«Քանի դեռ Հայաստանը ռուսական քաղաքական, տնտեսական ու ռազմական տարածքի մասն է, տնտեսության դիվերսիֆիկացիան անհնար է». Աշոտ Եղիազարյան

ՀՀ նախագահի հովանավորությամբ Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայացավ «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ը, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: Սա բավականին կարևոր համաժողով էր, որին կողմերը երկար էին պատրաստվել։ Սակայն հաշվի առնելով ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունն ու հայաստանյան ներդրումային դաշտի փխրունությունը՝ նման համաժողովների արդյունավետությունը որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են առնում։ 168.am-ը համաժողովի հնարավոր արդյունքների մասին զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ։

Պարոն Եղիազարյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունքների կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման փորձերը, այդ թվում՝ նման համաժողովները, հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը և ներդրումային դաշտում առկա խոչընդոտները։

– Այն, որ ԱՄՆ-ը, մասնավորապես՝ ԱՄՆ ներդրողները, շատ բարյացակամ են տրամադրված Հայաստանում գործունեություն ծավալելու, ներդրումներ կատարելու հարցում, ակնհայտ է։ Բայց այն, որ նրանք պետք է զգույշ լինեն, քանի որ ՀՀ-ում ներդրումներ անելը ռիսկային է, նույնպես փաստ է։ Այդ ռիսկը մեծապես պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ։ Կազմելով այդ տնտեսական տարածքի մաս, ըստ էության, Հայաստանը մաս է ռուսական քաղաքական ու ռազմական, տնտեսական տարածքի, և քանի որ Ռուսաստանի դեմ կիրառվում են միջազգային պատժամիջոցներ, ինքնին նշանակում է, որ Հայաստանում ներդրումները նույնպես ռիսկային են։ Իսկ ներդրողներն իրենց հաշվարկներում, անշուշտ, ելնում են նրանից, որ համապատասխան ռիսկեր գոյություն ունեն։ Այս իմաստով՝ չեմ կարծում, որ այս պահը չափազանց նպաստավոր է ներդրումներ կատարելու համար։ Իրավիճակը կարող է փոխվել մեկ դեպքում, երբ ՀՀ-ն իսկապես ազատ տնտեսական քաղաքականություն կարողանա իրականացնել։

Համաժողովը նաև հայկական կողմի նախաձեռնությունն էր, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն ցանկանում է դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական դաշտը, հարաբերությունները խորացնել ԱՄՆ-ի հետ։ Որքանո՞վ է անկեղծ, ըստ Ձեզ՝ այս ցանկությունը։

Իհարկե, կա անկեղծ ցանկություն, և տրամաբանական է, որ կա նման ցանկություն, այլապես երկրի զարգացումը հնարավոր չէ ապահովել։ Բայց մեկ բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը։ Կարծում եմ, որ դրան պետք է հետևեն որոշակի քաղաքական քայլեր, որպեսզի իսկապես ներդրումները Հայաստանում երաշխավորված լինեն, այդ դեպքում ցանկությունն իրագործելի կլինի։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան իրավական բազա։ ԱՄՆ-ի հետ կա Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, ԱՄՆ-ի հետ պետք է Կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ևս կնքվի, սրանք քայլեր են, որոնք պետք է արվեն։ Սակայն սրանք նույնպես բավարար չեն անհրաժեշտ մթնոլորտը և երաշխիքները ստեղծելու ուղղությամբ։ Բավարար երաշխիքները կարող են ամբողջանալ, եթե Հայաստանը շրջանակային համաձայնագիր կնքի նաև ԵՄ-ի հետ, կարողանա առավել ինքնուրույն լինել Իրանի հետ հարաբերություններում, այսինքն՝ մասնակից դառնա տարածաշրջանային նախագծերին։ Համակարգային միջոցառումներ իրականացնելու դեպքում, իհարկե, կարող ենք խոսել դիվերսիֆիկացման մասին, ինչը հզոր ազդակ կլինի նաև ամերիկյան և ընդհանրապես օտարերկրյա ներդրողների համար։ Քանի դեռ այս քայլերը չեն նախաձեռնվում, ներդրողների համար երաշխիքներ չկան, նրանք, բնականաբար, հաշվարկում են իրենց ռիսկերը, և այստեղ գործում են այն ռիսկերը, որոնք կապված են ՌԴ տնտեսության հետ, որովհետև այս պահին մենք իսկապես ՌԴ տնտեսական, քաղաքական և ռազմական տարածքի մի մասն ենք։

Եթե ընդունենք, որ հայկական կողմն այդ երաշխիքները ստեղծում է։ Սովորաբար Հայաստանի դեպքում լինում է ռուսական սահմանափակում այն բոլոր քայլերի դեպքում, որոնք կարող են թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։ Սակայն մի շարք ռուս փորձագետներ նշում են, որ Ռուսաստանը, հասկանալով իր տնտեսական վիճակի բարդությունը, անհուսալիությունը՝ չի սահմանափակի Հայաստանին։ Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս չեն լինելու սահմանափակումներ։

– Ես չեմ հավատում այդ պնդումներին։ Փորձում են հեռացնել այս հարցում պատասխանատվության ռուսական բաժինը, փորձում են նաև ապացուցել, որ իրենք սահմանափակող, արգելակող դեր են խաղում, բայց նրանք այդ դերը կշարունակեն խաղալ, քանի որ Հայաստանն իրավապայմանագրային պարտավորություններով է կապված Ռուսաստանին։ Քանի դեռ այդպես է, դիվերսիֆիկացիան դառնում է անհնար։ Խնդիրը դրանում է, ուստի փորձում են ցույց տալ, որ Հայաստանից է կախված, Հայաստանը պետք է լուծի խնդիրները։ Այսինքն՝ իրենցից փորձում են հեռացնել այդ ողջ պատասխանատվությունը։ Բայց այդ կոռուպցիան և այլ խնդիրները հետևանք են այն բանի, որ Հայաստանը կազմում է ռուսական տնտեսական, քաղաքական, ռազմական տարածքի մասը։

Տեսանյութեր

Լրահոս