Ովքեր են դեմ քվեարկել կառավարության ծրագրին

Ազգային ժողովը ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Ներկայացնում ենք պատգամավորների անհատական քվեարկությունները, որի արդյունքները տեղադրված են Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Կառավարության ծրագրին դեմ են քվեարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անկախ պատգամավորներներ  Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկա է եղել, սակայն քվեարկությանը չի մասնակցել, իսկ Լյուդմիլա Սարգսյանը քվեարկել է ձեռնպահ:

Քվեարկությունից առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնել էր, որ ՕԵԿ-ը կառավարության ծրագրին ձեռնպահ է քվեարկելու: Ձեռնպահ քվեարկող պատգամավորներն են՝ ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Լևոն Դոխոլյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով ևս քվեարկությունից առաջ հայտարարել էր ձեռնպահ քվեարկելու մասին և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկա է եղել և չի մասնակցել քվեարկութ յանը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցության կուսակցական պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցելու: Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել  մի խումբ պատգամավորներ, ովքեր դադարեցրել են անդամակցությունը ԲՀԿ-ին, սակայն շարունակում են մնալ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ: ԲՀԿ-ն լքած և «Համախմբում» կուսակցությանն անդամակցած պատգամավորները՝ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը քվեարկությանը չեն մասնակցել, իսկ Վահե Հովհաննիսյանն ու «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը բացակայել են: Բացակայել է նաև «Ալյանս» կուսակցության հիմնադիր, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ով ևս ԲՀԿ-ն լքած պատգամավորներից մեկն է:

Կառավարության ծրագրի քվեարկության ընթացքում նիստից բացակայել են պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Հովհաննիսյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս