«Կառավարության ծրագիրը, նոր վարչապետի, նախարարների հայտարարություններն ու Հարկային օրենսգիրքը հակասում են իրար». Տիգրան Ջրբաշյան

«Ընդունված Հարկային օրենսգիրքը, չնայած որոշակի շտկումներին և փոփոխություններին, մնաց այն նույն մոտեցման ներքո, ինչպես մշակվել էր։ Իրականում այն չի համապատասխանում կառավարության ծրագրին։ Դա որոշակի ժառանգություն էր, որը ներկա կառավարությունը ստացավ նախորդ տնտեսական իշխանություններից։ Համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ նոր կառավարությունը պատասխանատվություն չի կրում տվյալ Հարկային օրենսգրքի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ նկատելով, որ այնուամենայնիվ, Հայաստանը մտնում է նոր փուլ, և տվյալ օրենսգրքի վրա աշխատանքները կշարունակվեն։

«Այլընտրանք չկա, գործիքակազմը սահմանափակ է, և այդ գործիքակազմի գլխավոր գործիքը հարկային քաղաքականությունն է։ Առաջիկայում որոշակի փոփոխություններ այս փաստաթղթում կլինեն։ Հիմնական խնդիրն այն է, որ այս ամբողջ փաստաթղթի գաղափարախոսությունն է  թերի։ Շարունակել իրականացնել այն նույն մոտեցումները, որոնք իրականացվել են վերջին տարիներին, որևէ փոփոխություն դժվար թե բերի»,- ասաց նա։

Ըստ Ջրբաշյանի՝ կառավարության ծրագիրը,  նոր վարչապետի ու նախարարների հայտարարությունները և Հարկային օրենսգիրքը հակասում են իրար։ Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր ոք կարող է ներկրմամբ զբաղվել, նա ասաց, որ գոյություն ունեցող իրավական դաշտը որևէ խոչընդոտ չի էլ ստեղծել ներկրման համար, այլ հարց է, որ մաքսային վարչարարության, տարբեր տիպի ստանդարտների կիրառման տեսակետից ձևավորվում էին ոչ հավասար պայմաններ, որոնք, ըստ նրա՝ այս կամ այն խաղացողի կողմից կիրառվում էին ավելի լավ մրցակցային դիրքեր գրավելու համար.

«Այդ խաղացողը ստանալով առավելություն՝ դառնում էր մենաշնորհ։ Երբեք չեք տեսնի իրավիճակ, որ ինչ-որ մեկին արգելեն ներմուծել։ Այլ հարց է, որ այն վարչարարական մեխանիզմները, որոնք կիրառվել են, բերել են մրցակցային դիրքերի փոփոխության։ Անդամակցությունը ԵՏՄ-ին ինքնըստինքյան ենթադրում է, որ մաքսային վարչարարությունն ազգային մաքսային մարմինների կողմից և նրանց դերակատարումը նվազում է»։

Նա ընդգծեց, որ միանշանակ է՝ ներկրման ոլորտում կունենանք ավելի ազատական համակարգ՝ մի քանի փաստից ելնելով.

«Այլևս մեկ մաքսային մարմին չէ, այլ ԵՏՄ անդամ երկրների մաքսային մարմիններն էլ կան, և նաև դա էր պատճառը, որ մեզ մոտ եղավ մաքսային արժեքների նվազում։ Մյուս կողմից՝ վարչապետի այս հարցազրույցում հնչած միտքը, այո, կարող է իրականացվել, որովհետև հիմքում ընկած է մաքսային վարչարարության ֆենոմենը, այլ ոչ թե մաքսային քաղաքականության կամ օրենսգրքի ֆենոմենը։ Իհարկե, պետք է հասկանալ՝ ինչ ապրանքատեսակների մասով, որ ոլորտներում»։

Տեսանյութեր

Լրահոս