«Վստահ չեմ, որ որ այս տարվանից սկսած բանակցությունները կարող են հիմք ծառայել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար». Ստեփան Սաֆարյան

«Պայմանագրի ստորագրման դժվարությունները որակվում են տեխնիկական, բայց դրանք այնքան էլ տեխնիկական չեն իրենց շատ լայն համատեքստում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ու նախատեսվող պայմանագրի ստորագրման մասին։ Ս. Սաֆարյանը նկատեց, որ 3.5 տարի է, ինչ Հայաստանը և ԵՄ-ն փորձում են վերասահմանել իրենց հարաբերությունները, իսկ մինչև դա 3.5 տարի էլ շատ խորը բանակցություններ են ունեցել հենց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ.

«Հիշում եք՝ 2013 թվականից հետո Եվրոպական հանձնաժողովը հանյտարարություն տարածեց, որ ըստ էության այժմ իրենք սպասում են Հայաստանի նոր պարտավորությունների որոշակիացմանը՝ ԵՏՄ-ի հետ պայմանավորված։ Կարծես թե, պետք է պարզ լիներ արդեն մեր պարտավորությունների շրջանակը, և, եթե այսքան ժամանակահատվածում անհնար է ուղղակի «քոփի փեյսթերով» բերել և դնել թղթի վրա այն, ինչ բանակցվել է այսքան ժամանակ, ինձ թվում է՝ արդեն հասկանալի պետք է դառնա, որ խոչընդոտները տեխնիկական չեն, քաղաքական են»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանում բանկացությունների մանրամասների մասին տեղեկացումը բավարա՞ր է նրա համար, որպեսզի Հայաստանը Բրյուսելի հետ ստորագրի նոր շրջանակային պայմանագիր, Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ՝ ոչ, բավարար չէ.

«Որովհետև ի սկզբանե խնդիրը եղել է և մնում է պայմանավորված Արևելյան գործընկերության նկատմամբ Ռուսաստանի ունեցած վերաբերմունքով։ Ե՛վ 2013 թվականի, և՛ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններն ուղղակի հետևյալն էր. Ռուսաստանը փորձեց սպանել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը։ Իմ զգուշավորությունը՝ պայմանագրի ստորագրման հետ կապված, դեռևս պահպանվում է, և ես այնքան էլ վստահ չեմ, որ այս տարվանից սկսած բանակցությունները կարող են հիմք ծառայել դրա ստորագրման համար»։

Տեսանյութեր

Լրահոս