Պայթյուն է սպասվում. քաղաքապետարանը վարորդներին ծուղակն է գցում

Երևանի Կենտրոնը մի օր պայթելու է: Եվ ոչ թե տպագրատների հանկարծակի ոչնչացումից, այլ ավտոմեքենաների քանակությունից: Մայրաքաղաքի սրտում ավտոմեքենաներն օր օրի ավելանում են, իսկ կայանատեղիները, կարծես, հակառակը՝ գնալով փոքրանում: Անգամ վարորդների աչքի փուշը համարվող կարմիր գծերն են գերլցված, և շատ վարորդներ ստիպված էին իրենց փոխադրամիջոցները կայանել տարբեր բակերում: Սակայն այդ հնարավորությունն էլ հետզհետե պակասում է:

Արգելափակոցները սնկի պես աճում են, և Կենտրոնի բակերը վարորդների համար անհասանելի են դառնում:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում այդ արգելափակոցները «վարորդների ծուղակ» անվանեց:

«Ես չգիտեմ` որքանով է դա օրենքի սահմաններում, բայց շատ վարորդների բակ մտնելիս, մինչև այդ արգելափակոցը բացվում է, մեկ րոպեն անցնում է, և մարդիկ տուգանվում են: Շատերը գալիս, ուզում են բակ մտնել, տեսնում են արգելափակոցը, հետընթաց են կատարում, դրա համար են տուգանվում: Այդ առումով ինձ էլ շատ հետաքրքիր է, թե որքանով են դրանք օրինական, և, եթե քաղաքապետարանը թույլ է տալիս արգելափակոցներ դնել, ինչո՞ւ համապատասխան զգուշացնող նշաններ չեն տեղադրում, որպեսզի վարորդները ծուղակի մեջ չհայտնվեն»,- ասաց նա:

Ըստ Տ. Քեյանի` նման բակերի բնակիչներին կարելի է հասկանալ, որովհետև նրանք ասում են, որ կայանված մեքենաների պատճառով երեխաները խաղալու տեղ չունեն, կամ իրենց մեքենաները չեն կարողանում կայանել, կան նաև շատ բակեր, որ շրջանցող ճանապարհ են, և դրանք փակում են, որպեսզի ճանապարհ չդառնան ու ավելի անվտանգ լինեն.

«Այս մասով բնակիչները ճիշտ են, բայց ես` հասարակ վարորդս, եթե մի բակ եմ մտնում, որտեղ պետք է հանդիպում լինի, կամ որևէ այլ նպատակով, տեսնում եմ արգելափակոց, հետընթաց եմ անում, որ այլ տեղ գնամ, այդ ժամանակ տեսախցիկն ինձ տուգանում է, որովհետև մերձակա տարածքից հետադարձ դուրս գալն արգելվում է: Բայց եթե վարորդը չի զգուշացվում, ապա ինչո՞ւ պետք է տուգանվի»:

Հ/կ նախագահի խոսքով` քաղաքապետարանի խնդիրն է, որ համայնքային կամ վարչական շինությունները, որտեղ մարդկանց հոսքը շատ է, օրինակ` նախարարություններ, հիվանդանոցներ, թատրոններ, դպրոցներ, քաղաքապետարան և այլն, կայանատեղիով ապահովվեն: Տ. Քեյանը նշեց, որ այսօր բոլոր նման կառույցներն իրենց կայանատեղիները փակում են` ապահովելով իրենց աշխատողների համար կայանատեղի, իսկ հասարակությունը չի կարողանում օգտվել դրանցից և հայտնվում է անելանելի վիճակում:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստորգետնյա կայանատեղիները մեր քաղաքում քիչ են.

«Վերջին կառուցապատումների մեջ բազմաֆունկցիոնալ շենքերի գրեթե գերակշիռ մասն ունենում է ստորգետնյա կայանատեղիներ` և՛ հասարակական շենքերը, և՛ բազմաբնակարան շենքերը, մինչդեռ խորհրդային տարիներին այդ մշակույթը շինարարության մեջ չի եղել: Երևանում, այն էլ՝ Կենտրոնում, հազվագյուտ բակեր կհաշվեք, որ ունեն ստորգետնյա կայանատեղի: Չի եղել նման բան»:

Կ. Արեյանը նշեց, որ բակերում ստիպված են դնում արգելափակոցներ, որպեսզի իրենց բնակիչների տեղաշարժն ապահովեն, որովհետև բազմաթիվ օֆիսներ, գործառնական նշանակությունը փոխած ծառայություններ կան, նախկին բնակելի տարածքները մարդիկ վերակառուցել և ֆունկցիոնալ առումով դարձրել են հասարակական նշանակության` ատամնաբուժարան, խանութ, դեղատուն և այլ սպասարկման.

«Այդ ամբողջ հոսքը բերում է տվյալ բակ, և, որպեսզի մարդիկ իրենց ելումուտը կանոնակարգեն, սահմանված կարգով դիմում են մեզ և սահմանափակում են մտցնում: Բնականաբար, օբյեկտիվ է պատճառը, որովհետև խորհրդային տարիներին այդ բազմաբնակարան շենքերը չեն ունեցել իրենց նախագծերում նախատեսված այդ մասը, ինչն այսօրվա պայմաններում, մեքենաների այսպիսի թվաքանակի արագ աճի պայմաններում և մասնավոր ծառայությունների այսպիսի բազմազանության մեջ, որից մարդն օգտվում է ամեն քայլափոխի ցանկացած բակում կամ բակից դուրս տեղակայված տարածքներում, իհարկե, խնդիր է դնում, որ մենք կազմակերպենք ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Դա կա քաղաքապետարանի ծրագրերում, աստիճանաբար, որոշակի հատվածներում պետք է կայանման խնդիրը լուծենք: Այսինքն` պահանջված է այս հարցը»:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով ևս, եթե բնակիչները չեն ուզում, որ կողմնակի մեքենաներ մտնեն իրենց բակ, իրավունք ունեն այն փակելու: Ըստ նրա` «դրսում մնացած» վարորդները պետք է փոխհամաձայնության գան բնակիչների հետ: Նա նշեց, որ սա ավելի շատ քաղաքացիաիրավական հարց է, քան վարչական:

«Քաղաքապետարանն էլ ասում է` էս սարն իմն է, էս ծառն իմն է, այսինքն` ճանապարհն իմն է, դարձրել եմ վճարովի: Ամբողջ քաղաքի կենտրոնական մասն այդպես է: Չգիտեմ՝ էդ հարցը ո՞նց է լուծվելու: Ըստ երևույթին, պետք է լուծվի ստորգետնյա կայանատեղիների միջոցով, բայց մեր Երևանն ամբողջը բազալտ է, հող չի, որ փորեն ու խորանան: Այս իրավիճակում էլ լուծումն այն կարող է լինել, որ քաղաքի կենտրոնում մեքենա չմտնի, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, որ Կենտրոնական հատվածներում մարդիկ ոտքով են ման գալիս: Եվ թող միայն հասարակական տրանսպորտը երթևեկի, վերջ:

Մեքենաներն օրեցօր ավելանում են, պետական քաղաքաշինությունն էլ կենտրոնացել է էս մի փոքր Կենտրոնում: Հասկացանք` Կենտրոն, Կենտրոն… բայց չի կարելի բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները Կենտրոնում տեղակայել: Մի ժամանակ առաջարկում էին՝ Գյումրի նախարարություն տանեն, թող էդպես մի քանի նախարարություններ տարբեր քաղաքներ ուղարկեն, ու ժողովուրդն էլ Կենտրոնում թող ոտքով գնա-գա, մետրոյով, ավտոբուսներով, տրոլեյբուսով երթևեկի: Երբ Թամանյանը կառուցում էր Երևանը, ինքը չէր իմանում, որ 300 հազար մեքենա Երևանի նեղ փողոցներով պետք է անցնի ու Կենտրոնում կայանի»:

Տեսանյութեր

Լրահոս