Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Հյուսիսատլանտյան դաշինքը

Արևմտյան երկրների առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, բազմաթիվ գաղթականների ներհոսքն ու ծայրահեղականության աճը, շարունակում են լարվածության մեջ պահել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏO): Ի հավելում դրան, վերջին շրջանում Ռուսաստանի որդեգրած նոր ագրեսիվ քաղաքականությունը մեկ այլ փորձություն է դաշինքի համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջերս ընդհատված ռուս-ամերիկյան պայմանագիրը միջուկային և էներգետիկ ոլորտներում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ այդ երկրների երկկողմանի հարաբերություններում առկա լարվածության վառ ապացույց է:

Արևելյան Ուկրայինայում անջատողականներին ցուցաբերվող Ռուսաստանի աջակցությունն ու 2014 թվականի Ղրիմի բռնակցումը լարվածություն են ստեղծել ռուս-ամերիկյան հարաբերություններում, որն էլ մեծապես նպաստել է պայմանագրի ընդհատմանը: Արևմտյան երկրները մեծապես անհանգստացած են այն փաստից, որ վերջերս Ռուսաստանը Իսկանդեր-Մ տեսակի հրթիռներ տեղադրեց Լիտվային ու Լեհաստանին սահմանակից Կալինինգրադում՝ ներկայացնելով դա որպես սովորական զորավարժություններ: Այս զինատեսակը տեխնիկապես կարող է հագեցված լինել միջուկային հրթիռներով:

Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ գործողություններով Ռուսաստանը նպատակ ունի ապակայունացնել Հյուսիսատլանտյան դաշինքը:

«Նրանք փորձում են գտնել խոցելի տեղեր՝ օգտագործելով պառակտումներն ու տարաձայնությունները: Նպատակներն են ամրապնդել սեփական ազդեցությունը տարածաշրջանում ու խափանել ինտեգրման գործընթացը: Կարծում եմ դրանով Մոսկվան փորձում է հավաստիացնել, որ իր առաջարկած մոդելն ամենահարմարն է Բալկանյան տարածաշրջանի համար», ասում է «Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետ Դեյմոն Վիլսոնը:

ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Անդերս Ռասմուսենն ասում, որ Ռուսաստանը նախկին ռազմավարական գործընկերոջից վերածվել է ռազմավարական մրցակցի: Ղրիմի բռնակցմամբ այն ստեղծել է բացարձակ այլ մթնոլորտ Եվրոպայում, որը պետք է հարմարվի այս նոր իրականությանը:

«Մենք պետք է կոշտ դիրքորոշում որդեգրենք Ռուսաստանի հարցում: Պուտինը փորձում է իրեն ներկայացնել որպես ուժեղ առաջնորդ, բայց միևնույն ժամանակ նա հարգանքով է վերաբերվում կոշտ դիրքորոշմանն ու մոտեցումներին: Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք»:

Սակայն ՆԱՏՕ-ի ապագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից: Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակի դեպքում նախապայմաններ է դնելու դաշինքի անդամ երկրների առջև՝ հարձակումներից նրանց պաշտպանելու դիմաց, իսկ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է ամբողջապես աջակցել դաշինքին: Եթե վերջինս դրժի իր խոստումը դա կարող է վերածվել, ինչպես նա է ասում, «վտանգավոր նախադեպի»:

Տեսանյութեր

Լրահոս