Բաժիններ՝

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Հայաստանում անցկացվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությանը. Արմեն Աշոտյան

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ հայկական ուժեղագույն 5 թիմերի մասնակցությամբ:

Այս մասին այսօր հայտնի դարձավ հրավիրված ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանն ու «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։

«Անցյալ տարի Հայաստանը նվաճեց 2016 թվականի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը: Գաղտնիք չէ, որ ինտելեկտուալ շարժումը Հայաստանում մեծ արմատներ ունի, որոնք գալիս են դեռևս 80-ականներից: Կարծում ենք՝ մեր երկրում Աշխարհի առաջնության կազմակերպումը վերանայելու պատիվն այս ասպարեզում Հայաստանի ինտելեկտուալ ճանաչման տրամաբանական շարունակությունն է: Հայաստանում աշխարհի առաջնության անցկացումը մի քանի նպատակներ հետապնդելով՝ հաջողությամբ կպսակվի՝ նախ և առաջ՝ ևս մեկ անգամ ֆիքսելու մեր երկրի դիրքն ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզում՝ հնարավորություն տալով հայ գիտակներին շփվելու աշխարհի հայտնի ու լավագույն խաղացողների հետ, իհարկե, զարկ տալով Հայաստանի ներսում ինտելեկտուալ շարժման զարգացմանն ու առհասարակ ինտելեկտի գնահատմանը՝ որպես կարևոր գործոն մարդու կյանքում»:

Այս պահին հայտերի ամփոփումն արդեն ավարտված է. «Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել և մասնակցելու են մոտ 400 գիտակներ, 56 թիմեր՝ աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Իսրայելից, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներից, բացառությամբ՝ Տաջիկստանից, Ղրղըզստանից և Ադրբեջանից»:

Կարդացեք նաև

Ասուլիսի բանախոս Արմեն Աշոտյանը տեղեկացրեց. «Մենք հրավիրել էինք նաև Ադրբեջանի թիմերին, պաշտոնական կարգով ծանուցելով նաև նրանց երաշխավորված անվտանգություն այստեղ՝ մեր երկրում, թեև որևէ մեկի անվտանգությունը երաշխավորելու կարիք մենք մեր երկրում երբեք չենք ունեցել, որովհետև Հայաստանը շահեկանորեն տարբերվում է հարևան երկրից՝ ի տարբերություն Ադրբեջանում քարոզվող հայատյացության: Ինչևէ, նրանք հրաժարվել են մասնակցությունից: Պետք է նկատեմ նաև, երբ աշխարհի առաջնությունն անց էր կացվում Ադրբեջանում, մենք նրանցից ո´չ մասնակցելու, ո´չ անվտանգության համապատասխան երաշխիքներ չենք ստացել: Հետևաբար, ի տարբերություն մեր հարևանների, մենք արել ենք ամեն ինչ, որ աշխարհի առաջնությունը լինի մաքսիմալ ներկայանալի և ընդգրկուն՝ դուրս քաղաքական որևէ գործընթացներից»:

Խոսելով խաղի ռուսալեզու ֆորմատի մասին՝ Արմեն Աշոտյանը նշեց. «Թեպետ խաղը ռուսալեզու է, սակայն մասնակցող երկրների աշխարհագրությամբ այն համաշխարհային է: Այս տեսակետից որոշ լրատվամիջոցներ սիրում են քաղաքականացնել խաղի ռուսալեզու լինելու հանգամանքը, կարծում եմ՝ այդ քննադատությունը խամրում է, համեմատությամբ բոլոր այն առավելությունների, որ տալիս է մեզ նման խոշորամասշտաբ ծրագրի իրականացումը Հայաստանում»:

Տիգրան Քոչարյանը կոչ արեց լրագրողներին առավել ակտիվ լուսաբանել առաջիկա առաջնությունը. «Հայաստանի տարածքում առաջին անգամն է այսօրինակ խոշոր ինտելեկտուալ միջոցառում անցկացվում: Կարծում եմ, սա մեր երկրի համար մեծ հեղինակություն է, ոչ միայն ինտելեկտուալ, այլև Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու տեսակետից: Առաջնության ողջ ընթացքում ներկա է լինելու «ТВ игра»-ի ողջ անձնակազմը, որը Մոսկվայում նկարահանում է տեղի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը, հայկական գործընկերոջ՝ «Panarmenian Media Group»-ի հետ ապահովելով օն-լայն հեռարձակում ողջ առաջնության ընթացքում»:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի հետ միասին: Առաջնությունը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձոր քաղաքում՝ նոյեմբերի 12-13-ին: Առաջնությանը ներկա են լինելու բոլորիս քաջ հայտնի գիտակները, այդ թվում՝ նաև Մոսկվայից: Միջոցառումն ունենալու է պաշտոնական բացում, իսկ ավարտին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիան շնորհելու է տարվա մրցանակներ, այսպես ասած՝ ինտելեկտուալ «Օսկարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս