Բաժիններ՝

«Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյանը՝ իրեն դատի տալու մասին

Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է դատի տալ ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, քանի որ, ըստ Մակունցի՝ դերասանն ասել է այնպիսի բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան: Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:

168.am-ի հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն անդրադառնալով Մակունցի գրառմանը՝ նշեց, որ ասել է այն, ինչ իրեն պատմել են։

«Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, ամեն ինչ ինձ պատմել է 50-ն անց ջութակահարուհի մի կին, որը հանդիպմանը ներկա է եղել։ Նա իմ լավ բարեկամն է, եթե նա հնարել է կամ խաբել, ապա ես կընդունեմ, որ սխալ եմ եղել և ասել չստուգված տեղեկատվություն։ Այդ կնոջ հետ այսօր կապ կհաստատեմ և կպարզեմ, թե ինչ է եղել»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։

Ըստ նրա, եթե պարզվի, որ սխալ տեղեկատվություն է ասել, ապա ներողություն կխնդրի Մակունցից, սակայն, նրա խոսքով, եթե գործը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա արդեն ոչ թե՝ ասեկոսեների, այլ՝ իրական փաստերի համար։

«Այդ 8 ամիսների ընթացքում՝ երիտասարդ փոխնախարարներով և չգիտեմ ինչերով, ի՞նչ աշխատանք են արել, արդյո՞ք մշակել են այն մշակութային ծրագրերը, որոնք այսօր առավել քան կարևոր են։ Ես չեմ վախենում պատասխանատվությունից»,- շեշտեց Վիգեն Ստեփանյանը։

Նրա բնորոշմամբ՝ արդեն որևէ բանի վրա չի զարմանում, քանի որ, եթե խորհրդարանում «նախկին ընկերներն այսօր միմյանց հետ խոսում են մատ թափ տալով, ապա ամեն ինչ կարելի է սպասել»։

«Ամբիցիաները խեղդում են բոլորին, ես ամբիցիաներ չունեմ։ Ինչպես դուք նշեցիք, վաստակավոր արտիստ եմ, բայց վեց տարի է՝ հեռու եմ մնացել թատրոնից, ինչո՞ւ, սա իսկապե՞ս որևէ մեկին չի հետաքրքրում, բայց չէ՞ որ ես թատրոնում երկար ճանապարհ եմ անցել և կարող եմ օգտակար լինել։ Բայց դիմում են երիտասարդների, որոնք երկու օր առաջ չգիտեին, թե ինչ բան է մշակույթը»,- նշեց Վ. Ստեփանյանը։
Հարցին՝ եթե այդ կինը հաստատի, որ իսկապես Լիլիթ Մակունցը նման բաներ ասել է, վերջինիցս սպասո՞ւմ է հրապարակավ ներողության։

«Իհարկե, չեմ սպասում, այդ աղջիկը մի օր արթնացավ մշակույթի նախարար՝ հավատաց, որ մշակույթն իր մեջ է, այդ մասին հրապարակեց և մինչև այժմ այդ հավատը՝ դրոշ բռնած՝ ձեռքին գնում է։ Եթե ամեն ինչ հստակեցվի, ապա նա չի էլ մտածի ներողություն խնդրելու մասին, մենք ո՞վ ենք նրա համար, որ մտածի ներողություն խնդրելու մասին: Անկեղծ, այդ ներողություններն ինձ պետք չեն, քանի որ հավատում եմ, որ այս ամենը երկար չի շարունակվելու»,- ընդգծեց Վիգեն Ստեփանյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս