Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորում, իսկ Կարապետյանը` մտահոգվում

Մեր զրուցակիցն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը

– Տիկին Մինասյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՆԱ 10% աճի կապակցությամբ, այնուհետև նոր վարչապետի նշանակումից հետո պարզվեց, որ մեր տնտեսությունը բավականին ծանր իրավիճակում է գտնվում: Կարեն Կարապետյանի գնահատականի և Պուտինի շնորհավորանքի այս հակասությունն ինչո՞վ եք բացատրում:

– Ես կարծում եմ, որ ավելի շատ մեկնաբանության խնդիր է, որովհետև մենք իսկապես դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճ ունենք, և դրանում է շնորհավորանքը, որ մենք մեր արտահանումն էականորեն ավելացրել ենք, և դա տեղի է ունեցել ԵԱՏՄ շրջանակներում: Հենց դա է այդ խոսակցության հիմնական թեման եղել, որովհետև, երբ մենք քննարկում ենք մեր երկրների միջև հարաբերությունները, խոսում ենք, թե առևտուրն ինչքանով է շատացել, որն էլ իրականում ցույց է տալիս տնտեսական համագործակցության մակարդակը:

– Թեև արտահանումն այս տարի որոշակի աճել է, սակայն անցած տարի կտրուկ նվազել էր փոխարժեքի տատանումների հետևանքով:

Կարդացեք նաև

– Պետք է դիտարկել ոչ թե թվային, այլ ծավալային առումով: Մենք կարող ենք վերահաշվարկ անել, բայց իրականությունը նայեք` ապրանքի արտահանման ծավալներն ավելացել են, և այդ պոտենցիալը դեռևս ամբողջությամբ իրագործված չէ, այն շատ մեծ է, ու շրջանառությունը կավելանա:

– Բայց շատ հայ արտադրողներ դժգոհում էին, որ ռուսական ռուբլու անկման հետևանքով Ռուսաստանում գնողունակությունն է ընկել, և հայկական ապրանքներն ավելի թանկ ու ոչ մրցունակ են դարձել:

– Երբ արժութային ճգնաժամ է տեղի ունենում, ժամանակ է պետք, որ գները գան իրենց նորմալ մակարդակին, և առաջարկն ու պահանջարկը բալանսավորվեն: Դրա համար սկզբնական շրջանում արտահանողների բողոքը նրա հետ էր կապված, որ փոխարժեքն արդեն փոխվել է, բայց գները դեռևս մնացել են նույնը: Հիմա իրավիճակը կարգավորվում է, և պոտենցիալը մեծ է:

Իհարկե, Ռուսաստանի շուկան ահռելի է Հայաստանի համար, նաև բելառուսական, ղազախական և ղրղըզական շուկաներ մեր գործարարները դեռևս շատ չեն գնում, թեև կարգավորումներն արդեն կան: Մենք պետք է մեր արտադրության ծավալներն ավելացնենք, արտադրողականությունը բարձրացնենք, որ գնանք այդ շուկաներ ևս: 180 մլն-անոց շուկան Հայաստանի համար մեծ պոտենցիալ է, և, եթե կարողանանք համապատասխան որակի ու ծավալների ապրանք արտադրենք, շահավետ կլինի: Հիմա փոքր ծավալների դեպքում տեղափոխման ծախսերը բարձր են ստացվում, մեծ ծավալների դեպքում տրանզակցիոն ծախսերը կնվազեն: Բայց, իհարկե, կան նաև որոշ խոչընդոտներ, որ մեր քննարկման օրակարգում են, կապված տրանզիտի հետ: Կարծում եմ` մոտակա ժամանակներս դրանք էլ լուծում կստանան:

– Եթե Վերին Լարսում խնդիրը պահպանվում է, լուծում դեռ չի գտնվել, սահմանափակ թվով մեքենաներ են անցնում, տեխնիկապես ո՞րն է այդ ապրանքաշրջանառության ծավալն ավելացնելու հնարավորությունը:

– Վերին Լարսի թողունակությունն իսկապես սահմանափակ է: Եվ դրա համար մեզ հավանաբար հարկավոր է ավելի կազմակերպված մոտենալ այս խնդրին, այսինքն` առաջին հերթին՝ ուղարկել մեքենաների այն հոսքերը, որոնք տեղափոխում են արագ փչացող ապրանքներ, որպեսզի դրանք արագ հասնեն ռուսական շուկա ցամաքային ուղիով: Իսկ այն ապրանքները, որոնց պահպանման ժամկետը երկար է, կարելի է փոխադրել այլ ուղիներով: Դա լոգիստիկայի հարց է, տրանսպորտային և արտահանման հոսքերի կառավարման հարց է, որը դեռ պետք է քննարկել, որովհետև այսօր Լարսով անցնող բեռների քանակը դեռևս չափազանց մեծ չէ: Հարկավոր է նաև վերացնել վարչական խոչընդոտները, որպեսզի մեքենաներն արագ անցնեն և չկուտակվեն մաքսակետում:

Կամաց-կամաց ներդրվում են մեկ պատուհանի մեխանիզմները և, կարծում եմ, որ 1-2 տարի հետո իրադրությունը կփոխվի: Արդեն հիմա նախնական տեղեկացման մեխանիզմները սկսել են աշխատել, այսինքն` բիզնեսը կարող է նախապես հայտարարագրել իր ապրանքը, թե ուր է ուղևորվում, որպեսզի մաքսակետում ձևակերպումն արագ կատարվի: Մենք Հայաստանի բիզնեսի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, քննարկում և լուծում ենք բոլոր  հարցերը, որ ծագում են: Գիտեք, վերջին շրջանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով խնդիրները շատ էին՝ սահմանափակումների հետ կապված: Այս բոլորն աշխատանքային հարցեր են, որոնք աշխատանքային կարգով լուծվում են:

– Գրեթե մեկ տարի առաջ ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանն այն ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների առևտրում անցնել անդամ երկրների արժույթով հաշվարկների` արտարժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունից խուսափելու համար: Ի՞նչ եղավ այդ առաջարկը, ինչո՞ւ մինչ օրս պատասխան չի հնչել:

– Գիտեք, իրականում արտարժութային ինտեգրումը շատ բարդ հարց է, որովհետև որպես կանոն՝ այն հետևում է ապրանքաշրջանառության զգալի ավելացմանը: Եթե մենք դեռևս չունենք առևտրի բավարար մեծ ծավալներ, և մեր երկրները հիմնականում աշխատում են արտաքին շուկաների համար, որոշակի առումով նրանք դեռևս պատրաստ էլ չեն անցնելու այդ մեխանիզմներին: Որովհետև ամեն դեպքում, բոլոր հաշվարկներն արվում են դոլար/եվրո փոխարժեքին (кросс-курс) համապատասխան:

Պետք է հրաժարվել դրանից և ներդնել արժութային փոխգործակցության բոլորովին ուրիշ մեխանիզմներ, որոնք ներդնելն այնքան էլ հեշտ չէ, և, երբ դեռ ապրանքաշրջանառությունը բավարար մեծ չէ, լիովին արդարացված չէ: Այդ պատճառով հարկավոր է ինտեգրման այս փուլն անցնել մի քանի տարում, շատ արագ ավելացնել ապրանքների հոսքը, և դրանից հետո միայն սկսել ավելի առարկայական քննարկումներ՝ արտարժութային ինտեգրման մասին: Մինչ այս հարկավոր է կառավարել ռիսկերը: Արտադրողներին ոչ ոք չի պարտադրում ազգային արտարժույթով պայմանագրեր կնքել:

– Բայց ոչ ոք դա չի անում:

– Այո, ոչ ոք չի անում, որովհետև և՛ այս կողմին, և՛ մյուս կողմին շահավետ չէ պայմանագիր կնքել ռուսական ռուբլիով, որովհետև հումքն արտարժույթով է: Մեր հայկական արտադրողներին նույնպես շահավետ է պայմանագրերը կնքել արտասահմանյան արժույթով, որովհետև հումքը հիմնականում երրորդ երկրներից է: Այսինքն` այստեղ խնդիրը երկկողմանի է, և պետք է կոնկրետ գործարքները նայել: Թեև արդեն դիտարկվում և քննարկվում է հումքային պայմանագրերն ազգային արժույթով կնքելու հարցը, բայց եթե արժույթն ընկնի, հակառակ արդյունքը կլինի: Այստեղ ռիսկերը շատ դինամիկ են:

Տեսանյութեր

Լրահոս