մարդը, ով իր պետականության դեմ դուրս եկած մարդկանց ընդունում է և քաղաքական հարցեր է քննարկում, իսկ նրանք դուրս գալուց հետո սպառնում են ռևանշիստներին, դա ցույց է տալիս, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ՝ չկայացավ այդպես էլ, այլ նաև իր դիրքերն ուղղակի ոչնչացված են, և նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն՝ հենվում է հակահասարակական հանցագործ ուժերի վրա: Այս հանդիպումն այլ ներքաղաքական ազդակ էլ ունի, որ նա բռնի ուժով սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր դուրս կգան պայքարելու այս իշխանության դեմ: Երկրորդ ազդակն այն է, որ նա այլևս չի հենվում «Իմ քայլի» վրա,  փնտրում է  այլ հենարան»:

Հանդիպումից հետո «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյան խոսում էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որը, ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, անհնար է:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն թույլ չի տա, որովհետև նա ինքը տեսնում է, որ իր ռեյտինգն ավելի բարձր էր իր բանտ նստած ժամանակ, քան հիմա, երբ ինքը վարչապետ է: Եթե 1 տոկոս հավաքած «Սասնա ծռերը» պահանջում է արտահերթ ընտրություններ, ձեռնոց է նետում 70 տոկոս հավաքածին, ապա դա ևս Նիկոլ Փաշինյանի քաղաքական պարտությունն է»:

Վոլոդյա Հովհաննիսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը նաև կթուլացնի մեր արտաքին քաղաքականությունը և բարեկամական հարաբերությունները ՀՀ-ի ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ:

«Արտաքին քաղաքականության առումով «Սասնա ծռերը» հակառուսական պլատֆորմից են միշտ հանդես գալիս, ասում  են, որ Ռուսաստանը օկուպանտ է, և ռուսական զորքը Հայաստանից պետք է դուրս գա: Իրենք ամերիկասորոսյան այդ ծրագիրը փորձում են իրականացնել՝ առանց հաշվի առնելու մեր ազգային անվտանգության վիճակը: Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, մանկամիտ շիզոֆրենիկի նման՝ նոր քայլեր է անում, որոնք ավելի են թուլացնում մեր արտաքին քաղաքականությունը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս