Տաղ՝ ձոնված ծրագրանկարիչներին

Մենք գրելու հետ սեր ունեցող ժողովուրդ ենք։ Գրում ենք և՛ հենց այնպես՝ գրելու համար՝ անունը դնելով ոտանավոր կամ պատմվածք, գրում ենք նաև վերևներին՝ ի  տեղեկացում։ Այսինքն՝ գրում ենք ինչպես՝ բառադի, այնպես էլ՝ ի գործ։ Տալու ու ստանալու իմաստով։ Մենք գրել ենք և՛ մագաղաթի ժամանակներում, և՛ դրանից առաջ՝ քարերին, հետո՝ նաև Սովետի քարահոտ թղթերին, հիմա՝ արդեն օդում՝ վիրտուալ, անգո գրակրիչներին։ Մենք գրածոներից ավելի շատ բառադիները ու բառադիների մեջ պալատապաշտ անտաղանդությունները սիրող ենք ու իսկական գրողների վրա գրող ու հանձնող ենք, ընդհանուր առմամբ։ Պատմագենետիկորեն։ Կամ հակառակը։

Մենք ոչ միայն բառադի ու մատնագիր ենք գրում, այլ առաջամարտիկ ենք հատկապես ծրագրելու գործում։ Մենք ծրագրում ենք հարևանին խաբելիքն ու բարեկամից «քցելիքը», ու նաև մեր լացը՝ բռնվելու դեպքում։ Ծրագրում ենք ոչ թե ուղղակի վարունգի բերքը, այլ մարինադի նաղդումից ստանալիքը, ու աղոթում ենք, բնականաբար, ոչ թե հոնի առողջ պտուղների, այլ քաշելիք արաղի վախտվա շաքարի էժանության համար։ Մենք չծնված թոռան ընդունվելիք ինստիտուտի ֆակուլտետն ու ավարտելուց հետո պետական գործի տեղավորումը ծրագրող ժողովուրդ ենք։ Ու նաև ռուսի «блядь»-ին ընկալունակ ժպտալու ու ամերիկացու «fuck»-ին ամոթխած գլխահակելու պահը ծրագրավորող ժողովուրդ ենք։ Ինչպես և Ղարաբաղը տալու-չտալու ախպերափայ օգուտը հանրայինից ավելի սրտացավորեն հաշվող ժողովուրդ ենք, ու այդմով՝ հավեժական պատերազմի գերադասումը ծրագրավորող էլիտա։ Քյաշով։

Քյաշը, ընդհանրապես, մեզ մոտ լավ է ստացվում ծրագրել։ Առանձնապես՝ ուրիշինը։ Կլինի համաշխարհային բանկի՝ ճամփա շինող կամ հանք պայթեցնող վարկ, կամ էլ թե՝ հարկատուից քերթված բիզնեսահարկ։ Կարևորը՝ շինելն է ու քերթումը։ Չէ՞ որ մենք քերթողահայրեր ունեցող ժողովուրդ ենք նաև։ Ու Վասակի արածն էն մյուսի չարածից դուզգյունի չտարբերող, ընդհանուր առմամբ։

Մենք ապագան հատկապես սիրող ու դետալապես ծրագրող ժողովուրդ ենք, մի խոսքով։ Որպես կանոն՝ հանրային ներկայի հաշվին ու ողբերգական անցյալի ծիսական ոգեկոչմամբ, իհարկե։ Բայց կարևորը, որ հատկապես ծրագրողների, առանձին վերցրած ծրագրողների ներկան դառնում է ապագայի պայծառ տեսակից ավելի շողշողուն ու եդեմական երազից ավելի երանելի։

Ասում են՝ համակարգչային ծրագրավորումը մեզ մոտ զարգանում է անգամ ծրագրավորողների քնած ժամանակ ու այնպիսի խորությամբ, որ, եթե երկիրը դրախտավայրի փոխարեն քարանապատ էլ դառնա, մերոնցից ամեն մեկը մի քար կգտնի ու իր ծրագիրը կուղարկի սիլիկոնյան բայթագետնի ստացողներին։ Մեր գրասեր ու հատկապես ծրագրասեր լինելու ևս մեկ ապացույց։

Մեր գրերի ու հատկապես ծրագրերի մեծ մասը, եթե մատնագրերի զոհ դարձած անգերեզման հանճարների գրածները չեն, հիմնականում չեն կարդացվում, որովհետև առանձնապես կարդալու բան չեն։ Չնայած, մեր ծրագրողներից հատկապես շնորհքովները հաջողացնում  են եվրոպական ու ամերիկյան բարձրահարկերում աշխատող միջինից բարձր հրահանգիչներին կարդալ տալ ու միջազգային անտեր փողերից մի քանի կոպեկ քերել՝ ներքին քերթումների մատյանները պլպլացնելու հարիֆ նպատակով։

Մենք գրելու հետ սեր ունեցող ժողովուրդ ենք։ Առանձնապես՝ թվագրերի ու ստացումագրերի։ Ներքին ու արտաքին։ Կարևորը՝ հասցեաբար ստացվող ու անհասցե վատնվող։ Կարևորը՝ ծրագրով ու ծրագրից մի ստորակետ անգամ չսեկվեստրվելով…

Մի քանի օրից հանրապետականներից չբաղկացած ու դաշնակներից բաղկացած կառավարությունը ներկայացնելու է գործունեության ծրագիրը։ Խմողաց անուշ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս