ԱԺ իրավաբաններն ազատվել են աշխատանքից՝ գոյություն չունեցող ակտի հիմքով

ԱԺ աշխատակազմի ներսում կրճատումների թեման ավելի է թեժացել հատկապես աշխատակիցներից մեկի հետ կատարված հայտնի միջադեպից հետո, երբ թեմայի շուրջ ղեկավարության հետ պարզաբանումները հեռահաղորդակցման բաժնի պետին հասցրին հիվանդանոց:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ կոնֆլիկտային խոսակցությունը Սասուն Պետրոսյանի սրտի վիրահատության պատճառ է դարձել, նրան ստենտավորել են ԲԿ-ներից մեկում, և դեռ հայտնի չէ, թե երկու ստենտներից մեկը, որ պետպատվերով է արվել, ով է մյուսի համար վճարել՝ փոխհատուցում ԱԺ աշխատակազմի՞ց, թե՞ Սասուն Պետրոսյանի սեփական միջոցների հաշվին է եղել:

Ի վերջո, ինչո՞ւ է մասնագետների խումբը խանգարում նոր ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են ազատում նրանց. փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ ԱԺ աշխատակազմի իրաբավանական ստորաբաժանումից, որտեղ ներքին իրավական բոլոր ակտերը շրջռանառության մեջ դրվելուց առաջ փորձագիտական եզրակացություն են ստանում:

Պարզվում է՝ նոր ղեկավարությունը շրջանցել է նաև այս ստորաբաժանումը: «Իրավական սպասարկման բաժինը», որն այսօր անվանափոխվել է՝ դառնալով «Իրավական ապահովման և սպասարկման բաժին», չի ստացել և չի ուսումնասիրել նոր կառուցակարգի հիմքերը, հետևաբար՝ չի համապատասխանեցրել նաև օրենքներին: Ավելին, որպես վերջնական իրավական ակտ՝ իր մակագրությամբ «վիզա» չի դրել նոր նախագծի վրա:

Իրավաբաններից մեկը զարմանքով արձանագրում է՝ այսքան ժամանակ առաջին անգամ իրավական ակտը ստեղծելիս չի պահպանվել այս ամբողջ ընթացակարգը, և դա արվել է ամեն գնով, որպեսզի գաղտնի պահվի:

Ուստի չի բացառվում նաև, որ ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը ստեղծվել է դրսի կամ ներսի մի քանի յուրայինների կողմից, և այն աշխատում է բացառապես մի քանի անձանց քմահաճույքով, միայն թե անցանկալի կադրերից հեշտությամբ ազատվեն:

Ի դեպ, այս խոցելի փաստաթղթի հիմքով ազատված կադրերից մեկը հենց ինքը՝ նույն իրավաբանական ստորաբաժանման ղեկավար Սպարտակ Առաքելյանն է, ով մինչև երեկ Իրավական փորձաքննության վարչության պետի տեղակալն էր ու համատեղությամբ վարում էր նաև պետի պաշտոնը՝ 7 ամիս թափուր մնալու պատճառով:

«Օգոստոսի 12-ին աշխատակիցներից մեկը զանգով պահանջում է, որ վկայականս հանձնեմ: Բարձրանում եմ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի մոտ՝ պարզաբանում ստանալու: Պարոն Գալստյանն ասում է՝ Ձեր հետ չենք ուզում շարունակել աշխատանքը, և այլ առաջարկ չունենք, հետևաբար՝ ազատված եք աշխատանքից, այսքան բան:

Ես իմ ազատման մասով վստահաբար պնդում եմ, որ ազատման հրամանը տրվել է իրավական հիմքի բացակայության պայմաններում, ապօրինի եմ ազատվել աշխատանքից, ես պատշաճ չեմ ծանուցվել, և հայտնի չէ՝ իրո՞ք իմ հաստիքը կրճատված է, թե՞ գործ ունենք ղեկավարի կամայականության հետ:

Ի վերջո, չկա նոր կառուցվածքի փաստաթուղթը, որին հղում անելով՝ ոչ միայն ես, այլև 50-ից ավելի մարդ է ազատվել արդեն:

Էդ հաստիքացուցակի երեսը ոչ ոք չի տեսել, անվանացանկն ու հաստիքացուցակը պահվում է խիստ գաղտնի պայմաններում, իրավաբաններ ենք, չենք առնչվել անգամ փորձագիտական կարծիք հայտնելու մակարդակով, որ, ասենք, օրենքներին հակասում են, չեն հակասում՝ եզրակացությունը տալով մակագրենք: Անում են այն, ինչ ուզում են:

Այն անհատական իրավական ակտը, որի հիման վրա պիտի կադրային ռեզերվ ուղարկվեի, դրանք պիտի ուժի մեջ մտնեին ինձ պատշաճ ծանուցման օրվանից, նշեմ, որ ծանուցում չի եղել, առանց հերթական համարակալման՝ ստորագրել եմ թերթիկը, ընդ որում՝ հետագայում, ուշացած:

Խոսվում է կառուցվածքային անընդհատ խմբագրումների մասին, ու վերջնական փաստաթուղթ գոյություն չունի մինչ օրս, չի հրապարակվել, մինչդեռ ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ այն ուժի մեջ մտած է համարվում հրապարակման պահից»:

Ստացվում է խառնաշփոթ՝ իրավական ուժ չստացած ակտի շուրջ:

Կնշանակի՝ կառուցվածքային փոփոխությունն արվել է այնքանով, որ քանդվել, լուծվել է հին կառուցվածքը, նորը դեռ չի կազմվել, ամբողջական անվանացանկը՝ ըստ պետական ծառայողների, համենայն դեպս, մինչ այս պահը, հուլիսի 13-ից ԱԺ խորհրդի կողմից հաստատված և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից վավերացված նոր կառուցվածքի ամբողջական տեսքն առկա չէ, հրապարակված չէ որևէ կերպ: Ավելին, հույժ գաղտնի փաստաթութղթ է դարձել, և աշխատակիցների խոսքով՝ շրջանառվում է միայն ցանկալի կադրերի սենյակներում և քարտուղարությունում:

Առանց հավելվածի հրապարակված կառուցվածքային փոփոխության մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունն իրավական առումով կազուս է ստեղծել համակարգի ներսում, իսկ անհիմն համարվող ազատումների հետքերով խոստանում են դատարան գնալ ազատված կադրերից շատ-շատերը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը պնդում է, որ Սպարտակ Առաքելյանի ազատման հիմքերը եղել են իրավաչափ.

«Սպարտակ Առաքելյանին ցույց է տրվել հաստիքացուցակը, ես ճշտել եմ ղեկավարությունից, ներկայացվել է նաև, թե ինչ հիմքով է աշխատակազմի ղեկավարը կրճատել հաստիքը: Սպարտակ Առաքելյանի հաստիքն իրականում կրճատվել է, քանի որ իր վարչությունը վերամիավորվել է մեկ այլ վարչության հետ, Տնտեսագիտական փորձաքննության վարչությունը դարձել է Ընդհանուր փորձագիտական վարչություն, որտեղ ևս առկա չէ վարչության տեղակալի հաստիքը, նորում նաև իրաբանական փորձաքննության բաժինը չկա»,- նշեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ տիկին Մինասյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չի տրվել այլ հաստիքում հաստատվելու մրցույթին մասնակցելու հնարավորություն, նա պատասխանեց.

«Ամեն մեկի հետ առանձին իր հաստիքի մասին ներկայացնելիս, բնականաբար, խոսվել է նաև այդ մասին»:

Այդուհանդերձ, ճշտող հարցին՝ ինչո՞ւ մասնավորաբար այս դեպքում առաջարկ չի արվել, և դեռ քանի՞ կրճատված աշխատակցի է հեռացնելուց հետո ղեկավարությունը զրկել այլ հաստիքում աշխատատեղ պահելու իրավունքից, Լիլիթ Մինասյանը պատասխան չուներ:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս