Ինչ նպատակով է Նախիջևանում թուրքական ռազմաբազա հիմնվում. Մեկնաբանում է Վովա Վարդանովը

Դեռևս 2018թ. ամռանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել։
Անդրադառնալով այս հարցին, այսօր լրագրողների հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել էր, որ Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը նաև ռազմական առումով: Ըստ նրա, այս գործընթացը կարժանանա ռուսական կողմի հակազդեցությանը, քանի որ առաջին հերթին թուրքական ռազմաբազան Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով է արվում։

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նախիջևանում թուրքական ռազմաբազա հիմնելու  հիմնական պատճառներին՝ նշեց, որ Թուրքիայի զինուժը ներկայացված է ոչ միայն Նախիջևանում, այլև Բաքվի շրջակայքում, որտեղ ունեն լոգիստիկ բազաներ, այնտեղ կան մեծ թվով թուրք զինվորականներ, և այդ բազայի մուտքը փակ է։

«Չեմ կարծում, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազան ռուսական ռազմաբազային հակակշռելու համար է։ Ճիշտ է, ունենք պայմանագիր, ըստ որի՝ Նախիջևանի առջև կանգնած մեր զորամիավորումը ռուսների հետ համատեղ է սահմանը պահում, բայց այնտեղ ներկայացված են միայն հայկական զորքերը։ Թուրքերի ռազմական ներկայությունը Նախիջևանում ավելի շատ ուղղված է նրան, որ Նախիջևանը բավականին անպաշտպան տարածք է։ Իզուր չէ, որ թուրքական հինգերորդ բանակային կորպուսը ձևափոխեցին նախիջևանյան բանակի, որը հարվածային ու գրոհող  բանակ է։

Նրանք լավ գիտակցում են, որ այդ տարածքը պաշտպանել անհնար է, և նրանք ստիպված հարձակողական գործողություն են մշակում։ Չեմ կարծում, որ այդ գործողություններն ուղղված են լինելու միայն կենսական նշանակության ճանապարհ փակելուն։ Ըստ իս, գոնե իրենց գլխավոր ծրագրերի մեջ նախիջևանյան առանձին բանակը նաև Արարատյան դաշտավայր մտնելու ծրագրեր է մշակելու»,- ասաց Վ. Վանդանովը։

Նրա խոսքով, եթե Նախիջևանի կողմից թշնամու բանակը փորձի ներխուժել Արարատյան դաշտավայր՝ լինի Երասխավանի հատվածով թե Եղեգնաձորով, ապա Նախիջևանն ավելի անպաշտպան է դառնալու։

«Այսպիսով՝ թշնամին փորձում է հայկական կողմին վախ ներշնչել, որպեսզի չմտնի Նախիջևանի հարվածող բանակի թիկունքը և բազայից նրանց չկտրի։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Նախիջևանում օսման թուրքերի ներկայությունը զսպաշապիկ կլինի մեր բանակային ուժերի համար, որոնք կստանան Նախիջևան ներխուժելու հրաման։ Ավելի շատ ռազմաբազան այս նպատակն ունի, քան ռուսներին հակակշռելու, քանի որ ռուսները գոնե Նախիջևանի ուղղությամբ որևէ ակտիվություն չունեն, բացի այն սահմանապահներից, որոնք երբեք պատերազմող ստորաբաժանում չեն եղել»,- շեշտեց Վովա Վարդանովը։

Նրա բնորոշմամբ՝ այս պարագայում Հայաստանին մնում է միայն մարզվել և պատրաստվել՝ անկախ այն հանգամանքից, թե որքան զենք ունի, քանի որ զենքի հետ միասին՝ անհրաժեշտ է նաև պատրաստվածություն։

«Մենք պետք է մարզենք ու պատրաստենք այն, ինչ ունենք։ Այս պահին մեր հիմնական զենքը մարդկային ուժն է, որի պրոֆեսիոնալիզմը պետք  է բարձրացնենք այն աստիճանի, որ գործող բանակը համալրվի պրոֆեսիոնալ զինվորականներով։ Նկատի ունեմ ռեզերվի առկայությունը, եթե հիշում եք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Հակոբյանի առաջ քաշած ծրագրերի մեջ մեծ տեղ էր տրվում պատրաստված ռեզերվի հատվածին։

Այնտեղ խոսքը 200-250 հազարի մասին էր, կարծում եմ՝ այդքան էլ բավարար չէ, մենք ռազմական գործին գիտակ բնակչություն պետք է ունենանք, դրա ճանապարհներից մեկը կանանց ռազմական գործին ծանոթացնելն է, սա նշանակում է, որ սահմանամերձ գյուղը պետք է դարձնենք սահմանապահ։

Մեզ ասում են՝ պատրաստվեք խաղաղության, թուրքն իր բնակչությանը պատրաստել է ատելությամբ պատերազմի, իսկ մենք մեր բնակչությանը պատերազմի պետք է պատրաստենք՝ ունակություններ ու գիտելիքներ տալով։ Խաղաղասիրությունը մեր մեջ այնպես է նստած, որ դրա մասին մեկ անգամ ավելորդ խոսել պետք չէ»,- ընդգծեց Վ. Վարդանովը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս