Բաժիններ՝

Ինչպե՞ս հաճախել եկեղեցի

Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է հաճախել եկեղեցի, հատկապես կիրակի և տոն օրերին՝ մասնակցելու Ս. Պատարագի արարողությանը: Եկեղեցին աղոթքի տուն է և մոմ վառելը եկեղեցի հաճախելու պարտադիր պայման չէ, կարևորը աղոթքն է և համապատասխան կանոնների պահպանումը.

1. Եկեղեցի մտնելիս պետք է խաչակնքվել:
2. Եկեղեցի մտնելիս պետք է լինել մարմնապես ու հոգեպես մաքուր, սթափ մտքով:
3. Եկեղեցի պետք է մտնել պատշաճ և վայելուչ հագուստով (սպորտային հագուստով կամ կիսավարտիքով չի կարելի մտնել եկեղեցի):
4. Տղամարդիկ եկեղեցի պետք է մտնեն գլխաբաց, կանայք՝ գլուխները գլխաշորով ծածկած:
5. Արգելվում է հարբած վիճակում եկեղեցի մտնել:
6. Արգելվում է զենքով եկեղեցի մտնել:
7. Եկեղեցի պետք է մտնել անաղմուկ, զգույշ քայլերով:
8. Եկեղեցում պետք է պահպանել կատարյալ լռություն, բարձրաձայն չաղոթել, չզրուցել:
9. Անջատել բջջային հեռախոսները:
10. Սուրբ Խորանի, Սուրբ Ավազանի և սրբապատկերների առջև մեջքով չկանգնել, կանգնել միշտ դեպի արևելք՝ հայացքը ուղղած դեպի Սուրբ Խորանը:
11. Եկեղեցում ձեռքերը գրպանը չդնել:
12. Ծեսի ընթացքում քահանայի աղոթքի, Սուրբ Ավետարանի ընթերցման և հավատամքի ժամանակ պետք է ոտքի կանգնել:
13. Սուրբ Խաչը կամ Սուրբ Ավետարանը համբուրելուց առաջ պետք է ասել «Մեղայ Աստուծոյ» և խաչակնքվել:
14. Եկեղեցուց դուրս գալիս շրջվել դեպի Սուրբ Խորանը, խոնարհվել և խաչակնքվել:

Սուրբ Հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է՝

1. Պահքով, ինքնաքննությամբ, խոկումով ու աղոթքով պատրաստվել, իսկ վերջին օրը ծոմ պահել:
2. Հոգևորականին խոստովանել մեղքերը և արձակում ստանալուց հետո միայն մոտենալ Սուրբ Հաղորդությանը:

Հոգևորականին հանդիպելիս պետք է ողջունել ըստ իր հոգևոր կարգի՝
Կաթողիկոսին՝ Աստված օգնական, Վեհափառ Տեր:
Եպիսկոպոսին՝ Աստված օգնական Սրբազան Հայր:
Վարդապետին և աբեղային՝ Աստված օգնական Հայր Սուրբ:
Քահանային՝ Օրհնեցեք Տեր Հայր:
Նույնը` հրաժեշտի ժամանակ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս