«Հալեպում բացված մարդասիրական միջանցքներից հայեր չեն օգտվում, ուստի հայեր չկան զինյալների բացած կրակի թիրախում». Սելիմյան

«Սիրիայում զինյալների բացած կրակի թիրախում հայեր չկան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Նշենք, որ սիրիական ԶԼՄ-ները տագնապալի լուրեր են տարածում այն մասին, որ Սիրիայում զինյալները կրակ են բացում նրանց ուղղությամբ, ովքեր որոշել են հեռանալ Հալեպից մարդասիրական միջանցքներով, որոնք ստեղծել են ռուս զինվորականները «մարդասիրական դադարի» շրջանակներում։ «Ջաբհաթ Ֆատհ աշ-Շամ» և «Ահրաշ աշ-Շամ» խմբավորումների կրակի թիրախում են հայտնվել ինչպես խաղաղ բնակիչները, այնպես էլ այն զինյալները, որոնք որոշել են վայր դնել զենքը։

Տեղեկացնենք, որ Բաշար Ասադի բանակը միջանցքներ է բացել Բուստան ալ-Կասր թաղամասի երկու հատվածներում և Կաստելլո ճանապարհի շրջանում, որտեղ մարդկանց սպասում են ավտոբուսներ՝ անվտանգ վայրեր տեղափոխելու համար։ Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» տևելու է մինչև ժ. 20:00-ն։ Այս ժամանակահատվածում դադարեցվելու են ռազմական գործողությունները։ Ենթադրվում էր, որ քաղաքը կարող են լքել ապստամբներն ու ջիհադիստ զինյալները, սակայն վերջինները հրաժարվել են հեռանալ արևելյան Հալեպից։ Նախապես ենթադրվում էր, որ «մարդասիրական դադարը» կտևի միայն 8 ժամ, սակայն ՄԱԿ-ը քննադատել էր այդ որոշումը՝ հայտարարելով, որ Հալեպի խաղաղ բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է նվազագույնը 12-ժամյա հրադադար։

Հարություն Սելիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հալեպում կա մի միջանցք, որը Արևելյան Հալեպը միացնում է այն հատվածին, որը գտնվում է սիրիական իշխանության վերահսկողության տակ։ «2-3 օր առաջ սիրիական կառավարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ բոլոր այն սիրիացիները, որոնք Արևելյան հատվածում են՝ ԴԱԻՇ-ի հսկողության տակ, և ցանկանում են ձերբազատվել այդ վտանգից, կարող են իրենց զենքերը վայր դնել, վերադառնալ Հալեպ քաղաքի ներքին հատված, որն իշխանության տնօրինության տակ է։ Այդ միջանցքներով այն սիրիացին, որն անցնում է, ԴԱԻՇ-ը գալիս և հարվածի տակ է առնում, թիրախավորում նրանց, հասկանալի է, թե ինչու»,- ասաց Սելիմյանը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ հայերի հետ կապված խնդիր չկա։ «Արևելյան Հալեպում հայ բացարձակապես չկա։ Այս ճանապարհից հայերը չեն օգտվում»,- հստակեցրեց նա։

Այս պահին, նրա խոսքով, Հալեպում ընդհանուր հանդարտ իրավիճակ է, վտանգ, սպառնալիք առայժմ չկա։ «Բայց իրավիճակը նաև սպասողական է, քանի որ հրադադար էր հայտարարված, որից հետո ինչ կլինի դեռ հստակ չէ»,- ասաց Սելիմյանը։

Տեսանյութեր

Լրահոս