«Հայաստանը կտրուկ կերպով պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը». Գևորգ Մելիքյան

Հարցազրույց ՄԱՀՀԻ-ի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ

– Պարոն Մելիքյան, վերջերս մի քանի ուշագրավ հայտարարություն եղավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախ` ԱՄՆ պետքարտուղար Քերին նշեց, որ նախագահները պատրաստ չեն կարգավորման։ Սրան հաջորդեց Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթն այն մասին, որ Ադրբեջանին փակ դռների ետևում ճնշում են` ճանաչել ԼՂ անկախությունը։ Օրերս նա նաև հարցազրույց է տվել` նշելով, որ չի բացառվում Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը։ Նա տեղեկացրել էր նաև, թե` «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»։ Կարծիքներ կան, որ գործընթացը լիովին փակուղում է։ Դատելով այս հայտարարություններից` ի՞նչ կարող ենք եզրակացնել` որտե՞ղ է գտնվում կարգավորման գործընթացը ներկայիս փուլում։

– Ինձ մոտ ևս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորան գործընթացը փակուղում է։ Բայց ադ փակուղին երեկվա կամ այսօրվա խնդիր չէ։ Իրավիճակն այդպիսինն է եղել տարիներ շարունակ, քանի որ կողմերը չեն կարողացել և չեն կարողանում գտնել կարգավորման մի այնպիսի տարբերակ, որը կգոհացներ իրենց հավակնությունները։ Հայկական կողմն ունի իր պատկերացումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, Ադրբեջանը` իր պատկերացումները, կան նաև արտաքին խաղացողներ, որոնք էլ իրենց պատկերացումներն ունեն։

Ոմանք շատ են կարևորում արտաքին խաղացողների դերակատարությունը կարգավորման հարցում, սակայն, ըստ իս, եթե իսկապես լիներ ցանկություն հակամարտող երկրների էլիտաների կողմից, ապա հնարավոր կլիներ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, որի արդյունքում չէին լինի այն զոհերը, լարվածությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում ղարաբաղաադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին։ Ղարաբաղյան հակամարտությունը, իրականում, հայկական կողմի խնդիրն է։

Ադրբեջանը շարունակում է իր ակտիվ արտաքին քաղաքականությունը, որը ներառում է ինտենսիվ ինտեգրացիոն գործընթաց և Արևմուտքի հետ, և վերջին 3-4 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ, ինչը հասկանալիորեն Հայաստանում զայրույթ, մտավախություն է առաջացնում, քանի որ կան մտայնություններ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը կարող է որոշակիորեն ստորադասել Հայաստանի շահերը կամ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար հետագայում, ինչի ականատեսն ենք մենք լինում զենքի վաճառքի ոլորտում։ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում բոլոր ոլորտներում` թե՛ արտաքին, թե՛ ներքին, թե՛ տնտեսական, ինչն իրեն դարձնում է ավելի ընկալելի տարբեր խաղացողների համար։ Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը մանևրում է։

Մենք փաստացի դարձել ենք հիմնականում միայն ԼՂ-ի խնդրով կամ ցեղասպանության միջազգային ճանաչմամբ առաջնորդվող մի պետություն, որը միջազգային հանրության համար այլ առաջարկներ չունի։ Ուստի, պետք է փորձենք մի փոքր դուրս գալ այս պրիզմայից` արտաքին քաղաքականություն վարելու սովորույթից։

Դուք նշեցիք, որ Ալիևը չի բացառել ԵՏՄ անդամակցությունը։ Նա նշել է, որ, եթե այդ կառույցը լինի արդյունավետ, միգուցե Ադրբեջանը կարողանա դառնալ այդ միության մաս։ Օրինակ` այստեղ պետք է հարց ուղղել մեր հայ պաշտոնյաներին, ովքեր պնդում էին, թե Ադրբեջանը երբեք չի կարող լինել ԵՏՄ-ի մաս, քանի որ ՀՀ-ն ունի իր վետոյի իրավունքը ԵՏՄ-ում։ Հարցը հետևյալն է` արդյո՞ք հայկական կողմը կբարձրաձայնի, որ դեմ է լինելու այդ երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին, այսինքն` ունի՞ այդքան համարձակություն և դիրք` այդ հարցը բարձրաձայնելու և Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությանը խոչընդոտելու համար։

Հայկական կողմն այս անգամ որևէ կերպ չանդրադարձավ Ալիևի դիտարկումներին, չեղավ գոնե անդրադարձ այն մասին, որ բացառվում է Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը։ Այսինքն` խնդիրը Հայաստանի մեջ պետք է փնտրել, դա Հայաստանի հարցն է։ Ադրբեջանն անում է այն, ինչ կարող է անել, օգտագործում է իր հնարավորությունները` հօգուտ իրեն։ Խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում իրեն այդ թնջուկի մեջ, ունի՞ այդ ռեսուրսները, քաջությունը, տեսլականը, թե ինչպես պետք է վարվի արտաքին խաղացողների հետ։ Այս ողջ թնջուկում ամենամեծ խնդիրը դրված է Հայաստանի վրա, ինքն է իր վրա այդ բեռը վերցրել։ Հայաստանի առջև ծառացել է նոր մարտահրավեր` քաղաքականապես դավաճանե՞լ ՌԴ-ին, թե՞ չդավաճանել։

– Հասկանալով, որ ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխություններ ներկայումս չեն նշմարվում, Հայաստանի շուրջ ինտենսիվ զարգացումներ են ընթանում թե Մերձավոր Արևելքում, թե ռուս-թուրքական հարաբերությունների, թե ԼՂ հակամարտության, թե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոնտեքստում` ի՞նչ հետևանքների կարող է Հայաստանին ու ԼՂ խնդրի կարգավորմանը հասցնել այս քաղաքականությունը։

– Չեմ ցանկանում հոռետեսական դինամիկայի տեսանկյունից խոսել։ ՀՀ-ն կտրուկ պետք է փոխի իր արտաքին քաղաքական վեկտորները, պետք է կարողանա հստակություն մտցնել իր հարաբերություններում թե՛ ԵՄ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԵՏՄ-ի և թե՛ ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում` տպավորություն կա, որ հաճախ կան չասված, չքննարկված հարցեր, որոնք ի հայտ են գալիս, երբ խնդիրներ են առաջանում։

Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ։ Եթե այս մասին հարցնենք ՀՀ նախագահի աշխատակազմի կամ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներին, կասեն, որ ամեն ինչ ավելի քան հստակ է, բայց Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը մինչև վերջ հավատարիմ չէ իրեն և կարող է ամեն պահի ուկրաինական սցենարով առաջ շարժվել, եվրոպական կողմը վստահ չէ, որ հայկական կողմն ամեն պահի կրկին չի հրաժարվի բանակցվող փաստաթղթից, ինչի ականատեսը դարձանք 2013թ.-ին, ՀԱՊԿ-ի անդամները վստահ չեն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չի զարգացնի, թեև Հայաստանը չի հայտարարում անդամակցության ցանկության մասին, բայց շարունակում է ինտենսիվ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև` խորացնելով տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

Հայկական կողմը սա համարում է կոմպլեմենտար քաղաքականությո՞ւն։ Արտաքին աշխարհում սա դիտարկվում է` որպես խուսանավող քաղաքականություն, ինչը Հայաստանը բացատրում է իր աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ Բայց սա իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության խորապես չմշակվածության հետևանքն է` ռազմավարական պլանավորում, սցենարների մշակում իրականացված չէ, խնդիրներին տրվում են իրադարձային լուծումներ, դրանք էլ հանգեցնում են խնդիրների գործընկերների հետ, քանի որ Հայաստանը շատ արտաքին խաղացողների համար ընկալվում է անկանխատեսելի գործընկեր։ Պետք է լրջորեն մտածել այս հարցերի շուրջ։

– Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմն ակտիվորեն ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեղադրում էր Թուրքիային Ադրբեջանին հրահրելու և իրավիճակը լարելու մեջ։ Ի՞նչ էր նշանակում այս հայտարարությունը։

– Ուղիղ մեկ տարի առաջ Ռուսաստանը Թուրքիային մեղադրում էր աշխարհի բոլոր մահացու մեղքերի մեջ, շատերը նույնիսկ ուրվագծում էին ռուս-թուրքական հերթական պատերազմ։ Տեսանք, որ բոլորովին այլ ուղղությամբ զարգացան իրադարձությունները, ինչը գոնե ինձ համար սպասելի էր։ Ռուսաստանն այսօր ինտենսիվ կերպով զարգացնում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հեռու եմ այն կարծիքից, որ այստեղ կրկին տարածքներ հանձնելու խնդիր է դրված, կարծում եմ, որ ՌԴ-ի համար ներկայումս Հարավային Կովկասի ամրացումն ավելի ձեռնտու է, քանի որ կա սիրիական խնդիր, կա ԱՄՆ-ի հետ լուրջ հակամարտություն։

Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հայաստանը որոշակիորեն ներգրավվեր ռազմական կամ տնտեսական առումով տարբեր պրոյեկտների մեջ, բայց ինչ-որ բաներ զիջելով։ Շատ բարդ ակնարկ է արել Լավրովը։ Հայկական կողմն անմիջապես պատասխանեց, որ դա հնարավոր չէ, հայկական կողմն է որոշում, թե ով է ներգրավվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Սա պրովոկացիոն հայտարարություն էր Լավրովի կողմից, նա արեց դա` շատ լավ հասկանալով, թե ինչպիսի արձագանք կլինի Հայաստանի կողմից։ Սա արվեց երևի թե ավելի շատ Թուրքիային ցույց տալու համար, որ Ռուսաստանը պահելու է պայմանավորվածությունները, որ Թուրքիան ներգրավված է լինելու այս գործընթացներում, բայց միևնույն ժամանակ` ՌԴ-ն հղում կանի հայկական կողմին` գիտակցելով, որ հայկական կողմը կմերժի։ Այս հայտարարության հասցեատերը Թուրքիան էր։

– Այս զարգացումները, ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում ներքաղաքական իրադարձությունները համադրելով` ի՞նչ պետք է ակնկալել շփման գծում սպավող իրավիճակից։ Կան մեկնաբանություններ, որ նոր պատերազմական գործողությունները սարերի ետևում չեն։

– Ղարաբաղաադրբեջանական սահմանը միշտ է եղել լարվածության մեջ։ Ես համարել եմ, որ գլոբալ պատերազմի հավանականությունը ցածր է, թեև ապրիլյան պատերազմը շատերի համար առիթ դարձավ պնդելու, որ սխալ էին այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ լայնամասշտաբ գործողություններ հնարավոր չեն։ Հնարավոր է, գուցե ես սխալվել եմ, բայց կրկին համոզված եմ, որ մեծ պատերազմ, լայնամասշտաբ գործողություններ, որի արդյունքը պետք է լինի Ղարաբաղի` Ստեփանակերտի, կապիտուլյացիան, որը կփոխի հակամարտության ողջ պատկերը, չի լինի։

Նման պատերազմը շատ գլոբալ կլինի, ինչը որևէ տարածաշրջանային երկիր չի կարողանալու հաղթահարել։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ադրբեջանական ենթակառուցվածքները, ներդրումային ծրագրերը, ամբողջ տնտեսական դաշտը դրվում է հարվածի տակ, իսկ Ադրբեջանն այն պետություններից է, որի հարստանալու միակ աղբյուրը տնտեսությունն է, Ադրբեջանը չունի նորարարական մոտեցումներ, նորագույն տեխնոլոգիաների ինդուստրիա, և այլն, և այլն։ Իրենց ֆինանսական աղբյուրները ստացվում են նավթի, գազի վաճառքից, ինչպես նաև` Ադրբեջանի տարանցիկ դիրքից։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը վտանգի տակ դնի այդ ամենը։

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի նման կամ դրանից փոքր կամ ավելի լայնածավալ գործողությունների հավանականությանը, ապա նման հնարավորություն միշտ էլ եղել է, որովհետև Ադրբեջանի վարքագիծը դարձել է անկանխատեսելի, որի մեղավորներից մեկն էլ հայկական կողմն է, որն իր պահվածքով այնպես է անում, որ Ադրբեջանն իր տեսակետն ու մոտեցումներն անխոչընդոտ առաջ տանի, և հայկական կողմը չունի լծակներ, որով կարող է ազդել Ադրբեջանի վրա, ուստի միգուցե ապրիլյան տիպի միջադեպեր լինեն, բայց գլոբալ պատերազմ ես բացառում եմ։ Այստեղ խնդիրը հետևյալն է` արդյո՞ք հայկական կողմը դասեր քաղել է տեղի ունեցածից` քաղաքական, դիվանագիտական առումով, կփոխի՞ իր մարտավարությունն ու մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում։ Եթե ոչինչ չի փոխելու, ապա, իհարկե, նման միջադեպեր կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս