Ռուսական ֆինանսական կապիտալը զիջում է դիրքերը Հայաստանում

2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ, գրեթե բոլորը սկսեցին գուշակություններ անել` հայաստանյան 21 առևտրային բանկերից ով կմնա համակարգում, ով դուրս կգա։

Բանկերի վերջնաժամկետը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է։ Այսինքն, ժամանակի մեծ մասն արդեն անցել է, և շատ բան արդեն պարզվել է։ Բանկերի թիվն արդեն կրճատվել է 2-ով («ՊրոԿրեդիտ բանկը» գնվեց«Ինեկոբանկի» կողմից, իսկ «Հայէկոնոմբանկն» իրեն միացրեց «ԲՏԱ»-ն)։

Եվ ահա, վերջնաժամկետից 2.5 ամիս առաջ պարզ դարձավ, որ հայաստանյան բանկային համակարգը լքող երրորդ բանկն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»  բանկն է։ Հիշեցնենք, նախ` ռուսաստանյան մամուլը գրեց, որ «Գազպրոմբանկ» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ գնորդը հայաստանյան «Արդշինբանկն» է։ Իսկ 2 օր առաջ` հոկտեմբերի 11-ին,«Արդշինբանկը» պաշտոնապես հաստատեց այս լուրերը։

«2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։ Հաջորդ փուլով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին»,- նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Պարզ ասած, «Արդշինբանկը» կուլ է տալիս «Առէկսիմբանկին»։ Իսկ դա, մեղմ ասած, անսպասելի էր։

Ճիշտ է, «Առէկսիմբանկն» իր վարկային պորտֆելով, ավանդներով և մնացած ցուցանիշներով` առաջատարների մեջ չէ։ Ավելին, բանկի ընդհանուր կապիտալը պահանջվող 30 մլրդ դրամի փոխարեն` 8 մլրդ էր (2016թ. առաջին կիսամյակի վերջին)։ Սակայն քչերն էին կասկածում, որ «Առէկսիմբանկի» կապիտալը հեշտությամբ կհամալրվի պակասող 22 մլրդ դրամով` մայր-ընկերության շնորհիվ։ Կատակ բան չէ, ռուսաստանյան   «Գազպրոմբանկի» ակտիվները 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ գերազանցում էին 5 տրիլիոն ռուբլին, իսկ սեփական կապիտալը` 520 մլրդ ռուբլին։ Այսինքն, «Գազպրոմբանկի» միջոցները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայաստանյան բոլոր բանկերինը` միասին վերցրած։

Գլխավոր հարցը ցանկությունն էր` ցանկանո՞ւմ է արդյոք «Գազպրոմբանկըը» շարունակել իր ներկայությունը ՀՀ ֆինանսական շուկայում` ի դեմս «Առէկսիմբանկի»։ Այս հարցն էլ վերջերս կարծես պատասխան ստացավ։ 2016թ. սեպտեմբերի 7-ին Banks.am-ը հրապարակեց ՀՀ բանկերի ծրագրերը` 2017-ին ընդառաջ։ Խոսքը վերաբերում էր հենց նորմատիվային կապիտալի պահանջին։ Կայքի հարցմանն ի պատասխան` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերությունից նշել էին, որ բանկի նորմատիվային կապիտալի ապահովման հետ կապված` առկա է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ խորհրդի համապատասխան որոշում, և բանկը շարունակելու է գործել ՀՀ բանկային համակարգում։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ինքնուրույն` առանց մայր ընկերության հետ ճշտելու, նման հայտարարություն դժվար թե աներ։ Սա նշանակում է, որ «Գազպրոմբանկը» սկզբում մտադիր է եղել պահպանել իր հայաստանյան դստերը, իսկ հետո փոշմանել է։

Տարօրինակը հենց սա է` ընդամենը 1 ամսում մտափոխվելը։ «Առէկսիմբանկը» վաճառելու որոշումը, այսպիսով, հանկարծակի է եղել։ Իսկ դա նշանակում է, որ առկա է ինչ-որ լուրջ պատճառ, որի մասին դժվար թե իմանանք։

Այս պատմությունը հակասական է մեկ այլ առումով ևս։ Հայաստանն արդեն շուրջ 2 տարի ԵԱՏՄ անդամ է, ինչը նշանակում է, որ այս ընթացքում պետք է խորանար ինտեգրացիան` նաև ֆինանսաբանկային ոլորտում։ Շատերը սպասում էին, որ հատկապես ԿԲ որոշումից հետո ռուսական կապիտալը կփորձեր մտնել հայաստանյան շուկա` գործող բանկերից որևէ մեկը գնելու կամ նոր բանկ հիմնելու միջոցով։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Հակառակը` ռուսաստանյան կապիտալով գործող երկու բանկերից մեկը լքում է ՀՀ բանկային համակարգը։

Ռուսաստանյան կապիտալով աշխատող մյուս բանկը` ՎՏԲ-Հայաստանը, առայժմ նման մտադրություն չունի։ Ի դեպ, սեպտեմբերի 30-ին ՎՏԲ 24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը, պատասխանելով 168.am-ի հարցին` «Արդեն 1.5 տարուց ավելի է, ինչ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչո՞ւ ռուսական խոշոր բանկերը հետաքրքրություն չեն ցուցաբերում ՀՀ բանկային համակարգի հանդեպ», այսպիսի պատասխան էր տվել. «Ինձ թվում է` ՎՏԲ բանկի գործունեության զարգացումը Հայաստանում հենց հստակ օրինակ է և վկայում է այստեղ ռուսական բանկային համակարգի հետաքրքրվածության մասին։ Սակայն հայկական շուկան փոքր է, և չեն կարող բոլոր ռուսական բանկերն այստեղ գործունեություն ծավալել։ Սա օբյեկտիվ իրականություն է»։ Ստացվեց, որ հայաստանյան բանկային շուկան փոքր է և չի կարող տեղավորել ոչ միայն նորեկներին, այլ հենց գործող բանկերից մի քանիսին։

Թե որքանո՞վ է վաճառվել «Առէկսիմբանկը», չի հրապարակվել և դժվար էլ հրապարակվի` հաշվի առնելով նախորդ երկու բանկային գործարքները։ Գումարը դժվար թե չափազանց մեծ լինի, քանի որ, ինչպես նշեցինք, «Առէկսիմբանկը»,  առաջատարների մեջ չէր և կապիտալի համալրման լուրջ խնդիր ուներ։ Բայց կարող ենք ենթադրել, որ այդ գումարը չափվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարներով։

Տեսակետներ են հնչում, որ, ամեն դեպքում, տեղի է ունեցել կապիտալի արտահոսք` մի կլորիկ գումար անցնում է Ռուսաստան`  «Գազպրոմբանկ»։ Սակայն նման պնդում անելը միանշանակ չէ` պայմանավորված գործարքի բնույթով։ Բանն այն է, որ առաջին փուլով «Առէկսիմբանկի»,  սեփականատեր է դարձել ոչ թե` «Արդշինբանկը», այլ` ռուսաստանաբնակ գործարար Կարեն Սաֆարյանը` իր «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի միջոցով։ Այսինքն, ինչ-որ առումով, ոչ թե հայկական կապիտալն է արտահոսել Ռուսաստան, այլ ռուս-հայկական կապիտալն է տեղաշարժվել։

Մյուս կողմից` հարցին կարելի է նայել լրիվ այլ տեսանկյունից։ Մենք կարծես սովորել ենք, որ ռուսական կապիտալն է միշտ այստեղ ինչ-որ բաներ ձեռք բերում (հատկապես` էներգետիկ համակարգում)։

Իսկ այժմ տեղի է ունենում հակառակը` ֆինանսական ոլորտի լուրջ ընկերություններից մեկը վերադարձվում է հայկական «տիրույթ»։ Ու, որ առավել հատկանշական է, այն վերադառնում է «Գազպրոմի»  հետ փոխկապակցված ընկերությունից։ Այն նույն «Գազպրոմի», որը վերջին տարիներին մշտապես ամրապնդել է իր ներկայությունը Հայաստանում։

Կարճ ասած, «Առէկսիմբանկի» ձեռքբերումն «Արդշինբանկի» կողմից, ինչ-որ առումով, կարելի է համարել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում (ու ընդհանրապես տնտեսության մասշտաբով) ռուսական կապիտալի թուլացում և հայկական կապիտալի ամրապնդում։

Տեսանյութեր

Լրահոս