Բաժիններ՝

Շարմազանովն ԱԺ-ում սկսում է «Արի տուն» ծրագիրը

«Պատգամավորները, որոնք հիմա գտնվում են իրենց աշխատասենյակներում կամ միջանցքներում հարցազրույցներ են տալիս, հրավիրում ենք դահլիճ, «Արի տուն» ծրագիրը մեկնարկեց»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես պատգամավորներին հրավիրեց Նիստերի դահլիճ։

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս օրենսդրական փաթեթի միտքն ա՞յն է, որ անձը մինչև վերջ չզրկվի իր օթևանից, այլ ինչ-որ կերպ մեղմվի դա։ Ի պատասխան՝ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ, այո, նախագիծն ունի սոցիալական բնույթ.

«Մեր նախագծի հիմնական գաղափարը հետևյալն է՝ եթե գալիս է մի իրավիճակ, երբ անձը չի կարողանում իր պարտավորությունը կատարել, չունի այլ գույք, եթե այդ գույքն ավելի էժան է, քան կառավարության կողմից սահմանված գինը, այդ գույքն ընդհանրապես չի վաճառվում և մնում է պարտապանին, իսկ եթե գույքն ավելի թանկ է, քան սահմանված է կառավարության որոշմամբ, ապա գումարի տարբերությունը վերադարձվում է անձին, նրան հնարավորություն է տրվում այդ գումարը տնօրինել բնակարան ձեռք բերելու համար, կամ ինչ-որ կերպ իր բնակարանային պահանջմունքները բավարարել»,- նշեց հիմնական զեկուցողը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի համար նախատեսված նվազագույնը սահմանված մեծություն չէ, ու դա պետք է կառավարությունը սահմանի.

«Եթե օրենք ենք գրում, կառավարությունն էլ պետք է դրանից ելնող որոշում կայացնի, ինչո՞ւ օրենքի մեջ չենք գրում, որ կառավարությունն այս խնդիրը կարգավորող որոշումն ընդունելու է երկու ամսվա կամ մեկ ամսվա ընթացքում։ Քանի որ մեր ընկերների մեծ մասն իրավաբաններ չեն, այդպես էլ չհասկացան, թե այդ միակ բնակարանը ո՞ր դեպքում չի բռնագանձվում, դուք թվարկեք, թե այս օրենքը ո՞ր դեպքերի վրա է տարածվում։ Թե չէ տպավորություն է, թե սրանից հետո միակ բնակարանի կամ միակ հողամասի վրա էլ բռնագանձում չի լինելու»։

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ անձը, որը պարտավորություն ունի վնասի հատուցում տալ, այսինքն՝ անձը հանցագործություն է կատարել, գույքային վնաս է պատճառել, այդ գույքային վնասը պետք է հատուցվի, անկախ նրանից՝ բնակարանը միակն է, միակը չէ, բռնագանձվում է.

«Անձը պարտականություն ունի հատուցելու մեկ այլ անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասը, այս դեպքերում ևս այս գույքը շատ հանգիստ վաճառվելու է, որևէ սահմանափակում չկա, մյուս բոլոր դեպքերում, երբ անձն ունի քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերություններից ծագող պարտավորություն, գույքային պարտականություն, ապա այդ գույքի մեջ, եթե կա բնակարան, որն իր միակ բնակարանն է, ապա այս բնակարանը հակադիր կատարողը չի կարող հանել աճուրդի, վաճառել, եթե այդ բնակարանի գնի 75 տոկոսը հավասար է կառավարության կողմից սահմանված որոշակի գնին»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս