Ո՞վ է թյուրըմբռնում ունեցել. Ֆինանսների նախարա՞րը, թ՞ե լրագրողները

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվել էին, թե արդյոք նախարարության ուսումնական կենտրոնը, որի մասին շատ է խոսվել և որի վրա ահռելի ծախսեր են արվել, և որի մասին լուրեր էին տարածվել, թե վաճառքի է հանվելու, «կգլխատվի՞»: Նախարարը պատասխանել էր, որ կենտրոնը ՊՈԱԿ է, որը նախատեսվում է լուծարել, իսկ գույքը հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն:

Բնականաբար, ինչպես մամուլում էր շրջանառվում, պետբյուջեի հսկայական միջոցներով կառուցված Դիլիջանի շքեղ ուսումնական կենտրոնից հրաժարումը իրարանցում առաջացրեց և լրագրողները շտապեցին այդ լուրը րոպե առաջ հրապարակել: Սակայն ավելի ուշ նախարարությունը պարզաբանում տարածեց, որ Վ.Արամյանն ի նկատի չի ունեցել Դիլիջանի ուսումնական կենտրոնը, այլ խոսել է Երևանի ուսումնական կենտրոնի մասին, իսկ Դիլիջանի կենտրոնն այս տարի մարտին կրկին փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ):

Ինչպե՞ս տեղի ունեցավ այս թյուրըմբռնումը: Թեև լրագրողների և նախարարի ողջ խոսակցության ընթացքում չի հնչել «Դիլիջան» բառը, որտեղ գտնվում է այդ գերթանկարժեք կենտրոնը, սակայն հստակ էր, որ խոսքը հենց Դիլիջանի կենտրոնի մասին է, որի մասին որքան ժամանակ գրում է մամուլը` նշելով, թե որքան գումարներ են պետբյուջեից ծախսվել այդ կենտրոնի կառուցապատման և կահավորման վրա: Նախ` Վարդան Արամյանի պատկերացրած երևանյան կենտրոնը մամուլի ուշադրության կենտրոնում չի եղել, երկրորդ, դրա վրա մեծածավալ գումարներ չեն ծախսվել և, ի վերջո, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այդ կենտրոնի հետ կապ չի ունեցել: Գ.Խաչատրյանը նախաձեռնել և իրականացրել է Դիլիջանի կենտրոնի շինարարությունը:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել էին Դիլիջանում ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վրա կատարված ծախսը, և, ըստ փորձագետների` կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ:

Մինչդեռ, ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վ.Արամյանն այսօր, այս հարցի շրջանակներում, խոսել է հարկատուների գումարները ծախսելու արդյունավետությունից, հստակ հնչել է հարց, թե ի՞նչ են լինելու ուսումնական կենտրոնի թանկարժեք կահույքը, լոգարանները: Նաև լրագրողներից մեկի կողմից հստակ հնչել է հարց` «ուրեմն անիմա՞ստ էր ծախսը, Գագիկ Խաչատրյանը հենց էնպես, բյուջեի գումարները մսխվեցի՞ն», որին Վ.Արամյանը պատասխանել է հարցին` մեջբերելով իր սկզբունքները, թե իր նախորդների վերաբերյալ գնահատական չի տվել և չի տա: Նա, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով կենտրոնի մասին հարցին, ասել էր. «Դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք անարդյունավետ են և նույն ծառայությունը կարող են մատուցել այլ ուսումնական հաստատությունների միջոցով»,- ասել էր Վ. Արամյանը` հավելելով, որ պետք է մտածեն, որպեսզի յուրաքանչյուր հարկատուի գումարներն ավելի արդյունավետ ծախսվեն:

Ամեն դեպքում` շատ հետաքրքիր «թյուրըմբռնում» ստացվեց: Եվ սա լավ առիթ է, որպեսզի կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մտածի Դիլիջանի ուսումնական կենտրոնի ճակատագրի մասին, որը նույնպես ՊՈԱԿ է: Առավել ևս, որ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 29-ի նիստում գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարել էր վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար՝ պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում»,- ասել էր վարչապետը:

Ինչևէ, այսքանից հետո շատ զարմանալի է, որ Ֆինանսների նախարարի և լրագրողների ճեպազրույցում «թյուրըմբռնում» է եղել: Մնում է պարզել` ինչով է զբաղվում նախարարի նշած Երևանյան ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ն ինչով է զբաղվում, և արդյոք այն ևս թանկարժեք վերանորոգման է ենթարկվել Դիլիջանի կենտրոնի պես, որի մասին հարցրել էին լրագրողները` հիշատակելով որպես «գերթանկարժեք» կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս