Բաժիններ՝

Ինչո՞ւ կառավարությունը չի հրաժարվում ԾԻԳ-երից

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության 13 ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակների) պահպանման ծախսերը կազմում են տարեկան 25 մլրդ դրամ:

«Ֆինանսների նախարարությունն ունի 13 ԾԻԳ, 356 աշխատողներ, պահպանման ծախսերը` 25 մլրդ: Երբ այս ամենն ու վարչապետի հանձնարարականը համադրում ենք, արդյոք մենք կարո՞ղ ենք նույն արդյունքն պաահովել` օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Կարծում եմ` այո: ԾԻԳ-երից չենք հրաժարվելու, գնալու ենք ԾԻԳ-երի համախմբման ճանապարհով»,- ասել է նախարարը:
Բավականին լուրջ թիվ է՝ 25 մլրդ դրամ։ Ստացվում է՝ յուրաքանչյուր աշխատողի բաժին է ընկնում տարեկան մոտ 70 մլն դրամ։ Բնականաբար, այս գումարի մեջ, աշխատավարձերից բացի, մտնում են նաև վարչական ծախսերը (շենք-շինություններ, կոմունալ վճարներ և այլն)։ Ամեն դեպքում՝ մեծ թիվ է։

Ի՞նչ է տալու ԾԻԳ-երի համախմբումը։ Նախ՝ վարչական ծախսերը որոշ չափով կկրճատվեն։ Ասենք, 13 տարբեր ԾԻԳ-երի փոխարեն՝ իրենց առանձին շենքերով, տնօրեններով, փոխտնօրեններով ու վարչական ապարատով, կլինի, պայմանականորեն՝ 5 կամ 6 ԾԻԳ։
Բնականաբար, կկրճատվի նաև աշխատողների թիվը։ Այս գործողությունների արդյունքում որոշակի գումար հնարավոր կլինի խնայել։ Կոնկրետ որքա՞ն՝ այս պահին չի նշվում։

Իսկ ինչո՞ւ, ամեն դեպքում, կառավարությունը ԾԻԳ-երից չի ցանկանում վերջնականապես հրաժարվել։ Այս հարցին կառավարությունը կպատասխանի, որ ԾԻԳ-երի աշխատանքն այսօր անհրաժեշտ է, խնդիրները, որ դրված են, անհնար է լուծել՝ առանց ԾԻԳ-երի։

Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ առանձին ու երկար բանավեճի թեմա է։ Սակայն կա մեկ այլ խնդիր, որը ԾԻԳ-երը բավականին արդյունավետ լուծում են՝ պետական պաշտոնյաների հարազատների, պատգամավորների զավակների համար բարձր վարձատրվող աշխատատեղ են ապահովում։ Ավելին, ԱԺ պատգամավորներ կան, որոնք իրենց երեխաներին և որպես իրենց օգնական են աշխատանքի ընդունել, և այդ ԾԻԳ-երում աշխատանքի են տեղավորել:

Ճիշտ է, Ծրագրերի իրականացման գրասենյակներում ներգրավված անձանց աշխատանքի վարձատրման ներկայիս մեխանիզմով՝ վարձատրության չափը սահմանվում է՝ ըստ գործակիցների, ըստ որոնց, օրինակ, ԾԻԳ-ի տնօրենի աշխատավարձը կազմում է ամսական մոտ 500 հազար դրամ։ Այդ 13 ԾԻԳ-երում աշխատավարձերը տարբեր են:

Ըստ մեր տեղեկությունների՝ ամենաբարձր աշխատավարձերը «Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագիր» ԾԻԳ-ում են, որտեղ աշխատավարձերն անցնում են 4000 դոլարից, իսկ սովորական աշխատողների աշխատավարձը 400-500.000 դրամից է սկսվում:

Միգուցե այդ բարձր աշխատավարձերը պարգևավճարների տեսքով են կամ այլ մեխանիզմներով, ամեն դեպքում, լավ կլիներ, եթե կառավարությունը մանրամասն ծախսերի բացվածք ներկայացներ՝ ըստ յուրաքանչյուր ԾԻԳ-ի և ՊՈԱԿ-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս