Բաժիններ՝

«Զենք կրելու իրավունք բացառապես տրված է քաղպաշտպանության այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում են սահմանամերձ գոտում». ԱԻՆ նախարարի տեղակալ

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց. «Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ զենք կրելու իրավունք մենք վերապահում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության այն ստորաբաժանումներին, որոնք զբաղվում են հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանությամբ, որևէ այլ ստորաբաժանում նախարարության համակարգում զենք կրելու իրավունք այս օրենքի ընդունման արդյունքում չի ստանում»։

Հիմնական զեկուցողն ասաց, որ պատգամավորը ճիշտ է հասկացել. «Զենք կրելու իրավունք բացառապես տրված է քաղպաշտպանության այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում են սահմանամերձ գոտում, ունեն իրենց համապատասխան հենակետերը, բնականաբար, պետք է զենք կրեն ու պահեն ենթակառուցվածքները՝ այն է՝ ջրամբարները, կամուրջները, և այլն։ Մնացած մեր ստորաբաժանումները, փրկարար ուժերը նման իրավունք չունեն»։

Խ. Հարությունյանը խնդրեց հստակեցնել՝ արդյո՞ք այդ հատուկ պաշտպանության օբյեկտների պատասխանատվությունը պայմանավորվա՞ծ է աշխարհագրական տեղանքով, այսինքն՝ սահմանամե՞րձ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ Հ. Մխիթարյանն ասաց. «Այսօրվա դրությամբ մեր իրավասության գործառույթների մեջ մտնում է հատկապես սահմանամերձ շրջանների ենթակառուցվածքների պահպանությունը, մնացած տեղերում մենք նման օբյեկտներ չունենք ու նման պահպանություն չենք կատարում,  նման պահպանություն կատարում են Ոստիկանության ստորաբաժանումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս