Բաժիններ՝

«Գյումրիի գիշերօթիկի բակում զույգ տղաներին թողած մորն առաջարկվում է բնակարան, աշխատանք, մասնագիտության ձեռքբերում…». Լիլիթ Գորգինյան

Հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտիոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։

Պարզվել էր, որ նրանք զույգ եղբայրներ են՝ Վահե և Վահան. 18-ամյա մայրն էր նրանց Գյումրի տարել և թողել գիշերօթիկ դպրոցի մոտ։ Իր արարքը մայրը բացատրել էր նրանով, որ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում և չի կարող երեխաների համար ապահովել կեցության պայմաններ, քանի որ միայնակ է։

Նա նաև պատմել էր, որ երեխաներն ունեցել է իր ընկերոջից, ով գուցե չգիտի էլ, որ երեխաներ ունի արդեն։ Աղջիկը չէր ցանկացել, որպեսզի իր անունը բացահայտվի։
Այս դեպքից անմիջապես հետո 18-ամյա աղջկա հետ սկսել էր աշխատել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

168.am-ի հետ զրույցում Լ. Գորգինյանն ասաց, որ զույգ երեխաներն այս պահին գտնվում են շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունում՝ հոգատար ձեռքերում, և իրենց բավականին լավ են զգում։ Այս մի քանի օրերի ընթացքում էլ բավականին քաշ են ավելացրել։ Նրանց առողջական վիճակի հետ կապված որևէ խնդիր չկա։

«Այս ընթացքում շատ մարդիկ ցանկություն հայտնեցին, որպեսզի օգնեն 18-ամյա աղջկան, որ նա իր երեխաներին կրկին որդեգրի և զբաղվի նրանց խնամքով, քանի որ տեղեկացել էինք, որ մայրը երեխաներից հրաժարվել է սոցիալական խնդիրներ ունենալու պատճառով։ Ամեն մարդ առաջարկում է այն, ինչ կարող է՝ բնակարան, աշխատանք, մասնագիտության ձեռքբերում, և այլն։ Չնայած մայրը հրաժարվել է երեխաներից, այսօր մենք փորձում ենք կրկին աշխատանքներ տանել նրա հետ, որպեսզի նա զբաղվի երեխաներով։ Թե ինչպիսին են այդ աշխատանքները, ինչ մակարդակի, այս պահին չեմ ցանկանում մանրամասնել, քանի որ նեղ մասնագիտական են, և կարիք չկա»,- նշեց Լ. Գորգինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը նույնպես ղեկավարում է այդ աշխատանքները, որպեսզի երեխաները մեծանան իրենց կենսաբանական մոր խնամքի տակ։
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստակամ են օգնելու երիտասարդ մորը, կփոխանցվի տվյալներ, որպեսզի իրենց օգնությունը տեղ հասցնեն և ուղղորդումներ անեն։

«Եթե մայրը համառի և չցանկանա ստանձնել երեխաների խնամքը, բնականաբար, այս ամենը զուր կլինի, և երեխաները կմնան պետության խնամքին։ Առաջին օրը, երբ հանդիպեցի մորը, մինչև երեխաներից հրաժարվելու փաստաթուղթ կազմելը, նրան առաջարկեցի մասնագիտություն և աշխատանք, սա անմիջապես եմ նրան ասել։ Այսինքն, այն ողջ ռեսուրսը, որն ունեցել է պետությունն այդ պահին, առաջարկվել է, սակայն բոլոր առաջարկությունները մայրը մերժել է։ Չեմ կարող ասել՝ այժմ երաշխիք կա՞, որ առաջարկները մոր կողմից կընդունվեն, բայց աշխատանքներ տանում ենք, որպեսզի լիարժեք իմանանք, որ արվել է ամեն բան ի շահ երեխաների»,- շեշտեց մեր զրուցակիցը և նկատեց, որ այս պահին բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք ցանկություն են հայտնել որդեգրելու երեխաներին։

Եթե մայրը մերժի իրենց բոլոր առաջարկները, ապա երեխաները կունենան այլ ընտանիք՝ նրանց կորդեգրեն։

Լիլիթ Գորգինյանը հրաժարվեց որևէ կոնտակտային տվյալ փոխանցել 18-ամյա մորից՝ նշելով, որ չի ցանկանում խախտել գաղտնիության սկզբունքը, հատկապես այն դեպքում, երբ աղջիկը չի ցանկացել, որ իր մասին բոլորն իմանան։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին այցելել էր Գյումրի՝ ծանոթանալու երեխաների առողջական վիճակին։ Մ. Թանդիլյանն ասել էր, որ կանեն ամեն ինչ, որպեսզի երեխաները մեծանան իրենց ընտանիքում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս