Ինչո՞ւ գաղտնի պահվեց Երևանի առաջին տպարանի պայթեցման որոշումը. ով է տարածքի սեփականատերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում պայթեցման միջոցով քանդվեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը: Շենքը մոտ 100 տարվա պատմություն ուներ եւ, կարելի է ասել, Երեւանի պատմության անբաժան մասն էր: Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր. կարելի է ասել՝ այդ որոշումը այնքան էլ հրապարակային չէր եւ շատերի համար անակնկալ էր:

Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, եւ կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերեւս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:

Շենքի տեղում, ըստ շրջանառվող լուրերի, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց: Երեկ մամուլը հետեւողականորեն փորձում էր պարզել, թե ով է այդ տարածքի սեփականատերը: Վերջինս այդպես էլ իրեն «չմատնեց»: Մեր տեղեկություններով, տվյալ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Գենիկ Կարապետյանն է: Նշենք, որ պայթեցումը իրականացրել են «Նորտեղ Շին» ընկերության մասնագետները: Վերջիններս գործել են պրոֆեսիոնալ: Պայթեցված շենքի հարեւանությամբ գտնվող շինությունները չեն տուժել, իսկ արտաքին պատերը պայթյունի հետեւանքով «ծալվել են» դեպի ներս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս