«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ տարի». լեհ վերլուծաբան

«Ռուս պաշտոնյաները ցավոտ չեն ընկալում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու բանակցությունները, ինչը կարող ենք ցուցիչ համարել, թե որքան խորը կլինեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս նշել էր, թե ՀՀ նոր կառավարությունն իր ծրագրի առանցքն է դիտարկում տնտեսական աճի խթանումը, և ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանն իր ջանքերում, որոնք ուղղված կլինեն բարեփոխումներին, տնտեսությանն անցմանն ավելի արդյունավետ տարբերակին։

«Հիմնական գործիքներից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է»,- ասել էր դեսպանը։ Նա նաև նշել էր, թե կարևոր են նաև օտարերկրյա ներդրումները։ «Մենք հավատացած ենք, որ մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև, ներպետական մի շարք բարեփոխումներ Հայաստանում կօգնեն, որպեսզի լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն հատկապես ԵՄ պետություններից»,- ընդգծել էր դեսպան Սվիտալսկին։

Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ԵՄ-ն Հայաստանում փորձում է առևտրատնտեսական ոլորտը զարգացնելու իր փորձառությունը ներդնել՝ իր աջակցությունն ուղղելով Հայաստանին թիրախավորված կերպով։ Ըստ նրա, այս թեմաները, ամենայն հավանականությամբ, սկսել են ավելի ակտիվ քննարկվել ԵՄ-ի կողմից, հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը հասել են բանակցություններին, որոնք վերաբերում են առևտրի և ներդրումների հատվածին։

«Սա այսօր ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչն է, հաշվի առնելով ԵՏՄ առկայությունը, հաշվի առնելով նաև ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալներն այս ոլորտում։ Այսինքն՝ կա հակասություն, ԵՄ-ն ՀՀ-ում թիվ մեկ ներդրողն է, սակայն այսօր ստացվել է այնպես, որ ԵՄ-ն ու ՀՀ-ն պետք է հարմարեցնեն իրենց հարաբերություններն այս ոլորտում Եվրասիական տնտեսական միության կարգավորումների հետ։ Սակայն, կարծում եմ՝ ամեն բան այդքան էլ վատ չէ, եթե այդ մասին հեռանկարների շուրջ հայտարարություններով են հանդես գալիս դիվանագետները»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը։

Վերջինիս կարծիքով՝ առևտրի և ներդրումների շուրջ բանակցությունները բավականին երկար ժամանակ կխլեն կողմերից՝ հաշվի առնելով ԵՄ բյուրոկրատիան և այն, որ Հայաստանը պետք է այս հարցերը համաձայնեցնի նաև ԵՏՄ-ի հետ։ Զաշտովտի խոսքով, եթե ապագա համաձայնագրի քաղաքական բաղադրիչը բանակցվեց շուրջ մեկ տարի, ապա բանակցություններն այս բաղադրիչի շուրջ ենթադրաբար շատ ավելի ժամանակ կպահանջեն։ «Պետք է հաշվի առնենք, որ Ասոցացման համաձայնագրում այն մեկ առանձին պայմանագիր էր՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր, իսկ այս դեպքում պետք է նախկին պայմանավորվածությունները կրճատել և ապագա համաձայնագրում ներառել մի քանի կետով կամ բաղադրիչով, ինչն այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող խնդիր չէ»,- կանխատեսեց լեհ փորձագետը։ Այնուամենայնիվ, վերջինիս համոզմամբ՝ կարելի է հուսալ, որ ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը կստորագրվի մյուս տարի առանց խոչընդոտների։

Զաշտովտի համաձայն՝ խնդիրներ չեն լինի, քանի որ համաձայնագրի բոլոր դրույթները, ամենայն հավանականությամբ, քննարկված են հնարավոր արգելակող կողմերի հետ, հաշվի առնված են հնարավոր բոլոր ռիսկերը ու ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին։ «Եթե նկատել եք, վերջին շրջանում ու ընդհանրապես Հայաստանի պարագայում, ռուս պաշտոնյաները ցավոտ չեն ընկալում ՀՀ-ԵՄ հարաբերությունները ու բանակցությունները։ Սա կարող ենք ցուցիչ համարել, թե որքան խորը կլինեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները»,- նման կարծիք հայտնեց լեհ վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս