Ճռռացողներն ու լոդրերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետի պաշտոնական կայքում այդ մասին հաղորդագրություն տարածվեց, և Փաշինյանի ելույթից մի հատված տեղադրվեց։ Սակայն շատ ավելի հետաքրքիր էր այդ հանդիպման հարցուպատասխանի մասը, որը ցուցադրեց «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ երևույթին՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին (տեսանյութում այդ մասը չկար)՝ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ բաներ ասաց։ Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի խոսքի բառացի սղագրությունը։ Մինչև վերջ կարդացեք, նոր շարունակենք։

«Աշխատանքը ամենակարևոր բանն է։ Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։ Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք այդ նույն գյուղում, նույն տեղում, որտեղ իրենք մեզնից աշխատանք են պահանջում, 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա։ Եվ սեփականատերը ասում է՝ 4 տարի ես չեմ կարողանում 2 մարդ ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու։ Ինչո՞ւ չեն գալիս աշխատելու։ Որովհետև աղքատության նպաստ են ստանում։ Մտածում են՝ եթե աշխատեն, այդ աղքատության նպաստից կզրկվեն։

Դա էլ 25 հազար դրամ է… Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն գնում, որ աղքատության նպաստ ստանան։ Եվ մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ։

Պատկերացնո՞ւմ եք՝ մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։

Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկ «ճռռում» են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան։ Մեր խնդիրն այն չէ, որ այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն՝ չենք ուզում, էս էլ ձեզ, էս «պեչատն էլ» ձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռը այդքան շատ չի։ Մենք պետք է այնպես անենք, որ այս 800 հազար չաշխատող կամ արդյունք չստեղծող մարդկանց թվից տեղափոխվեն աշխատող մարդկանց թիվը։ Սա ամենակարևոր բանն է»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասում էր, որ իր կառավարությունը պիտի մարդկանց քաջալերի աշխատանքի։ «Որովհետև պարապ նստած՝ մենք ոչ մի խնդիր չենք լուծելու։ Մենք պետք է աշխատենք և պետք է վերադարձնենք ի վերջո մեր ժողովրդի բացառիկ աշխատասեր, տաղանդավոր, ստեղծող ժողովրդի իմիջը։ Սա է մեր քաղաքականության առանցքային նպատակը»,- նրա խոսքերն են։ Ասել է թե՝ մենք այլևս չենք ընկալվում՝ որպես աշխատասեր մարդիկ, ընկալվում ենք՝ որպես պետության օգնության հույսին մնացած լոդրեր, և պետք է փոխվենք։

Ճի՞շտ է ասում վարչապետը, թե՞ ոչ։ Մեծ հաշվով, նրա ասածի մեջ ճշմարտություն կա, թեպետ քիչ հավանական է, որ բանական մարդը 25 հազար դրամի համար կհրաժարվի նորմալ աշխատանքից։ Ու նաև նորմալ է, երբ բարձրագույն կրթություն ու նորմալ աշխատանքային փորձ ունեցող մարդը չի ցանկանում 50-60 հազար դրամով բենզալցակայանում աշխատել կամ ինչ-որ մեկի այգիներում հող փորել։

Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում ենք գրել։ Նիկոլ Փաշինյանին լսելիս՝ ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ գրեթե նույնատիպ տեքստ ես նախկինում լսել կամ կարդացել եմ։ Հետո Google-ի օգնությամբ պարզեցի, որ ճիշտ եմ զգացել։

Ստորև բերում եմ մի հատված՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որը նա ունեցել էր 2017 թվականի դեկտեմբերի 9-ին՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում:

Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ: Սա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին՝ ձեր խնդիրն է»:

Կամ կարդացեք այս հատվածը՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «168 Ժամին» տված հարցազրույցից (2017 թվականի դեկտեմբերի 27-ին). «Մենք մեր հասարակության մեջ մարդիկ ունենք, որ ուզում են քիչ աշխատելով լավ ապրել և պատասխանատվությունն ամբողջությամբ գցում են ուրիշների վրա։ Ես երկիր չգիտեմ, որտեղ քիչ աշխատող մարդը լավ ապրի։ Բայց ես մեր հասարակության մեջ շատ մարդկանց գիտեմ, որ իրենց լավ ապրելու մեջ մասնակցություն չունեն։ Չեն էլ պատկերացնում, որ պետք է մասնակցություն ունենան, ու պատրաստ են բոլորին քննադատել… Օրինակ, կարող եք գնալ ցանկացած գյուղ և այս ասածս փորձել։ Տան ցանկապատին, պատուհանների մաքրությանը նայելով՝ այդ բնակչի մասին կարող ես կարծիք կազմել։ Նույն գյուղն է, նույն միջավայրը, բայց այդ երկու դետալներով կարող ես հասկանալ՝ այս մարդն առավոտը շո՞ւտ է զարթնում, թե՞ ոչ։ Որովհետև շատ բաներ կան, որ փողից չեն կախված…»:

Զգո՞ւմ եք հռետորիկայի նմանությունը։ Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի թափանցիկ մեսիջը բնակչությանը հետևյալն է՝ եթե վատ եք ապրում, ուրեմն դուք եք մեղավոր, «լոդր» եք։ Սակայն տարբերությունն այն է, որ ներկա իշխանությունը նախկինին նման մեսիջների համար խիստ քննադատում էր։ Օրինակ, կհիշեք բուռն քննադատությունները կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ։ Այն դեպքում, երբ նախկիններն այդ ռեֆորմը հենց այն հանգամանքով էին հիմնավորում, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը. այն է՝ աշխատող մարդկանց վրա բեռը գնալով ծանրանում է, և հնարավոր չի լինելու նրանց հաշվին թոշակառուներին նորմալ թոշակ տալ։

Ընդ որում, տնտեսական տարբեր երևույթների հիմնավորումների նմանության առումով՝ սա միակ օրինակը չէ։ Ասենք, երբ նախկին կառավարությանը հարցնում էին՝ ինչո՞ւ է ներմուծումն ավելի արագ աճում, քան արտահանումը, պատասխանում էին՝ որովհետև կապիտալ ապրանքների ներմուծումն է աճել, ներդրումներ են կատարվում։

Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ-ում ներմուծման առաջանցիկ աճը նույնպես պայմանավորում էր կապիտալ ապրանքներով։ Կամ՝ երբ նախկին իշխանությանը քննադատում էին 7.5% տնտեսական աճի պարագայում թոշակ ու աշխատավարձ չբարձրացնելու մեջ, նախկինները պատասխանում էին, որ գները նվազել են, ըստ այդմ՝ մարդկանց գնողունակությունը չի նվազել։ Այսօր արդեն պարզ է, որ 2019 թվականի բյուջեով կառավարությունը թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում, սակայն ակնարկներ են արվում, որ կուտակային վճարի 5%-ը 2.5% դարձնելը մարդկանց գնողունակությունն ավելացրել է (դա էլ, ի դեպ, առանձին քննարկման թեմա է)։

Կամ՝ տարիներ առաջ կառավարությունը վերացրեց գործազրկության խղճուկ նպաստը՝ այն պատճառաբանմամբ, որ դրա պատճառով մարդկանց մոտ աշխատանք գտնելու մոտիվացիան թուլանում է։ Այսօր, դատելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից, կառավարության մտքին կա վերացնել «Փարոսով» տրվող օգնությունը, որովհետև, նրա խոսքով, ««Փարոսի» համակարգն աղետներ է հարուցել Հայաստանի Հանրապետությունում» և թուլացնում է աշխատելու մոտիվացիան։

Շարքը կարելի է երկար շարունակել՝ պետական պարտքի մասով, մենաշնորհների մասով, գնաճի մասով, կադրային քաղաքականության մասով, և այլն։ Շատ դեպքերում, եթե տեքստում նշված չլինի խոսքերի հեղինակը, կմտածենք, թե ՀՀԿ-ական պաշտոնյաներից ինչ-որ մեկն է նման բան ասել նախկինում։

Ուրեմն ի՞նչ՝ ստացվում է՝ նախկիններն ամեն ինչ չէ՞, որ սխալ էին անում։ Ստացվում է՝ նրանց հասցեին հնչող տնտեսական քաղաքականությանն առնչվող քննադատությունների մեծ մասն անհի՞մն էր։ Եթե այդպես է, ուրեմն նոր իշխանությունը պետք է ընդունի, որ շատ կարևոր հարցերում իրենք սխալ էին, և չնեղսրտի, երբ նույն քայլերի ու հայտարարությունների համար քննադատեն նաև իրենց։

Վերադառնալով 350 հազար «ճռռացողների» և նրանց ուսերին նստած 800 հազար հոգու թեմային՝ մի հակասություն էլ նշենք։ Դրսի լսարանի առաջ սեփական ժողովրդի «լոդրության» մասին խոսելուց հետո մի տեսակ չի հասկացվում, երբ մարդկանց հորդորում ես ներդրումներ անել Հայաստանում։ Եթե վարչապետի նշած N գյուղի փոքր գործարարը 4 տարի շարունակ 2 աշխատող չի կարողանում գտնել նույն գյուղից, ինչպե՞ս են աշխատող գտնելու եկող ներդրողները։ Սա հարց է, որը ցանկացած ներդրող ինքն իրեն կտա՝ համադրելով նշված երկու պնդումները։

Տեսանյութեր

Լրահոս