Բաժիններ՝

«Կառավարության ծրագիրը չափելի և շոշափելի է». Արմեն Ռուստամյան

Կառավարության նոր ծրագիրն արտացոլում է ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համաձայնագիրը, որը ժամկետային չէր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Գրեթե 90% և ավելի համաձայնագրի դրույթներն արտացոլված են»,- ասաց նա:

Ըստ նրա` կառավարության ծրագիրը 6-ամսյա չէ, դրանում տարբեր ժամկետներ կան, քննարկման ուղղությունը եղել է այն, որ համաձայնագրին և իրավիճակին համապատասխանի, որպեսզի քայլերը լինեն իսկապես հակաճգնաժամային բնույթի, որ իրականությունն այնպիսին է:

Թե 6-ամսյա ժամկետում ի՞նչ խնդիր է լուծվելու, Ա. Ռուստանյանը կրկնեց, որ միայն 6-ամսյա ծրագիր չէ, երկարաժամկետ խնդիրներ էլ կան.

«Սրանով չի կաշկանդվել ծրագիրը, և ճիշտ է արել վարչապետը: Երկիրը իրավահաջորդ պետք է ունենա, շարունակություն ունենա, չի կարող միայն այդ կարճ ժամկետի համար ծրագիր լինել»:

Ըստ նրա` եթե վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը ձախողվի, ապա դա կլինի ոչ թե ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ձախողումը, այլ ամբողջ երկրի ձախողումը:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է այս ծրագիրը տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից, Ա.Ռուստամյանը պատասխանեց.

«Շատ բաներով է տարբերվում, նախ`  արտացոլում է մեր հուշագիրը գրեթե ամբողջությամբ, բացի այդ՝ շատ կոնկրետություններ կան, որ չափելի, շոշափելի են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս