«Դեֆոլտի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղտեխնոլոգիա է». Լեռնիկ Ալեքսանյան

«Հայաստանի տնտեսությունը, իմ կարծիքով, աստիճանաբար ավելի շատ ինտեգրվելով Եվրասիական տնտեսության հետ, ինչքան էլ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում լինի, մեր տնտեսության վրա աստիճանաբար դրական ազդեցություն կունենա։ Ես նման համոզմունք ունեմ և քաղաքական դրդապատճառներով չեմ ասում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ մերժելով մոտ ապագայում դեֆոլտի հնարավորությունը։

Հիշեցնենք, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնացող «իրական տնտեսական աղետի` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ» հրապարակմամբ այսօր ահազանգել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ըստ Լ.Ալեքսանյանի՝ եթե մենք մեր պետական կառավարման համակարգի, շուկայական հարաբերությունների մեջ կարգ ու կանոն մտցնենք, նման վտանգի առաջ չենք կանգնի։

«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի գիտելիքներին միշտ հարգանքով եմ վերաբերվում, բայց քաղաքական հայտարարությունը մնում է քաղաքական հայտարարություն»,- ասաց  ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը վերջին ՏԻՄ ընտրություններում բավականին բացասական արդյունքներ է ունեցել, և այս հայտարարությունը համապետական ընտրություններից առաջ կիրառվող քաղտեխնոլոգիա է։

Տեսանյութեր

Լրահոս