«Այն, ինչ ՀՀ նոր կառավարությունն է խոստանում, հեղափոխություն է վերևից, սակայն հստակ չէ, թե այն ինչպես է իրականացվելու». Լիլիթ Գևորգյան

168.am-ը ներկայացնում է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ հարցազրույցի ներքաղաքական հատվածը։

– ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությունից հեռացրեց մարդկանց, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հենասյուները, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը, և այլք։ Ի՞նչ կոնտեքստում պետք է ընկալել այս փոփոխությունները՝ ըստ Ձեզ։ Սրանք իրական բարեփոխումներ կարելի՞ է համարել։

– Հայաստանում, ինչպես նաև Եվրասիական միության այլ անդամ երկրներում ընթանում են նմանատիպ փոփոխություններ: Ձևավորվում են նոր կառավարություններ, օրինակ՝ Ղազախստանում, Ղրղըզստանում, կամ դանդաղ սերնդափոխություն է կատարվում Ռուսաստանում, ինչի արդյունքում օլիգարխիայի ավելի վառ որոշ ներկայացուցիչներ աստիճանաբար հեռանում են քաղաքական իշխանությունից` իհարկե, պահպանելով իրենց բիզնեսները:

Նրանց փոխարինում են այդ նույն օլիգարխիկ համակարգում ձևավորված առավել երիտասարդ վարչարարներ: Վարչարարներն առավել հավատարիմ են համակարգին, որտեղ իրենք տարիների ընթացքում ձևավորվել են: Ավելին, այս վարչարարները կրում են նաև որոշ գաղափարախոսություն՝ ի տարբերություն վաղ շրջանի օլիգարխների, որոնք հիմնականում քաղաքական լծակներին ձգտում էին պարզապես իրենց բիզնեսներն ընդլայնելու համար:

Այդ նոր գաղափարախոսությունը դեռ ձևավորվում է, բայց արդեն նշմարելի են հիմնական ուղեգծերը. քաղաքական կայունություն (կարդալ` միակուսակցականություն կամ մեկ վարչարարական խմբի անժամկետ իշխանություն)՝ հանուն տնտեսական աճի: Պատահական չէ, որ սինգապուրյան մոդելը հաճախ է օրինակ բերվում, ինչը, ի դեպ, իմ կարծիքով՝ կիրառելի չէ Հայաստանում:

Այս փոփոխությունների արդյունքում հնարավոր է նաև խոշոր բիզնեսների վերաբաշխում, ուր հաղթողներ կլինեն նրանք, ովքեր ավելի ճկուն են նոր իրավիճակին հարմարվելու տեսանկյունից և քաղաքական նպատակներ չեն հետապնդում։

Փոփոխությունները երկու խնդիր ունեն` վերարտադրել ներկայիս համակարգը՝ բերելով նոր ավյուն, և հասարակության համար ավելի ընդունելի նոր դեմքեր: Երկրորդը` փորձել դիմակայել 2008 թվականից ի վեր տևող ցածր տնտեսական աճին, խորացող աղքատությանը և հնարավոր սոցիալական ցնցումներին: Սա, իհարկե, համակարգային փոփոխություն չէ, այլ կոսմետիկ քայլեր են՝ նաև արևմտյան ներդրողներ ներգրավելու համար:

Իսկ նախկին խորհրդային տարածաշրջանում համակարգային փոփոխությունների դեպքում խթանը գրեթե միշտ եկել է ներքևից: Այն անպայման ուղեկցվել է նոր քաղաքական ուժերի իշխանության գալով, երբ հին վարչախմբի անդամները ոչ միայն՝ պաշտոն են կորցրել, այլև՝ ձեռք բերված ունեցվածքը, և որոշ դեպքերում պատասխանատվության են ենթարկվել: Ի վերջո, հարկ է հիշել, որ թույլ տնտեսությունը և կաշառակերությունը վատ քաղաքական ինստիտուտների արդյունք են։ Այսինքն՝ սրանք քաղաքական խնդիրներ են, ոչ թե՝ տնտեսվարման:

Իհարկե, ՀՀ կառավարության ցանկացած ծրագիր, որը խոստանում է պայքար կաշառակերության դեմ և տնտեսական աճ, ողջունելի է: Հասկանալի են նաև հայաստանյան հասարակության որոշ հատվածում ավելի լավատեսական տրամադրությունները և ցանկությունը՝ չքննադատել նոր կառավարությանը: Սակայն ներդրումային ռիսկերի գնահատման տեսակետից, մանավանդ, երբ Հայաստանը փորձում է օտար ներդրողներ բերել, միայն խոստումը բավական չէ, իսկ լուրջ քննադատական աչքով նոր ծրագիրը գնահատելը պարտադիր է ցանկացած ներդրում անելու համար, ինչն արդեն արվում է։

Սա առաջին տեխնոկրատ կառավարությունը չէ, որ Հայաստանում ձևավորվում է: Հստակ չէ, թե որո՞նք են Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունների ծրագրային տարբերությունները: Ավելին, երկուսն էլ ձևավորվել են նույն նախագահի հսկողության տակ: Նաև հստակ չէ, թե այս կառավարությունը ժամանակավո՞ր է լինելու, թե՞  ոչ՝ հաշվի առնելով գալիք ընտրությունները։

Այն, ինչ նոր կառավարությունն է խոստանում, ըստ էության, վերևից եկող հեղափոխություն է: Սակայն հստակ չէ, թե այն ինչպես է իրականացվելու: Ինչպե՞ս են վերացվելու օլիգարխները, որոնք ոչ միայն ունեն մենաշնորհներ, այլ նաև լինելով իշխանական բուրգում՝ կարող են խուսափել հարկերից, ինչն արդեն խեղում է մրցակցությունը: Արդյոք կլինի՞ դատական համակարգ, որը կպատժի հարկերից խուսափող օլիգարխներին: Տնտեսության և նաև ազգային անվտանգության կարևորագույն խնդիր է էներգակիրների դիվերսիֆիկացիան, այսինքն՝ ռուսական «Գազպրոմից» Հայաստանի տնտեսության կախվածության վերացումը: Այս մասին անգամ չի նշվում նոր Կառավարության ծրագրում: Բացի այդ, տնտեսական աճին վնասում են ռուսական գազի բարձր գները, որոնք, ի դեպ, ավելին են, քան Ուկրաինային տրվող ռուսական գազի արժեքը: Պետական գործակալությունների և նախարարությունների կրճատումները ողջունելի են, բայց հստակ չէ, թե ինչո՞ւ է Հայաստանն իր խիստ սահմանափակ ֆինանսներով՝ շարունակելու պահել խոշոր ոստիկանական ուժ, որը ՄԱԿ-ի կողմից սահմանված քաղաքացի-ոստիկան հարաբերակցությունից զգալիորեն բարձր է:

 – Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգ հնչեցրեց՝ նշելով. «Մինչ վարչախումբը զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն  ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ, այս անգամ՝ թաքնված ԴԵՖՈԼՏ  «բարեհունչ» անվան տակ»: Համամի՞տ եք արդյոք այս գնահատականի հետ։

– Դեֆոլտ, այսինքն՝ պետական արտաքին պարտքի չվճարումը տեղի է ունենում, երբ պետությունը կամ չի ցանկանում վճարել, կամ ի վիճակի չէ վճարել: Կարծում եմ՝ Հայաստանն ամեն ինչ կանի, որ վճարի իր հասունացող պարտքերը և ընթացիկ շահութավճարները: Ավելին, ՀՀ հիմնական պարտքը միջազգային կազմակերպություններինն է, հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF, International Monetary Fund), որոնց պարտքը պետք է առանց ուշացնելու մարվի: Սա մեծացնում է դեֆոլտի ռիսկը մասնավոր ներդրողների համար, ովքեր հայկական պարտատոմսեր են գնել. այն, ինչը եղավ Ուկրաինայի հետ 2015-ին:

Մոտակա 12-18 ամիսների ընթացքում դեֆոլտի վտանգը ցածր է: Բայց, երկարաժամկետ վտանգը շատ ավելի բարձր է: Ներկայումս երեք խոշոր վարկային ընկերությունների՝ Moody’s, Standard & Poor’s, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների  կոնսենսուսային գնահատմամբ՝ Հայաստանի պետական վարկի վարկանիշը B+, այն է `«Չվճարման բարձր հավանականություն» (ընդհանրապես` ամենալավը` AAA է, իսկ վատը`D է ): Համեմատելու համար նշենք, որ Ադրբեջանն ունի ավելի լավ BB+ վարկանիշ, այն է` «Հավանական է, որ կվճարի»:

Ավելին, այս տարվա փետրվարին Moody’s ընկերությունը Հայաստանի վարկանիշը դրեց «Բացասական ապագա» կատեգորիայում, ինչը նշանակում է, որ ՀՀ պարտատոմսի վարկանիշը կարող է կրկին իջնել:

Դեֆոլտի հավանականությունը մեծանում է մի քանի պատճառներով: Նախ՝ Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ համեմատած աճում է: ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է՝ Ուկրաինայից և Ղրղըզստանից հետո: Հիշեցնեմ, որ Ուկրաինան դեֆոլտի դիմեց 2015-ին: Դրամի արժեզրկումն արտաքին պարտքի բեռը մեծացնում է: Մեր հաշվարկներով՝ 2016-18 թվականներին Հայաստանի արժութային եկամուտների 22%-ը կծախսվի արտաքին պարտքի մարման և տոկոսների վճարման վրա:

Դեֆոլտի ռիսկը մեծանում է, քանի որ Հայաստանը չի կարողացել ձևավորել ավելի ամուր և բազմատեսակ տնտեսություն, որ արտաքին շոկերին լավ դիմակայի: Ավելին, կոնկրետ Հայաստանի արտահանումները շատ չեն, հիմնականում՝ մետաղական և գյուղատնտեսական ապրանքներ: Սա տնտեսությունը խոցելի է դարձնում, երբ մետաղի համաշխարհային գներն ընկնում են, կամ վատ եղանակ է լինում: Ավելին, ինչպես վերջին 10 տարվա տվյալներն են ցույց տալիս, Հայաստանը գնալով տնտեսապես կախված է դարձել Ռուսաստանից: 10 տարի առաջ այս կախվածությունը, ըստ ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ վիճակագրության, շատ ավելի քիչ էր: Սա նշանակում է, որ Ռուսաստանի վատառողջ տնտեսական վիճակն ազդում է Հայաստանի արտաքին եկամուտների վրա, ուստի սա ևս բարձրացնում է դեֆոլտի ռիսկը:

Բայց ամենամտահոգիչը Հայաստանի խիստ կախվածությունն է տրանսֆերտներից և դրանց նվազումն է: Այս նվազումը երկու պատճառ ունի` ժամանակավոր և մշտական: Տրանսֆերտները հիմնականում գալիս են Ռուսաստանից, ուր տնտեսական աճ դեռ չկա, իսկ մոտ ապագայում թույլ է լինելու: Այսինքն՝ որոշ չափով տրանսֆերտները կվերականգնվեն: Վատ լուրն այն է, որ Հայաստանից ամբողջ ընտանիքների մեծ արտահոսք է գնում, ինչի արդյունքում տրանսֆերտ անողների թիվը պարզապես պակասում է:

Պատերազմի հավանականությունը և ենթադրվող ծախսերը ևս ռիսկն ավելացնում են, մանավանդ, երբ ՀՀ պաշտպանության նոր նախարարը խոսում է «ազգ-բանակ» ստեղծելու կամ ռազմաարդյունաբերությունը տնտեսության խթան դարձնելու մասին: Շատ արտաքին ներդրողների համար սա առնվազն մտահոգիչ կարող է հնչել: Ավելին, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հուլիսի դեպքերը («Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները.- Ա.Մ.) ահաբեկչական լայնածավալ գործողություն էր, ինչն ավելացրեց ՀՀ ներքաղաքական ռիսկը՝ ենթադրելով, որ Հայաստանը պահպանելու է իր հսկայական ծախսերը՝ Ոստիկանության ներկայիս թվակազմը պահելու համար:

Վերջապես, մոտակա հինգ տարիների ընթացքում դեֆոլտի ռիսկը մեծանում է, քանի որ հստակ չէ, թե ինչպես է Հայաստանն ուղիղ ներդրումներ գրավելու: 2015-ին Հայաստանի իշխանություններն ու հանրությունն ընտրեցին Եվրասիական միությանն անդամակցությունը, ինչը, թերևս, նպաստել է որոշ ճյուղերում արտահանումների մեծացմանը, բայց փոխարենը՝ պակասել է Արևմտյան ներդրումների հոսքը, իսկ ռուսական ներդրումները չնչին են:

Իհարկե, արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ շատ այլ երկրներ կան, որոնք ավելի վատ ցուցանիշներ ունեն: Օրինակ, ՀՀ արտաքին պարտքը կարող ենք համեմատել Բելգիայի հետ, ուր պարտքը հասնում է ՀՆԱ-ի գրեթե 100%-ի: Բայց Բելգիան համարվում է բարձր վարկանիշ ունեցող երկիր, և անհրաժեշտության դեպքում այն կարող է պարտատոմսեր վաճառել շատ մատչելի պայմաններով կամ իր պարտքը վերաձևակերպել: Այդ երկիրն ունի բաց, զարգացած տնտեսություն և ինստիտուտներ, և, ինչպես վերջին տարիներին տեսանք, այն անգամ կարող է հանգիստ ամիսներ շարունակ անխափան գործել՝ առանց ֆեդերալ կառավարության: Այս ամենը բացակայում է Հայաստանի դեպքում:

Հայկական դեֆոլտի ռիսկը կարող է կտրուկ աճել նոր տնտեսական ճգնաժամի կամ պատերազմի դեպքում: Երկու դեպքում էլ Հայաստանը միջազգային կապիտալի շուկաներում կդժվարանա պարտատոմսեր վաճառել կամ իր վարկերը վերաձևակերպել: Բացի այդ, ՀՀ ներկայիս տնտեսական մոդելը շարունակվող արտագաղթի պայմաններում չի կարող ապահովել այնպիսի լուրջ տնտեսական աճ, որը թույլ կտա ապահովել թե՛ արտաքին առևտրային հաշվի քրոնիկ պակասորդի ֆինանսավորումը, թե՛ բյուջեի պակասորդի ֆինանսավորումը և աճող արտաքին պարտքի մարումը: Դեֆոլտի ռիսկը, հավանական է, որ կմեծացնի Ռուսաստանից կախումը, քանի որ վերջինս կարող է ֆինանսական օգնություն առաջարկել Հայաստանին: Իսկ այդ օգնությունը, բնականաբար, կունենա նաև տնտեսական և քաղաքական հետևանքներ Հայաստանի համար:

Տեսանյութեր

Լրահոս