Բաժիններ՝

Նոր մանրամասներ Գյումրիում երեխայի մահվան դեպքից

168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում երեկ տեղի ունեցած երեխայի սարսափազդու մահվան դեպքից: Հիշեցնենք, երեկ՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Գյումրիում դժբախտ դեպք էր գրանցվել: Մայրն աշխատանքից տուն էր հասել և որդուն հայտնաբերել սպանված՝ պարանոցը գոտիով փաթաթված:

Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում: Մոր միակ զավակն է եղել, հարևանների խոսքով՝ հորը տարիներով չեն տեսել, ամուսնալուծվելուց հետո նոր ընտանիք է կազմել: Որդու հետ կապեր չուներ:

10-ամյա Դավիթ Գ.-ը մոր հետ ապրում էր տնակային պայմաններում, մայրը Գյումրու բժշկական կենտրոնի բուժքույր է: Հարևանները ցնցված են դեպքից, չեն հավատում ինքնասպանության վարկածին, ասում են՝ մայրն այնքան բարեկիրթ ու լավ աղջիկ է, որ ինչ-որ մեկի հետ վեճի, վրեժի թեմա լինել չէր կարող:

Դավիթի դպրոցի տնօրենը լացը կոկորդում հազիվ զսպելով՝ ասում է, որ չի հավատում՝ Դավիթն ինչպես կարող էր ինքն իրեն վնասել: Երեխային վերջին անգամ տեսել է անցած շաբաթ, ասում է՝ դպրոցական արձակուրդներ են, երեխան այս օրերին միայն շախմատի էր գնում: Ողբերգական դեպքի օրն էլ շախմատի առաջնության է մասնակցել, հաղթել է հասակակիցներին, զանգել և ուրախ պատմել է մորը ու եկել տուն:

«Նա այնքան գիտակից, օրինակելի երեխա էր, չեմ կարողանում հավատալ՝ ո՞նց կարող էր այդքան կամային հատկանիշներով աչքի ընկած երեխան իրեն վնասել, մանավանդ, որ գիտակից տարիքում էր: Դավիթն ինքնամփոփ չէր, հակառակը, չափազանց շփվող ու աշխույժ էր, շատ լավ էր սովորում, դպրոցի առաջադեմ երեխաներից մեկն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Քիչ առաջ հայտնի են դարձել երեխայի դիահերձման տվյալները՝ նշվում է, որ երեխան ինքնասպան է եղել խաղի ժամանակ: Բազկաթոռի վրա նստել է, ինքն իր ետևում աթոռներ շարել, հետո հեռուստացույցով դիտած խաղի կանոնների համաձայն՝ ինքն իրեն կապել է գոտիով ու շրջվել աթոռների վրա: Խաղի ժամանակ Դավիթի պարանոցից կապված գոտին ձգվել է ու խեղդամահ արել երեխային, երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև տնօրենը։ Այնուամենայնիվ, վարկածը դեռևս դիահերձումից հետո արված ենթադրություն է, հետաքննության ավարտին իրավապահները կհաստատեն կամ կժխտեն այն:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս