«Անցել ենք բավականին ծանր և դժվարին փուլեր և ներկայումս էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների շեմին». Գալուստ Սահակյան

Այսօր խորհրդարանում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկումը։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր հանրապետությունը, տևական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական և նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի երկրի տնտեսության, հասարակական և քաղաքական բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ այս բարեփոխումները սկսվել են վաղուց։

«Անցել ենք բավականին ծանր և դժվարին փուլեր և ներկայումս էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների շեմին։ Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսևորումներից, մենք ի զորու ենք հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր երկրի առաջ են ծառացած։ Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքերի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող և կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է՝ կառուցված ներկայի հնարավորությունների և ապագայի  պատկերացումների վրա։ Առաջադրելով նոր մոտեցումներ և գաղափարներ՝ այն հիմնվում է արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին»,- նշեց ԱԺ նախագահը։

Գ. Սահակյանն ասաց, որ ՀՀ-ի նոր կառավարությունն իր առաքելությունը ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ  պայմաններում և խորհրդարանական համակարգին անցման ամենապատասխանատու փուլում։ Սա, ըստ ԱԺ նախագահի, նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է  օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման և ընթացիկ ռազմավարական, այլև այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում, քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում և կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով. «Այս առումով կարծում եմ՝ առաջիկա 1-2 տարիներին խորհրդարանին ևս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական նոր հիմքերի ձևավորման տեսանկյունից»։

ԱԺ նախագահը համզոված է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության  մակարդակի բարձրացումը ոչ միայն  կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլև իրական նախադրյալներ  կստեղծի բնակչության և իրավաբանական անձանց  հարկային ու ֆինանսական բեռի զգալի թեթևացման համար։

Նա կոչ արեց պատգամավորներին քվեարկության միջոցով հավանություն տալ ծրագրին։

Տեսանյութեր

Լրահոս